Նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով օգոստոսի 19-ին պետական այցով տիկնոջ` Սվետլանա Մեդվեդեւայի հետ Երեւան ժամանող Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւի ինքնաթիռը վայրէջք կատարեց երեկոյան 19:30-ին: «Զվարթնոց» օդանավակայանում բարձրաստիճան հյուրերին դիմավորում էր Սերժ Սարգսյանը տիկնոջՙ Ռիտա Սարգսյանի հետ: ՌԴ նախագահի գլխավորած պատվիրակության կազմում էին արտաքին գործերի նախագահ Սերգեյ Լավրովը, պաշտպանության նախարար Անատոլի Սերդյուկովը, տրանսպորտի նախարար, տնտեսական համագործակցության հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Իգոր Լեւիտինը, ՌԴ Հյուսիսարեւմտյան դաշնային շրջանի ՌԴ նախագահի լիազոր ներկայացուցիչ Իլյա Կլեբանովը, Ուլյանովսկի նահանգապետ Սերգեյ Մորոզովը, պաշտոնատար այլ անձինք: ՌԴ նախագահի այցն ու հատկապես Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ կնքվելիք ռազմաստրատեգիական պայմանագիրը տարածաշրջանի վերլուծաբանների, քաղաքագետների, հեղինակավոր լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում են:
Դմիտրի Մեդվեդեւի առաջին կանգառը Ծիծեռնակաբերդի բարձունքն էր, ուր նա բարձրացավ ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի ուղեկցությամբ: Հայոց եղեռնի զոհերի հուշարձանին ծաղկեպսակ դնելու արարողության ժամանակ հնչեց ՌԴ հիմնը, ինչը նշանակում է ողջ Ռուսաստանի խոնարհումը Ցեղասպանության զոհերի հիշատակին: «Հայոց ցեղասպանության թանգարանը եւ հուշահամալիրը 20-րդ դարի սարսափելի ողբերգության վկայությունն են, միաժամանակ հիշեցնում են, որ կյանքն այն գլխավոր արժեքն է, որը քաղաքակիրթ ժողովուրդների կողմից ենթակա է պահպանության»: Այս խոսքերը Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հուշամատյանի 2008 թ հոկտեմբերի 21-ի Դմիտրի Մեդվեդեւի գրառումն են:
Այդ ժամանակ ՌԴ նախագահը հուշահամալիրի Հիշողության պուրակում ծառ տնկեց ի հիշատակ 1915 թվականի Հայոց ցեղասպանության զոհերի: Երեկ արդեն նախագահ Մեդվեդեւը ջրեց երկամյա եղեւնին:
Ցեղասպանություն թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը նախագահին հակիրճ ներկայացրեց հուշահամալիրի կառուցման պատմությունը, պատմություններ գրականությունից, որոնք առնչվում են հայ-ռուսական հարաբերություններին: Նախագահ Մեդվեդեւն էլ անկեղծացավ ու խոստովանեց, որ հիացած է բարձունքից բացվող մայրամուտի հրաշալի պատկերով եւ Արարատի տեսարանով:
ՌԴ նախագահի այցի շրջանակներում նախատեսվում է Հայաստանում ռուսական 02-րդ ռազմաբազայի ներկայությունը մինչեւ 2044 թ.-ը երկարաձգելու արձանագրության ստորագրումը: Այսօր Դմիտրի Մեդվեդեւը կմասնակցի «Պատվո բլուր» զինվորական գերեզմանի հանդիսավոր բացման արարողությանը, ուր ամփոփած են 19-րդ դարի ռուս-թուրքական պատերազմներին մասնակցած ռուս սպաների մարմինները:
Պետական այցի ավարտին ՌԴ նախագահը կմասնացկի նաեւ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ-երկրների ղեկավարների` օգոստոսի 20-22-ը Հայաստանում անցկացվելիք ոչ պաշտոնական գագաթաժողովին:
ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ