«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#147, 2010-08-18 | #148, 2010-08-19 | #149, 2010-08-20


ԼԱՎՐՈՎԻ 100-ՏՈԿՈՍԱՆՈՑ ՎՍՏԱՀՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ C300-Ի ԱՊԱԳԱ ՍԵՓԱԿԱՆԱՏԵՐԸ

Ռուսաստանը, ի դեմս արտաքին գերատեսչության ղեկավարի, կոնկրետ որեւէ պատասխան չունի ինչպես Ադրբեջանին զենիթահրթիռային C300 համալիրներ վաճառելու մտադրության հավանականության, այնպես էլ ադրբեջանական ռազմատենչ հռետորաբանությունը սանձելու հարցերին:

Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը , պատասխանելով Ադրբեջանի ռազմատենչ հայտարարություններին ու պահվածքը սանձելու հարցին, բավարարվել է նշելով, որ Ռուսաստանը հստակորեն ընդգծում է հակամարտության խաղաղ լուծման այլընտրանք չունենալու հանգամանքը: Ընդ որում, Լավրովի ներկայացմամբ, Ռուսաստանը պատրաստ է երաշխավոր լինել ամեն մի լուծման, որ ընդունելի կլինի հակամարտության բոլոր կողմերի համար:

Ադրբեջանի հրահրիչ հայտարարությունների առնչությամբ էլ Սերգեյ Լավրովը միայն մեկնաբանել է, թե պետք չէ ողբերգականացնել պարբերաբար հնչող հռետորիկան, քանի որ մեծ մասամբ այն կապված է այս կամ այն երկրի ներքաղաքական իրավիճակին, չնայած, «իհարկե, դա գործին չի օգնում»: Ամեն դեպքում, ըստ ՌԴ ԱԳ նախարարի, իրավիճակը «դյուրիններից չէ, այն բարդանում է նաեւ ներմուծվող բազմաթիվ գործոններով, բայց մենք կշարունակենք ջանքերը եւ հավատում ենք, որ կհասնենք առաջընթացի»:

Ինչ վերաբերում է զենիթահրթիռային C300 համալիրներ Ադրբեջանին վաճառելու մասին խոսակցություններին, ապա, թեեւ Լավրովի պատասխանը ուղղակի չէ, սակայն կարելի է ենթադրել, որ Ռուսաստանն, այդուամենայնիվ, կվաճառի այդ համալիրներից Ադրբեջանին: Լավրովն իր պատասխանում նախ հավաստիացրել է, թե C300-ի վաճառքի բոլոր դեպքերում բարձրացող խուճապն անհիմն է, քանի որ «դրանք պաշտպանական սարքավորումներ են, որոնք կոչված են պաշտպանելու համապատասխան տարածքը հրթիռային հարձակումներից»:

Լավրովի հավաստիացմամբ, Ռուսաստանը «երբեք սպառազինություն չի մատակարարում այն տարածաշրջաններ, որտեղ նման մատակարարումը կարող է ապակայունացնել իրավիճակը` լինի դա Անդրկովկաս, Մերձավոր Արեւելք կամ այլ տարածք»: Այդուհանդերձ, Լավրովը խորհուրդ է տվել համալիրներն Ադրբեջանին վաճառելու հարցում ինչ-որ առիթներ չփնտրել, թե դա կապակայունացնի տարածաշրջանը:

Հաջորդիվ արտահայտած մտքերն առավել քան հետաքրքրական են. «Պաշտպանական սպառազինությունը չի ապակայունացնում տարածաշրջանը մեկ բացառությամբ. եթե որեւէ մեկը ցանկանում է ուժ կիրառել, ապա այդ սպառազինությունը խնդիրներ կառաջացնի նրա համար: Ես վստահ եմ, որ այն տարածաշրջանում, որի մասին խոսում ենք, ոչ մի պետություն չի ծրագրում ռազմական գործողություններ սկսել, քանի որ դա աղետալի կլինի»:

«Իսկ որ ագրեսորն ամեն դեպքում չի հասնում իր նպատակներին, մենք դրանում համոզվեցինք 2008թ. օգոստոսին, երբ ձեր հարեւան պրն Սաակաշվիլին որոշեց կարգավորել Հարավային Օսիայի խնդիրը այնպիսի մեթոդներով, որոնք ընդունելի չեն միջազգային իրավունքի տեսանկյունից», հայտարարել է Ռուսաստանի արտաքին գերատեսչության ղեկավարը: «Ես հարյուր տոկոսով վստահ եմ, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ այդպիսի փորձեր չեն լինի, քանի որ, կրկնում եմ, ես մասնակցել եմ նախագահ Մեդվեդեւի` նախագահներ Սարգսյանի եւ Ալիեւի հետ հանդիպումներին, եւ բոլոր երեք նախագահները փաստաթղթեր են ստորագրել, որոնք թույլ չեն տալիս ուժի կիրառում...»:

Լավրովը նշել է, որ, մասնակցելով Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւի նախաձեռնությամբ իրականացված Հայաստան-Ադրբեջան նախագահական մի քանի հանդիպումներին, կարող է վկայել, որ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների խոսակցությունը եղել է բաց. «Երկու երկրների նախագահները ազնվորեն ներկայացրել են այն խնդիրները, որոնք հարկ է լուծել հասնելու երկուստեք ընդունելի համաձայնության»:

Այն ժամանակ, երբ հայկական կողմը բանակցությունների հիմք է ներկայացնում մադրիդյան փաստաթղթի պետերբուրգյան վերջին առաջարկները, իսկ Ադրբեջանը հերքում դրանց ներկայացումը այն մոտեցմամբ, թե Ռուսաստանի ներկայացրածը չի կարող դիտարկվել որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների առաջարկ, Լավրովը հարցազրույցում հստակորեն ընդգծել է. «Նախագահ Մեդվեդեւի ձեռնարկած ու ձեռնարկելիք քայլերը ունեն մյուս համանախագահների աջակցությունը»:

«Ե՛վ ամերիկացիները, ե՛ւ ֆրանսիացիները մեկ անգամ չէ, որ համաձայնություն են հայտնել այն գաղափարներին, որոնք մենք ենք առաջարկել: Ամեն դեպքում, մենք այդ գաղափարները «անցկացնում-փորձարկում ենք» համանախագահների հետ, ինչը տեղի ուներ նաեւ Սանկտ Պետերբուրգում վերջին հանդիպման ժամանակ», ասել է Լավրովը:

Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4