Անվանի թեթեւատլետ եւ մերսող Լյուդվիգ Մելիքյանը 80 տարեկան է
Հուլիսի 27-ին լրացավ հայկական սպորտում, մասնավորապես ֆուտբոլում մեծ վաստակ ունեցող, ՀՀ վաստակավոր մարզիչ, 110 մ արգելավազքում ԽՍՀՄ չեմպիոն, Հայաստանի բազմակի չեմպիոն, հայտնի մերսող Լյուդվիգ Մելիքյանի ծննդյան 80-ամյակը: Չնայած պատկառելի տարիքին, այսօր էլ նա պահպանել է կենսախնդությունն ու եռանդը: Նրան հաճախ կարելի է հանդիպել մարզադաշտումՙ ֆուտբոլային հանդիպմանն ուշի-ուշով հետեւելիս, ինչպես ժամանակին էր, երբ խաղադաշտում ելույթ էր ունենում որդինՙ «Արարատի» լավագույն ֆուտբոլիստներից մեկըՙ Բաբկեն Մելիքյանը:
Վարդենիսում ծնված Լյուդվիգ Մելիքյանը պատանեկան տարիքից հրապուրվել է սպորտով, զբաղվել է վոլեյբոլով, բասկետբոլով, լողով, դահուկավազքով, ազգային կոխ ըմբշամարտով: 1947-ին դարձել է կոխ ըմբշամարտի Հայաստանի չեմպիոն, հաջորդ տարի գրավել է 2-րդ տեղը: 1950-ին ընդունվելով ֆիզկուլտուրայի տեխնիկում, մասնագետների խորհրդով մասնագիտացավ թեթեւ ատլետիկայում, հիմնականումՙ արգելավազքում: 1953-ին Երեւանում անցկացվեցին գյուղական մարզիկների միութենական մրցումներ, որտեղ Մելիքյանը 110 մետրը հաղթահարելով 14,6 վրկ-ում, նվաճեց ԽՍՀՄ չեմպիոնի տիտղոսը: Հաջորդ տարի նա արդեն Անդրկովկասի չեմպիոն հռչակվեց, ընդգրկվեց ԽՍՀՄ հավաքականի կազմում եւ պատրաստվում էր 1956-ին Մելբուռնում կայանալիք ամառային օլիմպիադային: Այդ ընթացքում հայ թեթեւատլետը հասցրեց նվաճեց նաեւ Չինաստանի բաց առաջնության հաղթողի կոչումը:
Սակայն ցավոք մարզական բախտը երես թեքեց Լյուդվիգից: Տաշքենդում նա ոտքի վնասվածք ստացավ ու Մելբուռնի փոխարեն հայտնվեց Մոսկվայի օրթոպեդիայի կլինիկայում: Այստեղ նա ծանր վիրահատության ենթարկվեց, ինչն էապես փոխեց նրա կյանքի ուղինՙ մարզիկից վերածվելով մարզական մերսողի:
«Հավաքների ընթացքում մեզ հետ աշխատող մերսողներից շատ բան էի սովորել: Մոսկվայի հիվանդանոցում որոշ չափով կազդուրվելուց հետո հաճույքի համար մերսում էի հիվանդներին: Ինձ բուժող բժշկուհի Զոյա Միրոնովան նկատելով դա, առաջարկեց որպես մերսող աշխատել հիվանդանոցում: Երկու ամիս աշխատեցի, հետո վերադարձա Երեւան ու աշխատանքի անցա թեթեւ ատլետիկայի մարզադպրոցում որպես մարզիչ, միաժամանակ կատարելով նաեւ մերսման աշխատանքներ: Եվ ահա 1969-ին «Արարատի» պետ Էդուարդ Գրիգորյանը, որ ինձ լավ էր ճանաչում, միջնորդեց թիմի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պոնոմարյովին ինձ աշխատանքի ընդունելու: Այսպես հայտնվեցի «Արարատում» ու սկսեցի մերսել ֆուտբոլիստներին, նրանց նախապատրաստել հանդիպումներին: 1973-ի «Արարատի» հաջողության համար ես էլ արժանացա դիպլոմի ու ոսկե մեդալ պետք է ստանայի, սակայն թիմի պետ Ռոբերտ Ծաղիկյանն իմ մեդալը նվիրեց Կոգանինՙ Անտոն Քոչինյանի փեսային: 30 տարի անց, «Արարատ-73»-ի կրկնակի հաջողության 30-ամյակի առթիվ «Հրազդան» մարզահամալիրի տնօրեն Աշոտ Աղաբաբյանն ինձ անվանական ոսկե մեդալ նվիրեց», վերհիշում է անվանի վետերանը:
Այո, անցյալ դարի 70-ականների «Արարատի» հաջողություններում իր ներդրումն է ունեցել Հայրիկիչը, ինչպես նրան դիմում էին արարատցիները: Առանց չափազանցության կարելի է ասել, որ նա կյանք է տվել ֆուտբոլիստներին, երկրորդ ծնող ու շտապօգնություն է եղել նրանց համար: Լյուդվիգ Մելիքյանը շուրջ 10 տարի աշխատել է «Արարատում» տարբեր մարզիչներիՙ Ալեքսանդր Պոնոմարյովի, Նիկոլայ Գլեբովի, Նիկիտա Սիմոնյանի, Վիկտոր Մասլովի, Իոսիֆ Բեցայի, Արկադի Անդրեասյանի, Արմեն Սարգսյանի հետ: Յուրաքանչյուրն ուներ իր աշխատաոճը: Բայց առանձնակի հաճույք է ստացել Նիկիտա Սիմոնյանի հետ աշխատելուց, քանի որ վերջինս ըստ Մելիքյանի, վերին աստիճանի բանիմաց ու համեստ անձնավորություն էր, որեւէ մեկին չէր նեղացնում:
Լյուդվիգ Մելիքյանը մերսել է նաեւ Մոսկվայի օլիմպիադային նախապատրաստվող հայ մարզիկներինՙ բռնցքամարտիկներ Խորեն Ինջեյանին, Իսրայել Հակոբկոխյանին, Սամսոն Խաչատրյանին, Էդուարդ Ազարյանին, Յուրի Վարդանյանին: Շատ է օգնել նաեւ մեր անվանի թեթեւատլետ Ռոբերտ Էմիյանին, որը նվաճեց Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը:
«Ֆուտբոլային մերսողը պետք է քաջատեղյակ լինի վնասվածքների տեսակներին, գիտենա, թե որ դեպքում է թույլատրվում մերսում կատարել: Շատ կարեւոր է նաեւ հոգեբանորեն տղաներին խաղին նախապատրաստելը: Խաղադաշտ մտնելուց կես ժամ առաջ հարկավոր է տաքացնել մկանները, որպեսզի դրանք էլաստիկ դառնան, պատրաստ լինեն դիմանալ ծանրաբեռնվածությանը», նշում է անվանի մասնագետը:
Այսօր էլ Լյուդվիգ Մելիքյանը շփվում է ֆուտբոլիստների, անվանի վետերանների հետ: Արարատցիներն էլ նրա հետ կապը չեն խզել: Լեւոն Իշտոյանը, Սերգեյ Բոնդարենկոն, Արմեն Սարգսյանն ԱՄՆ-ից Երեւան ժամանելուց անպայման այցելում են Հայրիկիչին, միասին վերհիշում անցած-գնացած երանելի օրերը:
Իսկ «Արարատ-73»-ի լեգենդար ավագ Հովհաննես Զանազանյանը ջերմ խոսքեր հղեց հոբելյարի հասցեին. «Լյուդվիգ Մելիքյանի հետ երկար տարիներ եղել ենք «Արարատում»: Դրանք մեր ամենահաջող տարիներն էին, որի ընթացքում ֆուտբոլիստների մի հիանալի սերունդ աճեց: Եվ այդ աճի հարցում իր մեծ ներդրումն ունեցավ նաեւ Լյուդվիգըՙ որպես մերսող: Նա հիանալի էր աշխատում թիմի բժիշկ Վահագն Օրդյանի հետ: Կարելի է ասել, նա թիմի 12-րդ խաղացողն էր: Բարի մարդ է եւ ավագի, նույնիսկ ծնողի իրավունքով ամեն հարցում մեզ հետ էր, մեր խորհրդատուն էր: Ապրում էր թիմի հոգսերով: Խիստ հետեւում էր ֆուտբոլիստների ռեժիմի պահպանմանը: Երեկոյանՙ քնի ժամին, մտնում էր բոլոր սենյակները, հետեւում, թե ով է քնած, ովՙ ոչ: Նա մանկավարժ հոգեբան էր: Լինելով մեծ մարզիկ, լավ էր հասկանում յուրաքանչյուրիս հոգեբանությունը: Այսօր էլ նա մեզ համար լավ ընկեր է, լավ բարեկամ: Պատահական չէ, որ նա այսօր ունի լավ ընտանիք, լավ զավակներ, որոնցից Բաբկենը նույնպես անվանի ֆուտբոլիստի համբավ վայելեց: Մեր բոլորի սիրելի Հայրիկիչին մաղթում եմ քաջառողջությունՙ շնորհավորելով ծննդյան 80-ամյակը»:
Մենք եւս միանում ենք «Արարատի» ավագի բարեմաղթանքներին ու շնորհավորում Լյուդվիգ Մելիքյանին: