Դեպի չքնաղ Լոռի: Արշավականներիս խումբը սկզբում ուղեւորվեց դեպի Դսեղ: Դեբեդ գետի աջափնյա սարահարթի վրա է գտնվում Դսեղը, որտեղ ծնվել է մեծ բանաստեղծ Հովհաննես Թումանյանը: Գյուղի մի գողտրիկ անկյունում է տեղակայված Հ. Թումանյանի տուն-թանգարանը, որը Եղիշե Չարենցի անվան գրականության եւ արվեստի թանգարանի մասնաճյուղերից է: Ռոզա Ղազումյանը ` տուն-թանգարանի վարիչը, տեղեկացրեց, որ տարեկան ունենում են 8-9 հազար այցելու` հազվադեպ օտարերկրացիներ: Թանգարանն ունի 159 հիմնական ցուցանմուշ: Շենքային պայմանները բարվոք վիճակում են, թանգարանը միայն մասնակի վերանորոգման կարիք ունի:
Լոռու մարզի մոտավորապես արեւելյան մասում է ընկած Լոռվա ձորը, որտեղով հոսում է Դեբեդը: Ռ. Ղազումյանի փոխանցմամբ` «Լոռվա ձոր» հայրենակցական միությունը հենց Լոռվա ձորում պատրաստվում է հիմնել «Լոռվա մեծերի այգին», որտեղ տեղադրվելու են Հրանտ Մաթեւոսյանի եւ Հովհաննես Թումանյանի հուշարձանները:
Քայլարշավ դեպի Քառասնից մանկանց վանք
Դուրս գալով թանգարանից` արշավականներս շարժվեցինք դեպի «Տախտեր» կոչվող վայրը, որտեղ էլ գտնվում է Դսեղի Քառասնից մանկանց վանքը: Ցավոք, եկեղեցին հիմա կիսավեր վիճակում է. պահպանվել են միայն չնչին մնացորդները: Այն կառուցվել է 13-րդ դարում, նախկինում ունեցել է ժամատուն, կացարաններ եւ օժանդակ շինություններ:
Այստեղ բնության ու հոգեւորի ներդաշնակությունը կրկին անգամ հիշեցնում են, որ բնությունից հեռանալով` հեռանում ես ինքդ քեզնից: Քաղաքային քաոսն ու կյանքի արագ ռիթմը ժամանակի ընթացքում ստիպում են մոռանալ աստվածային ճշմարտությունը` մարդը բնության մի մասնիկն է: Երբ մոտենում ես բնությանը, այն բնությանը, որը մարդու ձեռքը դեռեւս չի հասցրել աղճատել, այդժամ բացահայտում ես քո ճշմարտությունը` ինչքան քիչ բան է պետք երջանիկ լինելու համար:
Ամեն անգամ, երբ արշավներից վերադառնում եմ Երեւան, մեր քաղաքն ինձ «քարե ջունգլի» է թվում:
Վանաձորի միջով վերադառնում ենք Երեւան
Վանաձորում առաջին զրուցակիցներիս հանդիպեցի Ս. Աստվածածին եկեղեցու բակում: Վանաձորի բնակիչներ 27-ամյա Հրանտն ու 29-ամյա Արտյոմն իրենց կանանց հետ եկեղեցի էին եկել: Նրանք դժգոհեցին քաղաքի պայմաններից: Վանաձորի երիտասարդության ամենամեծ խնդիրն աշխատանք գտնելն է: «Երտասարդները չեն ուզում ապրել Վանաձորում, նույնիսկ նրանք, ովքեր աշխատանք ունեն ձգտում են կա՛մ Երեւան տեղափոխվել, կա՛մ ընդհանրապես հեռանալ Հայաստանից», ասաց Արտյոմը :
Տեր Ներսես քահանա Ղազարյանը ` Ս. Աստվածածին եկեղեցու հոգեւոր սպասավորը, նշեց, որ Վանաձորում մարդիկ հիմնականում զբաղված են առեւտրով: Ինչ վերաբերում է քաղաքի հոգեւոր կյանքին, Տեր Ներսեսի խոսքով` մարդիկ սկսել են ավելի շատ գալ եկեղեցի: Աղանդավորների թիվն էլ, բարեբախտաբար, չի ավելանում: «Վանաձորում, սակայն, հոգեւոր գրականության ու հոգեւորականների պակաս է նկատվում: Մայր Աթոռից ստանում ենք հոգեւոր գրականություն, բայց քաղաքի համար դա բավարար չէ», հավելեց Տեր Ներսեսը:
Ի. Պ., Դսեղ-Վանաձոր-Երեւան