1995թ. հայ-ռուսական ռազմավարական պայմանագրի բարեփոխում ենթադրող արձանագրությունը` թե՛ իր կետերով, թե՛ հնարավոր հետեւանքներով միառժամանակ կմնա հանրային ուշադրության կենտրոնում: Իհարկե, կողմ եւ դեմ փաստարկները, որ այս օրերին հնչում են եւ դեռ կհնչեն, հասարակության մեջ դառնում են լուրջ քննության առարկա: Անշուշտ, իդեալական կլիներ, եթե հասարակական տրամադրությունները կշռադատող եւ քննող միջոցառումներ ձեռք առնվեին նախքան փաստաթղթի ստորագրումը, բայց նման ժողովրդավարության մակարդակ Հայաստանում օբյեկտիվորեն դեռ չկա: Ուստի այժմ գործի են անցնում քաղաքական գործիչները: Ամեն ուժ կատարում է իր համապատասխան գործառույթը` հիմնականում առանց լուրջ փաստարկների գովերգելով կամ քննադատելով այդ փաստաթուղթը: Կարեւոր է նաեւ չմոռանալ, որ արձանագրությունը առանձին կետով նախատեսում է, որ այն ուժի մեջ կմտնի վավերացման ներքին ընթացակարգերից հետո միայն, ուստի իր խոսքը պետք է դեռ ասի Ազգային Ժողովը: Բայց քանի որ լուրջ իմաստային քննարկումներ խորհրդարանում սպասելը կլիներ անհիմն լավատեսություն, ուստի քննարկումների ամբողջ ծանրությունը ընկնում է փորձագիտական նեղ շրջանակների ուսերին:
Նախորդող օրերին արդեն իսկ բարձրացվել են որոշակի հարցեր, որոնց արժե անդրադառնալ հաջորդապես:
Առաջին . անշուշտ եւս 34 տարով ռուսական ռազմաբազայի առկայությունը փոքր-ինչ կդժվարացնի Հայաստանի արտաքին քաղաքականության շարժունակությունը: Շատ է քննարկվել այն հանգամանքը, որ տապալված հայ-թուրքական գործընթացի հետեւանքով Հայաստանին հասցվել է ռազմավարական վնաս: Հայաստանը ունի 3 հիմնական գործընկեր` Ռուսաստան, ԱՄՆ եւ ԵՄ: Վերջինս չունի ռազմական անվտանգության ապահովման սեփական մեխանիզմներ` հույսը դնելով ՆԱՏՕ-ի վրա, իսկ ԱՄՆ-ը փաստացի չի ցանկանում կամ չի կարող այդ բացը լրացնել, ինչը ակնհայտ դարձավ պետքարտուղար Հ. Քլինթոնի Երեւան կատարած այցի արդյունքներից: Մյուս եւ միակ դաշնակից Ռուսաստանը համաձայնում է լրացնել առկա մարտահրավերը միայն սեփական կանոններով:
Երկրորդ . եթե ռուսական շահերը բավարարվում են ռազմակայանի պայմանագրի երկարաձգմամբ, Հայաստանը` իրավականորեն պարտադիր ուժ ունեցող փաստաթղթով, հնարավորություն է ստանում ոչ միայն ավելի մատչելի պայմաններով գնել ռուսական զինամթերք, այլեւ անհատույց ստանալ ժամանակակից զինատեսակներ` առնվազն մինչեւ պայմանագրի ժամկետի ավարտը` 2044թ.:
Երրորդ . մի շարք մասնագետներ հարցադրումներ են անում, թե ում հրամանատարությամբ են գործելու ռուսական զորքերը, եթե առաջանա պայմանագրով նախատեսված դեպքերում դրանց օգտագործման անհրաժեշտություն: Թերեւս սա ամենակարեւոր հարցադրումն է: Այստեղ պատասխանը միանշանակ է, եւ բոլոր այլ արձագանքները լոկ քաղաքական շահարկումների առարկա են: Համաձայն ՀՀ սահմանադրության 55(13) հոդվածիՙ պատերազմի կամ դրա սպառնալիքի առկայության դեպքում երկրի նախագահն ինքն է որոշում ընդունում զինված ուժերի օգտագործման մասին, եւ բնականաբար Հայաստանում տեղակայված ռուսական զորքերի հրամանատարությունը նույնպես անցնում է Հայաստանի նախագահին` ըստ սահմանադրության: Իհարկե, քաղաքական տեսանկյունից անհրաժեշտ կլինի նաեւ Ռուսաստանի նախագահի համաձայնությունը, բայց այդ որոշումը չի կարող հակասել ՀՀ սահմանադրությանը (սա բնավ անվերապահորեն չի վերաբերում ՀԱՊԿ զորակազմին):
Չորրորդ . անկասկած, 4000-անոց ռազմաբազան ֆիզիկապես չի կարող հետ մղել Թուրքիայի հիպոթետիկ հարձակումը, բայց պետք չէ մոռանալ, որ դեռ 1995թ. այդ երկրին զգաստացնելու գործոն է եղել ոչ թե ռուսական բազայի թվաքանակը կամ այնտեղ տեղակայված ռազմական տեխնիկան, այլ այնտեղ ծածանվող ռուսական դրոշը: Այսու` նույն զգոնությունը կփոխանցվի նաեւ Ադրբեջանին, քանի որ հայ-ռուսական հարաբերություններում կատարվող այս շտկմամբ Հայաստանը ամենեւին չի կորցնում իր անկախությունը կամ ինքնիշխանությունը, այլ ընդհակառակը` ձեռք է բերում իր կայուն զարգացումը, այդ թվում նաեւ ԼՂՀ անվտանգությունը ապահովելու հավելյալ, արտաքին երաշխիքներ` ամենաբարձր հնարավոր` միջպետական երկկողմ պայմանագրի մակարդակով, որը զերծ է նաեւ բազմակողմ կազմակերպություններին (այդ թվում` ՀԱՊԿ-ին) արդարացիորեն վերագրվող բյուրոկրատական թերություններից: Նրանք, ովքեր վտանգ են տեսնում հայ-ռուսական դաշնակցության չափից դուրս խորացման մեջ, ամենեւին չպետք է մոռանան, որ Հայաստանի օրենսդրությունը բարեփոխվում է եվրոպական, այլ ոչ թե ռուսական մոդելներով, իսկ ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունում շարունակում է աշխատել ԵՄ, այլ ոչ թե ՌԴ խորհրդականների թիմը:
Եվ վերջում . բոլոր քննադատներին առաջարկում եմ իրենց ուժերը եւ ռեսուրսները լարել, օրինակ, ԱՄՆ հետ ազատ առեւտրի համաձայնագրի կնքման վերաբերյալ հանրային քննարկումներ ծավալելու` ավելի օգտակար գործին:
ԱՎ. ՍԵՄԵՐՋՅԱՆ