«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#142, 2010-07-30 | #143, 2010-07-31 | #146, 2010-08-17


7 ԲՈՒՀ ԿՓԱԿՎԻ

ՀՀ կրթության եւ գիտության նախարարությունում օրերս կայացած «Կրթական ծրագրերի իրականացման լիցենզավորման հանձնաժողովի» հերթական նիստում քննարկելով նախարարի հրամաններով ձեւավորված աշխատանքային խմբերի ստուգումների արդյունքները եւ նախարարության աշխատակազմի լիցենզավորման վարչության եզրակացությունները ու լսելով համապատասխան բարձրագույն մասնագիտական կրթության ծրագրեր իրականացնող կազմակերպությունների պատասխանատուների պարզաբանումները, փակ, գաղտնի քվեարկությամբ որոշվեց ամբողջությամբ կասեցնել 7 բարձրագույն մասնագիտական կրթական ծրագրերի լիցենզիաների գործողությունը: Դրանք ենՙ Ռուս-հայկական ժամանակակից հումանիտար ինստիտուտը, «Մյուդ» իրավաբանական ինստիտուտը, Արմավիրի «Արարատ» համալսարանը, «ԷյԱյ Յու» Արիա միջազգային համալսարանը, «Վանեվան» ինստիտուտը, Արտաշատի «Արտաշատ» համալսարանը:

Մինչ այդ արդեն դադարեցվել էր Մոնթե Մելքոնյանի անվ. համալսարանի լիցենզիայի գործողությունը: Առանձին մասնագիտությունների գծով կասեցվել են Երեւանի «Մենեջմենթի», «Գալիք», Լորիս Քալաշյանի անվ. հայկական բաց համալսարանի, Ավետիք Մկրտչյանի անվ. տնտեսա-իրավագիտական, Երեւանի «Էկոլոգիայի տնտեսագիտության եւ իրավունքի հայկական ինստիտուտի», «Երեւանի մշակույթի համալսարանի» լրագրություն, օտար լեզու եւ գրականություն, իրավագիտություն, ֆինանսներ, թարգմանչական գործ եւ այլ բակալավրի ու մագիստրոսի կրթական ծրագրերը:

Նախարարությունը խոստանում է, որ կապահովի տվյալ կրթական ծրագրերում ընդգրկված բոլոր ուսանողների կրթության իրավունքըՙ հնարավորություն ստեղծելով իրենց կրթությունը շարունակելու ոչ պետական եւ պետական բուհերի նույն կամ հարակից մասնագիտությունների համապատասխան կուրսերում, լրացուցիչ քննություններ հանձնելուց հետո:

Մ. Մ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4