«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#142, 2010-07-30 | #143, 2010-07-31 | #146, 2010-08-17


ԼՂՀ ԵՎ ՀՀ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԸ ՍՏՈՐԱԳՐԵԼ ԵՆ ՀՈՒՇԱԳԻՐ

Անցյալ շաբաթ ԼՂՀ տնտեսական զարգացման նախարար Կարեն Եսայանը եւ Հայաստանի էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը Ստեփանակերտում փոխըմբռնման հուշագիր են ստորագրել եւ ընդունել ոլորտային համագործակցության ծրագիր:

Ներսես Երիցյանը հույս է հայտնել, որ համագործակցության շրջանակներում հայաստանյան գործարարները, հատկապես ՓՄՁ ոլորտի ներկայացուցիչները, Արցախում անելիքներ կունենան: Հուշագրում ներառված հարցերը նախարարությունը մինչ այդ քննարկել է Հայաստանի բիզնես միջավարի հետ եւ համապատասխան շահագրգռվածություն է նկատել: Համենայն դեպս, ըստ էկոնոմիկայի նախարարի, ԼՂՀ-ում գործունեություն ծավալելու նպատակադրությամբ հայաստանյան գործարարներ են հրավիրվելու Արցախ, որպեսզի նրանք կարողանան տեղում ծանոթանալ միջավայրին:

ԼՂՀ տնտեսական զարգացման նախարար Կարեն Եսայանի խոսքով, Արցախի տնտեսությունն արտերկրին ճանաչելի դարձնելն առայժմ հնարավոր է միայն Հայաստանի միջոցով, եւ համագործակցության ակտիվացումն այս տեսանկյունից եւս կարեւորվում է:

Առեւտրի բնագավառում Եվրոմիության հետ տարվող բանակցություններն անպայման կազդեն Արցախի տնտեսության վրա, համոզված են ոլորտի պատասխանատուները: Առաջիկայում տնտեսության զարգացման նպատակակետը կդառնա որակյալ եւ մրցունակ արտադրանքի թողարկումը, քանի որ Եվրոմիության եւ Հայաստանի միջեւ ակնկալվող առեւտրային հարաբերություններով ձեւավորվելու են նոր չափանիշներ, որից զերծ չպիտի մնա նաեւ Արցախը:

Այցի շրջանակներում երկու նախարարները հանդիպումներ են ունեցել ԼՂՀ կառավարությանն առընթեր զբոսաշրջության վարչությունում եւ Արցախի պետհամալսարանում, որտեղ զրուցել են ճգնաժամային ու հետճգնաժամային խնդիրների կարգավորման շուրջը:

Հայաստանից ժամանած մասնագետներն այցելել են տարբեր ձեռնարկություններ, ծանոթացել դրանց արտադրական հնարավորություններին, իսկ Ստանդարտացման, չափագիտության եւ սերտիֆիկացման կենտրոնում փոխանցել են իրենց հետ բերած սարքավորումները:

ԿԻՄ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ, Ստեփանակերտ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4