Հայաստան-Ռուսաստան համաձայնագիրը Գյումրու ռազմաբազայի տեղակայման ժամկետի երկարաձգման մասին քննարկման ու դժգոհության առարկա է դարձել Ադրբեջանում, իսկ հարեւան Վրաստանում հետաքրքրական անտարբերությամբ են ընդունում այս իրադարձության լինել-չլինելը, ինչպես, ասենք, Հայաստանին վերաբերող շատ հարցեր են դուրս մնում վրացական օրակարգից ոչ թե անկարեւոր լինելու, այլ ամերիկյան ներհակվածության պատճառով սեփական իրականությամբ գրեթե ամբողջությամբ սահմանափակվածության հետեւանքով:
Ամեն դեպքում, Վրաստանում, Ադրբեջանից առաջ ընկած, փորձագիտական ներկայացվող մակարդակում հայտարարում են, թե Գյումրու ռազմաբազայի տեղակայման ժամկետի երկարացումը լուրջ ուղերձ է ոչ միայն Ադրբեջանին, այլեւ Վրաստանին: Կովկասի հարցերով փորձագետ ներկայացող Մամուկա Արեշիձեն , որ Հայաստանն ու հայերին քարկոծելու առիթ բաց չի թողնում, հայտարարել է, թե «ռուսաստանյան ռազմական ուժի ուժեղացումը տարածաշրջանում փաստացի դամոկլյան սուր է Վրաստանի նկատմամբ, որ կարող է օգտագործվել յուրաքանչյուր պահի»: Վրացի «փորձագետը» կարծիք է հայտնել, թե Վրաստանի նկատմամբ «ագրեսիայի դեպքում Հայաստանից հարվածն անխուսափելի կլինի»:
Իսկ ընդհանրապես Հայաստանում ինչ են պատրաստվում ստորագրելՙ առանձնակի չի հուզում վրացական հասարակությանը, հատկապես որ հարեւան երկրի նախագահ Միխեիլ Սաակաշվիլուն միշտ հաջողվում է ուշադրություն կենտրոնացնել այն հարցերին, որոնք բխում են իր շահերից: Մասնավորապես, այս օրերին վրացական մամուլն առավելապես քննարկում է ՎՈՒԱՄ-ի վերակենդանացմանն ուղղված Վրաստանի նախագահի ջանքերն ու այդ կազմակերպությունում Բելառուսի հնարավոր հայտնության հեռանկարը:
Իսկ Ադրբեջանում ինչ տեսակ ասես մեկնաբանում են Ռուսաստանի նախագահի Հայաստան այցելությանը ստորագրելիք փաստաթղթին առնչվող հանգամանքները: Ադրբեջանական տարբեր լրատվամիջոցներին տված հարցազրույցներում ադրբեջանական քաղաքագետներն ու փորձագետները մտավախություններ են ներկայացնում հիշատակված փաստաթղթի ստորագրման առնչությամբ:
Մասնավորապես, քաղաքագետ Գաբուլ Հուսեյնլին ստեղծված իրավիճակում առավելապես կարեւորում է Թուրքիայի դերակատարությունը, թե նախկինում Ռուսաստանի ներկայությանը Հարավային Կովկասում ավելի զգույշ մոտեցող Թուրքիան այսօր փոխել է վերաբերմունքը: Ըստ Հուսեյնլու, Անկարան ներկայումս Բաքվի հետ բանակցություններ է վարում Նախիջեւանում ռազմաբազա տեղակայելու առնչությամբ, թեեւ, ըստ քաղաքագետի, հասկանալի է, որ Թուրքիայի համար դժվար կլինի նաեւ բազայի ստեղծման համար բացատրություն տալը:
Միեւնույն ժամանակ, Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլու բարձրաձայնած միտքը, թե Ադրբեջանի հետ կարելի է ստեղծել համադաշնություն, քաղաքագետը պատահական գաղափար չի համարել` դրանում ներառելով նաեւ Թուրքիային, իբր այդ կերպ հնարավոր կլինի հակակշռել ռուսական ներկայությունը մեր տարածաշրջանում:
Քաղաքագետ Զարդուշտ Ալիզադեն ավելի շուտ հակված է ստորագրվելիք համաձայնագիրը «ներքին սպառման որակելուն Հայաստանի համար, իսկ Ռուսաստանի պարագայում այս փաստաթղթի ստորագրումը մեր տարածաշրջանում ռուսական ուժն առավել ցայտուն ներկայացնելու միջոց է»:
Արիֆ Յունուսն էլ, հանդես գալով որպես Խաղաղության եւ ժողովրդավարության ինստիտուտի կոնֆլիկտոլոգիայի բաժնի ղեկավար, հայտարարում է, թե Հայաստանը «խանդում է» Ռուսաստանին տարածաշրջանում որեւէ մեկի հետ առավել մոտ հարաբերություների դեպքում, քան հայ-ռուսականն է:
Ընդհանուր առմամբ, հստակ է, որ Ադրբեջանում սպասվող ստորագրվելիք փաստաթղթով առավելապես ու լուրջ են մտահոգված, ընդ որում, հիմնական շեշտադրումը Թուրքիայի օգնությունն է, որով հույս կա, թե կհակակշռվեն ռուսական ներկայությունն ու ազդեցությունը: Ամեն դեպքում, Ալիեւ կրտսերի ենթակայությամբ ու անհրաժեշտ տրամաբանությամբ գործող քաղաքագիտական միտքն ու փորձագետները Ադրբեջանում ընդգծում են, թե այս համաձայնագիրը հիմք է տալիս շարունակելու սպառազինությունների մրցավազքը, ինչն, ինքնին, որեւէ լավ բանի չի կարող բերել:
Ա. Հ.