Աղթամարի Սուրբ Խաչը մեկօրյա եկեղեցի չէ
Սեպտեմբերի 19-ին Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցում մատուցվելիք պատարագին հայերի մասնակցությունը իրարամերժ եւ անհանդուրժողական վերաբերմունք է առաջացրել ոչ միայն Հայաստանում, այլեւ Սփյուռքում: Հարցն արդեն քննարկվել է Հանրային խորհրդի կրոնի, սփյուռքի եւ միջազգային ինտեգրման հանձնաժողովի պատմական, ազգային արժեքների, հուշարձանների պահպանության, պատկանելության եւ օգտագործման խնդիրների ենթահանձնաժողովում: «Իր ազգային եւ կրոնական արժանապատվությունը հարգող յուրաքանչյուր գիտակից հայ մարդ պետք է ձեռնպահ մնա սեպտեմբերի 19-ին թուրքական շոուի մասնակիցը լինելու գայթակղությունից, որպեսզի թուրքական հայավնաս խաղն իրականացվի առանց հայերի մասնակցության»: Սա հանձնաժողովի հայտարարությունն է: Անդամներն առաջարկել են խնդրի վերաբերյալ լայն քննարկումներ սկսել, տեղյակ պահել հասարակական լայն խավերին եւ ստեղծել ճակատ` «Ո՛չ սեպտեմբերի 19-ին» նշանաբանով:
Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցում մատուցվող պատարագի կապակցությամբ երեկ «Աղթամարի Սուրբ Խաչը` հավատի, գիտակցության, արժանապատվության քննություն» խորագրով լայնածավալ քննարկում էր կազմակերպվել Ազգային գրադարանում: «Անընդունելի է, որ մեկ օրով եկեղեցին վերադարձնում են իրական տերերին, իսկ ամբողջ տարվա ընթացքում գտնվում է օտարի ձեռքում եւ ծառայում թանգարան: Սա թուրքական իշխանությունների հերթական կեղծիքն է, աշխարհի աչքին թոզ փչելու հերթական փորձը` ցույց տալու, որ ինքը քաղաքակիրթ աշխարհի մի մասնիկն է: Համաձայն չենք, որ Սուրբ Խաչը տարվա 364 օրը լինի թանգարան, իսկ մեկ օրով` եկեղեցի: Պատարագին հայերի մասնակցությունը անընդունելի է: Մեր արժանապատվության, ազգային գիտակցության հարցն է»: Սա Ազգային գրադարանի տնօրեն Դավիթ Սարգսյանի տեսակետն է:
Պատմաբան Ռաֆիկ Թադեւոսյանը համոզված է. եթե հայկական կողմը մեծ շուքով մասնակցի սեպտեմբերի 19-ին կայանալիք պատարագին` կշահարկվի Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցը:
«Թուրքիան ի լուր աշխարհի կազդարարի, որ հայ եւ թուրք ժողովուրդները միմյանց հետ շփման եզրեր են փնտրում, հետեւաբար կարիք չկա անցյալը քչփորելու»: Սակայն քաղաքական խնդիրներից առավել պատմաբանը կարեւորում է խնդրի բարոյահոգեբանական կողմը: Թուրքիան չի ճանաչում Հայոց ցեղասպանությունը, որովհետեւ չի ցանկանում ստորագրել իր մահախոսականը: Մինչդեռ Հայոց ցեղասպանության ժամանակ ավելի քան 2000 հայկական եկեղեցի եւ մատուռ է ավերվել:
«Պատարագին հայերի մասնակցությունը կխլացնի Հայոց ցեղասպանության հարցը: Թուրքերը ուզում են ազատվել իրենց արյունոտ ձեռքերից, բայց ցանկանում են, որ մաքուր ջուրը լցնեն հայերը: Հայկական կողմը սխալվեց 3 տարի առաջ, երբ կուլ տվեց եկեղեցին վերականգնելու թուրքական խայծը: Միջոցառումը մեծ աղմուկ բարձրացրեց: Մշակույթի փոխնախարարն էլ թուրքական դրոշների ծփանքի ներքո նստած էր», հավելում է պատմաբանը` փաստելով, որ ավելի քան 1000 տարի ապրում ենք թուրքերի կողքին, բայց նրանց չենք ճանաչում ու անընդհատ սխալվում ենք:
«Ուրիշ օր գնացեք. ոչ թե 6.000-ով, այլ 60.000-ով: Սեպտեմբերի 19-ին գնալու եք ի՞նչ անեք, կանգնեք ու գոռաք, որ Աղթամարը հայերինն է, թուրքե՛ր հեռացեք, հետո՞: Կասկածում եմ, թե մեկը կկանգնի ու կասի, ո՞ւր են մնացյալ 1999 հայկական եկեղեցիները»:
Վանի հայրենակցական միության Ռոմիկ Հովնանյանն ստորացուցիչ է համարում, որ հայերը պետք է թուրքական դրոշների ու Աթաթուրքի դիմանկարի առաջ շարական կարդան, խունկ վառեն ու աղոթք մրմնջան: «Սա ընդամենը շոու է, հայե՛ր, մի՛ մասնակցեք թուրքական ծաղրանքին»:
Թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը պատարագին մասնակցելու 3 հրավեր է ստացել, սակայն երեքն էլ մերժել է: Նա փաստում է, որ հայկական կողմը գտնվում է բարդ երկընտրանքի առաջ. արարողություն է կատարվում հայկական ամենահայտնի եկեղեցիներից մեկում, եւ հնարավոր չէ անտարբեր լինել: Սակայն դա վերածվում է թուրքական քարոզչության: «Հարկավոր է զուսպ եւ կշռադատված գործել: Հազարներով չգնանք Վան: Բավական է, որ Պոլսի հայոց պատրիարքարանի ու Մայր աթոռի ներկայացուցիչները սիմվոլիկ մասնակցեն պատարագին», ասաց նա` նշելով, որ դեռ հայտնի չէ` պատարագն անցկացվելու է թանգարանո՞ւմ, թե՞ եկեղեցում: Իրավական որեւէ փաստաթուղթ այս կապակցությամբ դեռ չկա:
«Անհանգստացնում է, որ գուցե թուրքական կողմը պահանջի պատասխան քայլ: 2 օր առաջ նման արարողություն տեղի ունեցավ հունական եկեղեցում, եւ վարչապետ Էրդողանը հայտարարեց, որ եթե Հունաստանի վարչապետից պահանջի մզկիթի վերականգնում, մի՞թե նա կկարողանա մերժել: Վախենում եմ, որ նմատիպ պահանջով էլ նրանք մեզ կդիմեն»:
Ենթահանձնաժողովի անդամ, դրամատուրգ Գագիկ Կարապետյանը համոզված է, որ հայերն այդ օրը պետք է ներկա լինեն պատարագին, քանի որ չգնալու պարագայում էլ թուրքական շոուն տեղի կունենա: Ըստ նրա` այդ օրը քրդերը կարող են ներկայացվել որպես հայեր: «Եկեղեցում հարյուր տարի պատարագ չի մատուցվել: Ինչպե՞ս հայերը կարող են չմասնակցել այդ արարողությանը», ասաց դրամատուրգը:
«Վան-Վասպուրական» հայրենակցական միության կենտրոնական վարչության ներկայացուցիչ Վարդան Թովմասյանն ասաց, որ սկզբնական շրջանում սփյուռքահայերը խանդավառված էին Աղթամար մեկնելու համար, սակայն այժմ պասիվությունը նկատելի է:
ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ