«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#146, 2010-08-17 | #147, 2010-08-18 | #148, 2010-08-19


Ո՞ՒՄ «ԵՂԲԱՅՐՆ» Է ԱՎԵԼԻ ՄԵԾ

Որքանով անսպասելի չէր եւ տրաբամանական է հայ-ռուսական ռազմավարական համագործակցության պայմանագրի թարմացումը, այնքան էլ անսպասելի չէր թուրք-ադրբեջանական նույնատիպ պայմանագրի թարմացումը: Սակայն այս երկուսի մեջ բավական էական տարբերություն կա, եթե հայ-ռուսականով անհամեմատ ազդեցիկ Մոսկվան գոնե ինչ-որ չափով, գոնե տողատակերով փորձում է ապահովել Հայաստանի պաշտպանվածությունը, ապա թուրք-ադրբեջանականով, անհամեմատ ազդեցիկ Անկարան կրկին ինչ-որ չափով, տողատակերով նպաստում է Ադրբեջանի հնարավոր հարձակմանը կամ առնվազն` ավելի բարձր լսելի դարձնում «ռազմի երգերը»: Պաշտպանվածության ամրապնդման ու հարձակմանը նպաստող տարբերությունները ճիշտ այնքան են, որքան նույն Մոսկվայի ու Անկարայի ունեցած միջազգային, թեկուզ տարածաշրջանային ազդեցությունների տարբերությունները, հետեւաբար «մեր եղբայրն ավելի մեծ է», սակայն այդքան էլ արդարացի չի լինի, եթե Մոսկվան համարենք միայն «մերը». Ռուսաստանն ու Ադրբեջանը նույնպես տարբեր ոլորտներում աշխուժացնում են համագործակցությունը, որը եւս մեկ անգամ ապացուցում է` Անկարան, որքան էլ ուզի, չի կարող, այս տարածաշրջանում գոնե, լինել հակակշիռ Ռուսաստանին:

Երեկ «Ազգը» տեղեկացրեց որոշ մանրամասնություններ Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլի` Բաքու կատարած այցից եւ թարմացված թուրք-ադրբեջանական համաձայնագրից, այսօր Երեւանն ու Մոսկվան իրենց ռազմավարական գործակցությունը կթարմացնեն: Տարածաշրջանային այս վերջին զարգացումները թուրքագետ Արտակ Շաքարյանի մեկնաբանմամբ նշանակում են, որ ԱՄՆ-ը հեռանում է տարածաշրջանից. «Ամերիկյան զորքերը դուրս են գալիս Իրաքից, սկսվում է ամերիկյան զորքի դուրսբերումը նաեւ Աֆղանստանից: Եվրոմիությունը այդքան էլ «հավես չունի» միջամտելու տարածաշրջանում, իսկ ղարաբաղյան հիմնահարցի լուծմամբ զբաղված Մինսկի խումբը այդքան էլ արդյունավետ չի աշխատում: Այս ամենը հնարավորություն եւ հիմք է տվել Մոսկվային եւ Անկարային` ամրապնդելու իրենց դիրքերը տարածաշրջանում, ինչն արտացոլվում է հենց հայ-ռուսական եւ թուրք-ադրբեջանական ռազմավարական համագործակցությունը թարմացնող այս պայմանագրերով», երեկ «Արմատ» ակումբում ասաց Շաքարյանը: Բանախոսն ընդգծեց նաեւ, որ տարածաշրջանում ոչ մի կերպ չի կարելի անտեսել նաեւ Իրանին, որը շուտով կշահագործի սեփական ատոմակայանը եւ ունի հսկայական ներուժ:

Ինչ վերաբերում է կոնկրետ թուրք-ադրբեջանական վերջին զարգացումներին, ապա թուրքագետը կարեւորեց այն հանգամանքը, որ Բաքվին այս հարաբերություններում այլեւս չի կարելի անվերապահորեն տալ «կրտսեր եղբոր» կարգավիճակ. «Թուրքիան այլեւս չի կարող «մեծ եղբոր» պես որեւէ բան պարտադրել Բաքվին: Վերջինս արդեն ունի Ռուսաստան, որին կարող է վաճառել իր գազը, որից կարող է գնել իր զենքը եւ այլն»,- ասաց Շաքարյանը: Թուրքիայի պարագայում բանախոսը նկատեց, որ Անկարան թարմացնում է Ադրբեջանի հետ պայմանագիրը ոչ պատահական ժամանակ. «Հոկտեմբերին Թուրքիայում սպասվում է Եվրոմիության զեկույցը, որտեղ առաջնայիններից կլինի ՆԱԲՈւԿԿՕ գազատարի հարցը, որի հետ Անկարան մեծ հույսեր է կապում», նկատեց թուրքագետը:

Անդրադառնալով Բաքվում Գյուլի արած հայտարարություններին` Շաքարյանն ընգդծեց, որ դրանց տողատակերում բավական հետաքրքրական նրբություններ կան: Չնայած Գյուլը շեշտել է, որ Ղարաբաղի հարցը պետք է լուծվի Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում, բայց, ըստ թուրքագետի, Գյուլը «Ադրբեջանի տարածքային ամբողջականություն» ասելով ամենեւին նկատի չունի Ղարաբաղը. «Թուրքիայի նախագահը նկատի ուներ շրջակա 7 շրջանները: Այս հայտարարությունից անմիջապես հետո հնչում է հարց` ԼՂ կարգավիճակի մասին, ինչին Գյուլը պատասխանում է` ԼՂ կարգավիճակը պետք է դեռ քննարկվի, այստեղ արդեն չի հնչում Ադրբեջանի տարածքային ամբողջականություն ձեւակերպումը», նկատեց Շաքարյանը:

Ավելացնենք նաեւ, որ Գյուլը Բաքվում շեշտեց, որ «հակամարտությունը պետք է լուծվի բացառապես խաղաղ ճանապարհով», ինչը կարելի է հասկանալ հետեւյալ կերպ` «Մեր համագործակցության խորացումը Բաքվի հետՙ չի նշանակում պատերազմի վերսկսման խրախուսում»:

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4