Շախմատի համահայկական օլիմպիադայի 2-րդ տուրից հետո ի հայտ եկան առաջատարները: Ըստ մրցումների պաշտոնական կայքի, 100 տոկոսանոց արդյունքով աղյուսակը գլխավորում են Հայաստանը ներկայացնող Տիգրան Քոթանջյանը եւ Չեխիայում բնակվող Վիգեն Միրումյանը, որոնք 2-րդ հաղթանակները տոնեցին: Քոթանջյանը պարտության մատնեց միջազգային վարպետ Արման Հայրապետյանին, Միրումյանն առավելության հասավ Մանվել Պողոսյանի նկատմամբ:
13 շախմատիստներ 1,5-ական միավորով հետապնդում են առաջատարներին: Նրանց թվում է Հայաստանի հավաքականի անդամ, օլիմպիական չեմպիոն Տիգրան Պետրոսյանը, որն անդրանիկ հաղթանակը տոնեց: Նա սեւերով հաղթեց ռուսաստանցի միջազգային վարպետ Կարինա Համբարձումովային:
Հաղթանակի քաղցրությունն առաջին անգամ ճաշակեց նաեւ բրազիլահայ Գրիգոր-Սեւակ Մխիթարյանըՙ պարտության մատնելով Եվգենիա Դոլուխանովային: Մրցաշարի ամենակրտսեր մասնակիցՙ 10-ամյա Սամուել Սեւյանը 2-րդ պարտությունը կրեցՙ այս անգամ զիջելով ԱՄՆ-ում բնակվող ՖԻԴԵ-ի կանանց վարպետ Տաթեւ Աբրահամյանին: Բացի Սեւյանից, եւս 5 շախմատիստներ առայժմ միավոր չեն վաստակել: