«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#143, 2010-07-31 | #146, 2010-08-17 | #147, 2010-08-18


ՎԱՐՉԱՊԵՏ ՊՈՒՏԻՆԸ ԳՆԱՀԱՏԵՑ ՀԱՅ ՀՐՇԵՋՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՆՔԸ

Օգոստոսի 5-ից Ռուսաստանում անտառային հրդեհների մարման աշխատանքներին մասնակցել են նաեւ հայ հրշեջները: Արտակարգ իրավիճակների նախարարության 28 հրշեջ-փրկարարներ` 4 ճապոնական հրշեջ մեքենաներով մասնակցել են փրկարարական մի շարք գործողությունների: ՀՀ ԱԻՆ ՀՓԾ փրկարար ուժերի վարչության պետի տեղակալ Պավել Գյոզալյանի փոխանցմամբՙ հայկական խմբի առաջին հանգրվանը Նիժնի Նովգորոդի մարզի Պերվոմայսկի շրջանն էր:

«Արտակարգ ալիք» լրատվական կենտրոնի հաղորդմամբՙ օգոստոսի 14-ին հայ հրշեջները հերթապահել են Ստեկլյաննոյե գյուղի մոտ եւ, կարողանալով ճիշտ գնահատել իրավիճակը, հանգցրել են կրակը: Հաջորդ երկու օրվա ընթացքում հայ հրշեջները շարունակել են աշխատանքը վերոնշյալ գյուղում` հերթապահելով անտառի եզրով եւ ջուր մատակարարելով կրակի գոտում աշխատող մեքենաներին:

Ռուսաստանում անտառային հրդեհների մարման աշխատանքներին մասնակցած հակահրդեհային ավիացիայի ռուս եւ օտարերկրացի անձնակազմի անդամների աշխատանքը երեկ գնահատել եւ հուշանվերներ է հանձնել վարչապետ Վլադիմիր Պուտինը: ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, «Ռամենսկոյե» օդանավակայանում, ուր տեղակայված է Ռուսաստանի ԱԻՆ ավիացիան, վարչապետը 19 անվանական ժամացույց է նվիրել ռուս, հայ, թուրք, ադրբեջանցի, ուկրաինացի, բելառուս եւ ֆրանսիացի օդաչուներին:

Նշենք, որ Հայաստանն առաջիններից մեկն էր, որ արձագանքեց տարերքի դեմ պայքարին: Այդ կապակցությամբ մեր կառավարությունը 24.6 միլիոն դրամ է հատկացրել: Բացի այդ, մի շարք հասարակական կազմակերպություններ կազմակերպել են դրամահավաք հրդեհներից տուժածներին աջակցելու նպատակով:

Հ. Հ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4