«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#146, 2010-08-17 | #147, 2010-08-18 | #148, 2010-08-19


ԲԱՑ ՆԱՄԱԿ

«Երաժշտական փոստարկղ» հեռուստածրագրի հեղինակ ու հաղորդավար տիկին Սուսաննա Շահինյանին

Շատ սիրելի եւ համակրելի տկն Շահինյա՛ն,

Այս նամակը Ձեզ գրում եմ Բեյրութից 5 ամիս առաջ Երեւան եկած ու այստեղ հաստատված մորս ամենօրյա բազմաթիվ պնդումների ստիպողության տակ, թեեւ սույն նամակում արծարծվող հարցի օրից անցել են մի քանի շաբաթներ:

Առողջական պատճառներով, մայրս իր հոգեւոր սնունդն ստանում է բացառապես հեռուստատեսության միջոցով: Երեւան գալու առաջին իսկ օրից նա համակրեց Ձեր պատրաստած հաղորդումը, եւ տան մեջ որեւէ մեկին չի թողնում առավոտյան այդ ժամին ուրիշ հեռուստածրագիր միացնել: Մայրս «Երաժշտական փոստարկղ»-ը համարում է հայկական հեռուստատեսությունների «ամենահայկական հաղորդումներից մեկը»-գնահատական, որին ոչ միայն ես էլ եմ համաձայն, այլեւ, կասկած չունեմ, որ նաեւ բազմահազար հեռուստադիտողներ: Հայերենի Ձեր ճիշտ առոգանությունը, ձայնի հաճելի տեմբրը, հաղորդման ընթացքում երաժշտական տարբեր դպրոցների (դասական, ժողովրդական, էստրադային եւ այլն), ինչպես նաեւ արտասահմանյան երաժշտության հավասարակշռված ներկայացումն ու այլ բարեմասնություններ բավարարում են տարբեր ճաշակ ունեցող հեռուստադիտողներին, բացառությամբ հայկական երգ-երաժշտությունը թուրքա-արաբա-պարսկա-հնդկական եւ այլն կլկլոց-նվնվոցների հետ շփոթող հայազգի մոլորյալ զանգվածի:

Սակայն մորս հիասթափությունը անչափ մեծ եղավ ու նույնիսկ վերածվեց չդադարող բուռն ընդվզման, երբ հուլիսի վերջին շաբաթվա ընթացքում Ձեր մի հաղորդման ժամանակ լսեց ՀՀ ոստիկանության մի խումբ աշխատակիցների երաժշտական ողջույնի պատվերը իրենց` վերջերս սպայական կոչման արժանացած մեկ աշխատակցուհուն իբրեւ շնորհավորանք: Մայրս եւ ես նախ զարմացանք, որ իբրեւ թե Հայաստանի Հանրապետության իրավապահ մարմինների մի խումբ աշխատակիցներ, թողած բազմաթիվ, անհամար լինելու չափ շատ հայերեն երգերը, նախընտրել էին իրենց գործընկերոջը նվիրել ... ռուսաթաթար Օլեգ Գազմանովի «Գասպադա օֆիցերի» երգը (մի կողմ թողնենք այն «մանրուքը», թե սպայական կոչման արժանացողը իգական սեռին է պատկանում, այսինքն` «գասպաժա» է...): Մորս թախանձանքով, ամաչելով, նրան թարգմանեցի երգի հիմնական միտքը, այդ թվում` «շնորհակալություն եւ խոր հարգանք ձեզ, որ ծառայում եք Ռուսաստանին» արտահայտությունը: Այս լսելով, մայրս մի անգամ էլ հնչեցրեց հանգերգի վերածված իր խոսքը. «Տղա՛ս, հոս Հայաստա՞ն է»:

Երեւույթը ընդվզեցուցիչ լինելուց բացի, նաեւ խորապես ամոթալի է ու վիրավորական: Դա վկայություն է, թե շուրջ 20 տարի առաջ իր անկախությունը հռչակած հանրապետության իրավապահ մարմինների որոշ աշխատակիցների մոտ պետական արժեքային համակարգը խաթարված է, ինչը սպառնում է իմ կարծիքով` կիսատ-պռատ անկախություն ունեցող ՀՀ-ի առհասարակ վերացմամբ:

Իմ դիտարկումներից եզրակացրել եմ, որ նմանների տոկոսը, ցավոք, շատ բարձր է. օրինակ, նույն երգը նույնպիսի «մեծ ժողովրդականություն» է վայելում նաեւ այսօրվա ՀՀ բանակի բարձր սպայական կազմում... Հիշեցնեմ, որ առաջին հանրապետության բարձր սպայակազմն էլ իր կերուխումների ժամանակ խանդավառությամբ երգում էր, ի շարս ուրիշ ռուսերեն երգերի ... ցարական Ռուսաստանի «Բոժե՛, ցարյա խրանի» օրհներգը: Թե նման ապազգային-հակազգային պետական պաշտոնեությամբ պետությունն ի՞նչ խայտառակ վախճան ունեցավ` բոլորիս է հայտնի:

Ազնվափա՛յլ տկն Շահինյան,

Ձեզ առաջարկում եմ նման բացահայտ վիրավորական, հակազգային պատվերների դեպքում մերժե՛լ պատվիրատուների խնդրանքը, կամ դա փոխարինել համարժեք հայկականներից մեկնումեկով, որոնք այնքան շատ են հնչել «Երաժշտական փոստարկղով», ինչպես, օրինակ, «Երազ իմ երկիր հայրենի» հիասքանչ երգը: Թույլ մի՛ տվեք, որ նման ապազգայնացածներ խաթարեն Ձեր հեռուստահաղորդման իսկապե՛ս դաստիարակչական բնույթը: ՀՀ ոստիկանության ղեկավարությանն էլ առաջարկում եմ հիշյալ պատվերի հեղինակների համար դաստիարակչական համապատասխան կուրսեր անցկացնել` նրանց սովորեցնելու, թե իրենք կոչված են ծառայելու միայն եւ միայն Հայաստանի Հանրապետությանը եւ ոչ ուրիշ պետությունների, թեկուզեւ վերջինս լինի ՀՀ-ի ռազմավարական դաշնակիցը...

Խորին հարգանքներով`

ԳԵՎՈՐԳ ՅԱԶԸՃՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4