«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#143, 2010-07-31 | #146, 2010-08-17 | #147, 2010-08-18


ԱՆՆԱԽԱԴԷՊ ՈՐՈՇՈՒՄ. ԾԵՐԱԿՈՒՏԱԿԱՆՆԵՐԸ ԿԸ ԽԱՓԱՆԵՆ ԱՏՐՊԷՅՃԱՆԻ ԵՎ ԹՈՒՐՔԻՈՅ ՄՕՏ ԱՄՆ ԴԵՍՊԱՆՆԵՐՈՒ ՆՇԱՆԱԿՈՒՄԸ

Երբ սենատորներն (ծերակուտականները- Խմբ.) իրենց աննախադէպ որոշմամբ խափանեցին նախագահի կողմից առաջադրուած դեսպանների թեկնածութիւնը ինչպէս Ադրբեջանում, այնպէս էլ Թուրքիայում, Բարաք Օբամայի վարչակազմը շատ անյարմար վիճակի մէջ յայտնուեց:

Անտեսելով բոլոր նախազգուշացումները, որ Սենատում Բաքուի եւ Անկարայի համար առաջադրուած թեկնածուներ Մեթիու Բրայզան եւ Ֆրենսիս Ռիկիարդոնը լուրջ ընդդիմութեան են հանդիպելու, վարչակազմը դրսեւորեց փորձառութեան եւ առողջ դատողութեան իսպառ բացակայութիւն:

Սպիտակ տունը, պետքարտուղարութիւնը եւ Սենատի Արտաքին յարաբերութիւնների յանձնաժողովը նախօրօք համաձայնուել էին այդ երկու թեկնածուներին արագօրէն դեսպան նշանակելՙ նախքան Սենատի անդամների ամառային արձակուրդի մեկնելը, մինչեւ Սեպտեմբերի կէսերը: Բրայզան այնքան ինքնավստահ էր, որ ստանձնելու էր Բաքւում իր նոր պաշտօնը Օգոստոսի սկզբներին, որ անգամ պատրաստութիւններ էր տեսել Վաշինգտոնում իր բնակարանը վարձակալութեան տալու համար:

Ի տարբերութիւն հրապարակուած զեկոյցների, ամերիկահայ համայնքը Բրայզայի թեկնածութեանը չընդդիմացաւՙ ելնելով զուտ իր շահադիտական նկատառումներից: Հիմնական հարցը, որը բարձրացուեց Հայ Դատի յանձնախմբի կողմից այն էր, թէ արդեօք Բրայզան կարող է Միացեալ Նահանգների շահերը պատշաճօրէն ներկայացնել Բաքւում: Արտաքին յարաբերութիւնների յանձնաժողովում թեկնածուի սուր քննադատութիւնը պայմանաւորուած էր ինչպէս նրա, այնպէս էլ նրաՙ թուրքական ծագում ունեցող, «Հուդսոն» հիմնարկի աշխատակից կնոջ կողմից պաշտօնական դիրքի չարաշահման բազմաթիւ մեղադրանքների առկայութեամբ: Բրայզա ամուսիններին քննադատեցին ադրբեջանցի եւ թուրք պաշտօնեաների հետ ունեցած «չափազանց ջերմ» կապերի եւ Ստամբուլում կայացած նրանց հարսանիքի առիթով այդ անձանցից ստացած նուէրների համար:

Մեթիու Բրայզայի հաստատման համար անցկացուած լսումների ժամանակ նրա խուսափողական եւ անբաւարար պատասխանները դրդեցին սենատոր Բարբարա Բոքսերին, յանձնաժողովի նախագահ սենատոր Ջոն Քերիից խնդրել մինչեւ Սեպտեմբերի կէսերը յետաձգել նրա հաստատումը: Այդ ընթացքում, Միացեալ Նահանգների պաշտօնեաները եւ ուրիշներ հնարաւորութիւն կ,ունենան հանգամանօրէն ուսումնասիրել յանձնաժողովում լսումների ժամանակ ծագած հարցերը: Եթէ սենատորները գտնեն, որ Բրայզային ներկայացուած մեղադրանքները բաւարար հիմնաւորում չունեն նրա թեկնածութիւնը մերժելու համար, ապա նա կարող է հաստատուել որպէս ԱՄՆ յաջորդ դեսպան Ադրբեջանում: Սակայն, եթէ խախտումներն առկայ են, ապա աւելի լաւ է, որ դրանք ի յայտ գան այժմ, այլ ոչ թէ նրան Բաքւում նշանակելուց յետոյՙ Օբամայի վարչակազմը զերծ պահելով սկանդալային բացայայտումներից եւ դժուարութիւններից:

Միւս կողմից, Թուրքիայում ԱՄՆ դեսպանի թեկնածու Ֆրենսիս Ռիկիարդոնի ընտրութիւնը «թղթի վրայ» թւում էր կատարեալ: Նա արտաքին ծառայութիւնների գծով 32 տարուայ մեծ փորձառութիւն ունի, աշխատել է որպէս փոխդեսպան Աֆղանստանում, ինչպէս նաեւ Թուրքիայում եւ վարժ տիրապետում է թուրքերէնին:

Ցաւօք, Ռիկիարդոնի դէմ մի կարեւոր մեղադրանք կայ, որը Օբամայի վարչակազմի կողմից անխոհեմաբար անտեսուեց: Նէոպահպանողականների կողմից սուր բողոքներ հնչեցին, որ 2005-2008 թուականներին Ռիկիարդոնը Եգիպտոսում դեսպանի պաշտօնում աշխատելու ժամանակ չի կարողացել աջակցել Բուշի վարչակազմիՙ այդ երկրում ժողովրդավարութեան ու մարդու իրաւունքների պաշտպանութեանը նպաստելու թոյլ ջանքերին: Նէոպահպանողականները գիտակցելով, որ վարչակազմը ականջալուր չէ իրենց առարկութիւններին, փորձեցին խափանել նրա թեկնածութիւնը: Սենատոր Սեմ Բրաունբակը Ռիկիարդոնի թեկնածութեան վրայ «կասեցում» (hold) դրեց, Արտաքին յարաբերութիւնների յանձնաժողովի կողմից նրա հաստատումից յետոյՙ խափանելով նրա նշանակումը Սենատի լիագումար նիստի կողմից:

«Foreign Policy» ամսագիրը յայտնել է, որ Ռիկիարդոնի քննադատները կարծում են, որ «նրա ուժեղ անհատականութիւնը եւ յաճախ կոպիտ խօսելաոճը վատ խառնուրդ են իրեն առաջարկուած նոր պաշտօնի համար, միաժամանակ նա հակուած է շատ մտերմանալու օտար թիմակիցների հետ»: Ամսագիրը նաեւ մէջբերել է «American Enterprise Institute»ի փոխնախագահ Դանիէլա Պլետկայի խօսքերը. «Այժմ, մեզ համար այն պահը չէ մի այնպիսի դեսպան ունենալ Թուրքիայում, որն աւելի շատ շահագրգռուած է տեղական բռնակալներին ծառայել, քան ներկայացնել իր վարչակազմի շահերը»:

Ադրբեջանում եւ Թուրքիայում ԱՄՆ դեսպանների հաստատման խափանումը գրաւել է Վաշինգտոնի, Բաքուի եւ Անկարայի ուշադրութիւնը: Ամերիկեան, ադրբեջանական եւ թուրքական խոշոր թերթերը մեղադրել են ամերիկահայ համայնքին եւ Հայ Դատի յանձնախմբինՙ Բրայզայի թեկնածութիւնը ձախողելու համար: Վաշինգտոնում լոյս տեսնող հեղինակաւոր «Politico» ամսագիրը հաղորդում է, որ Բրայզան բախուել է «Հայ Դատի յանձնախմբիՙ լոբբիստական խմբի դիմադրութեանը»: «AzerNews Weekly»ն Բրայզայի հարցով մեղադրում է«հայկական Սփիւռքինե, իսկ Թուրքիայի խոշորագոյն «Hurriyet» թերթը հաղորդում է, որ Բրայզայի թեկնածութիւնը յետաձգուել է «ի պատասխան հայկական լոբբիստական խմբերի ճնշումների»:

Ըստ որոշ լրատուամիջոցների, Օբամայի վարչակազմը չի ցանկանայ իր քաղաքական կապիտալն օգտագործել այս թեկնածուներին փրկելու համար: Կոլումբիայի համալսարանի Հարաւային Կովկասի գծով փորձագէտ Լինքոլն Միտչելը «Ազատութիւն» ռադիօկայանին ասել է, որ չի կարծում, թէ Օբամայի վարչակազմը պատրաստւում է պայքարել ընդդէմ իր (դեմոկրատական) կուսակցութեան սենատորներիՙ Բրայզային փրկելու համար: «Foreign Policy» ամսագրում, վարչակազմի կողմից Ռիկարդիոնէին փրկելու դժկամութեան մասին նման գնահատական էր տուել նաեւ Հանրապետական սենատորի մի օգնական:

Բաքւում եւ Անկարայում ԱՄՆ դեսպանների երկարատեւ բացակայութիւնը համընկնում է այս երկու մայրաքաղաքների եւ Վաշինգտոնի միջեւ լարուած յարաբերութիւնների ժամանակաշրջանի հետ: Հաշուի առնելով Նոյեմբերին կայանալիք վճռորոշ ընտրութիւնների նախաշեմին Օբամայի վարչակազմի ներքին եւ արտաքին բազմաթիւ ճգնաժամերը, հազիւ թէ նա կարողանայ եռանդուն կերպով հետամուտ լինել իր դեսպանների նշանակմանը Ադրբեջանում եւ Թուրքիայում:

ՅԱՐՈՒԹ ՍԱՍՈՒՆԵԱՆ, «Քալիֆորնիա Քուրիըր»ի խմբագիր, Թարգմ.ՙ Ռ. Աւագեանի


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4