«Մեկ ազգ, մեկ մշակույթ» IV համահայկական փառատոնի «Կատարողական արվեստի օրեր» ծրագրում առաջին անգամ մասնակցում էր Տորոնտոյի (Կանադա) Սուրբ Երրորդություն հայ առաքելական եկեղեցու «Սասուն» պարախումբը, որի ելույթները բարձր տպավորություն թողեցին թե՛ Երեւանում, թե՛ մարզերում եւ թե՛ Արցախում: «Ազգը» զրուցեց պատվիրակության պատասխանատու Խորեն Մարդոյանի հետ ու տեղեկացավ, որ նոր համագործակցական կապեր հաստատելով եւ անջնջելի ու անմոռաց հեքիաթային օրեր անցկացնելուց զատ պարախմբի համար փառատոնին մասնակցելը բացառիկ հնարավորություն էր, որի մասին շատ էին երազել:
«Եվ ահա մեր երազանքը իրականացավ,- ասաց Մարդոյանը,- մենք հպարտ ենք ու երջանիկ մեզ ընձեռված հնարավորության համար...»: «Սասուն» պարախումբը հիմնադրվել է 6 տարի առաջ Տորոնտոյում եւ այդ ընթացքում բազմիցս համերգներով հանդես են եկել Կանադայի տարբեր քաղաքներում, ոչ միայն հայերի, այլեւ օտարազգի հանդիսատեսների առջեւ եւ արժանացել բարձր գնահատանքի:
Պարախմբի համերգացանկում բացի հայկական պարերից ընդգրկված են ռուսական, վրացական, ամերիկյան պարեր: Պարախմբի հետ Հայաստան էր ժամանել նաեւ Հայ առաքելական եկեղեցու Տորոնտո քաղաքի Սուրբ Երրորդություն եկեղեցու ատենապետ պրն Ջան Սաթոյանը, որը նաեւ Հայաստան ժամանած պարախմբի հանձնաժողովի կոոդինատորն է: «Սասուն» պարախումբը 40 անդամներով ժամանել է Հայաստան, նմանապես «Սասունիկ» մանկական պարախումբը: Փառատոնի շրջանակներում Տորոնտոյի պատվիրակությունը Նոր Նորք վարչական տարածքի VII զանգվածում հիմնեց 60 դեկորատիվ ծառերով մի պուրակ, որն այսուհետեւ կկրի «Սուրբ Երրորդություն եկեղեցի» անունը եւ որի հետագա խնամքը նույնպես տորոնտոցիները վերցրել են իրենց վրա:
Ինչպես նշեց պրն Մարդոյանը. «Այս պուրակն ինչ-որ ձեւով կամուրջ է հանդիսանում Տորոնտոյի եւ Երեւանի Նոր Նորքի համայնքի միջեւ, ապագա մեր համագործակցության կապերը շարունակելու, ամրապնդելու գործում: Կնքվեց նաեւ հուշագիր Նոր Նորքի վարչական տարածքի մշակույթի տան եւ Տորոնտոյի «Սասուն» պարախմբի միջեւ, որով մշակութային համագործակցություն կձեւավորվի երկուստեք»:
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ