ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց Գերմանիայից Երեւան ժամանած WBA, WIBF եւ WBO վարկածներով գերթեթեւ քաշային կարգում բռնցքամարտի աշխարհի չեմպիոն, հայազգի Սյուզի Քենտիկյանին եւ նրա մենեջեր, գերմանացի Քրիստոֆ Վեշեին: Նախարարը ողջունեց հյուրերին եւ ասաց, որ շնորհակալ է Գերմանիայի Դաշնային Հանրապետությանը, որ օտարերկրացիներին հնարավորություն է տալիս այնպիսի հաջողությունների հասնել, ինչպես դա արել է Սյուզի Քենտիկյանը: Պարոն Վեշեն նշեց, որ Գերմանիայի քաղաքական էլիտան հետաքրքրված է հայուհի բռնցքամարտիկով եւ որ ինքը` որպես Սյուզիի մենեջեր, շահագրգռված է, որ վերջինս հնարավորությունների սահմաններում մասնակցի նաեւ Հայաստանում կազմակերպված ծրագրերի` այդպիսով ամրապնդելով Հայաստան-Գերմանիա կապերը:
Քննարկվեց «Հայաստանի կյանքի ծառ» (Lebensbaum Armenien) նախագիծը, որի մասն է կազմում նաեւ Սյուզի Քենտիկյանը: Առաջարկվում էր նախագծում ընդգրկել ոչ միայն Հայաստանը, այլեւ ամբողջ աշխարհի հայությունը: Նախարար Հ. Հակոբյանը ողջունեց նաեւ Սյուզի Քենտիկյանի համար Երեւանում բռնցքամարտի մենամարտ կազմակերպելու միտքը: Հանդիպման վերջում ՀՀ սփյուռքի նախարարը հյուրերին հրավիրեց մասնակցել «Արի տուն 2010» ծրագրի 4-րդ խմբի մեկնարկի համար կազմակերպված միջոցառմանը:
Մ. Մ.