Ամերիկյան Showtime հեռուստաալիքը ցանկանում է թեթեւագույն քաշային կարգի 6 ուժեղագույն բռնցքամարտիկների մասնակցությամբ մրցաշար կազմակերպել: Մրցաշարի մասնակիցները պետք է լինեին քաշային երկու կարգերում աշխարհի նախկին չեմպիոն Վախթանգ Դարչինյանը, IBF-ի վարկածով աշխարհի ներկայիս չեմպիոն Յոնի Պերեսը, աշխարհի նախկին չեմպիոն Ժոզեֆ Ագբեկոն, Աբներ Մարեսը, WBC-ի եւ WBO-ի վարկածներով թեթեւագույն քաշային կարգի աշխարհի ներկայիս չեմպիոն Ֆեռնանդո Մոնտիելը եւ ֆիլիպինցի Նոնիտո Դոները:
Սակայն Ֆեռնանդո Մոնտիելի եւ Նոնիտո Դոների պրոմոութեր Բոբ Արումը հետաքրքրություն չի ցուցաբերել մրցաշարի նկատմամբ, քանի որ այդ երկու բռնցքամարտիկները պետք է մենամարտեն դեկտեմբերի 4-ին: Բոբ Արումը չի ցանկանում այդ մենամարտից ստացվելիք հասույթը բաժանել ուրիշներին:
Ըստ նախնական պայմանավորվածության, Showtime-ն պատրաստ է յուրաքանչյուր բռնցքամարտիկին առաջին մենամարտի համար 250 հազար դոլար վճարել: Այդ մենամարտերում հաղթողները 2-րդ հանդիպման համար կստանան 300 հազարական դոլար, իսկ 3-րդ մենամարտի դիմացՙ 350 հազարական: Կիսաեզրափակիչ հանդիպումների մասնակիցների համար նախատեսված է 450 հազար դոլար, իսկ եզրափակիչի մասնակիցները կստանան 650 հազար:
Քանի որ երկու բռնցքամարտիկները հրաժարվել են մրցաշարից, ուստի այն կանցկացվի օլիմպիական մրցակարգով: Վախթանգ Դարչինյանը կմենամարտի Աբներ Մարեսի հետ, մյուս մրցավեճում ռինգ դուրս կգան Յոնի Պերեսն ու Ժոզեֆ Ագբեկոն: 2 մենամարտերն էլ նախատեսված են նույն օրը, նույն դահլիճում: Ըստ նախնական պայմանավորվածության, մենամարտերը կանցկացվեն նոյեմբերի 6-ին կամ էլ դեկտեմբերի 18-ին:
Վախթանգ Դարչինյանի եւ Յոնի Պերեսի մենեջեր Հերի Շոուն նշել է, որ ինքը դեռ պետք է հանդիպի հեռուստաալիքի ներկայացուցիչ Քեն Հերշմանի հետ եւ պայմանավորվի մենամարտերի կազմակերպման հարցի շուրջը: Նա հույս է հայտնել, որ ամեն ինչ բարեհաջող կանցնի եւ ինքը Վախթանգի եւ Պերեսի անունից կստորագրի պայմանագիրը: Ագբեկոյի եւ Մարեսի ներկայացուցիչները եւս հաստատել են, որ կողմ են մրցաշարի անցկացմանը: