Բելառուսի Վիտեբսկ քաղաքում անցկացվող «Սլավյանսկի բազար» ամենամյա էստրադային երգի միջազգային մրցույթում Հայաստանը ներկայացրել է ՀՀ մշակույթի նախարարության Երգի պետական թատրոնի մեներգչուհի Անահիտ Շահբազյանը: Անահիտը մրցել է 19 երկրների ներկայացուցիչների հետ եւ արժանացել 2-րդ մրցանակի, այն կիսելով Ուկրաինայի ներկայացուցչի հետ: Անահիտն իր ստեղծագործական գործունեությունը սկսել է 2007 թ.ՙ մասնակցելով ԼՂՀ-ում անցկացվող ամենամյա «Շնորհ» համահայկական մրցույթին եւ շահել հատուկ մրցանակ: Իսկ մեկ տարի անց մասնակցել է Մոլդովայում անցկացվող «Աշխարհի երգեր» միջազգային մրցույթինՙ արժանանալով 1-ին մրցանակի: Լրագրողների հետ հանդիպման ընթացքում նա տեղեկացրեց, որ բացի 2-րդ մրցանակի արժանանալուց, ստացել է «Միջազգային հումանիտար համագործակցության հիմնադրամի» սահմանած 8000 ԱՄՆ դոլար մրցանակը, որը կփոխանցվի այն ձայնագրման ստուդիային, որտեղ Անահիտը կձայնագրի իր ալբոմը: Մրցույթում առաջին տեղը տրվել է Վրաստանի ներկայացուցչին եւ ինչպես Անահիտն էր ասում. «Ինձ համար մեծ պատիվ է Հայաստանը ներկայացնել եւ մրցանակային տեղ գրավել: Սակայն, ոչ միայն ես, նաեւ շատ երկրների մասնակիցներ համամիտ չէինք, որ գլխավոր մրցանակը քաղաքական նկատառումներով տրվեց Վրաստանի ներկայացուցչին, մինչդեռ շատ ավելի լավ երգիչներ կային: Ժյուրիի նախասիրությունն ու ճաշակը զայրույթ առաջացրեց մասնակիցների շրջանում եւ մրցանակակրին ոչ մի մասնակից չշնորհավորեց, քանզի նրա ոչ ձայնային տվյալներն էին փայլում, ոչ էլ կատարողականը: Այդ մրցույթում քաղաքականությունը մեծ դեր ունեցավ, որովհետեւ այդ օրերին Վրաստանի նախագահը գտնվում էր Բելառուսում, եւ դա իր դերն ունեցավ: Ցավում եմ, որ ուժեղագույնները դուրս մնացին մրցանակային տեղերից»:
Անահիտը ներկայացրել է Արթուր Գրիգորյանի «Ծով», Ալ. Շորուբինի «Կանչիր ինձ սեր» երգերը Բելառուսի էստրադային նվագախմբի հետ: Հայաստանի պետական ջազ նվագախմբի մեներգչուհի Անահիտ Շահբազյանը չի ընկճվել եւ կարծում է, որ նման անարդար ժյուրիի հասցեին դեռ շատ արձագանքներ կլինեն մասնակից երկրների կողմից:
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ