«Եթե ձեզ բռնաբարում է թշնամին, մի՛ դիմադրեք, մի՛ լարվեք, ստացեք՛ առավելագույն հաճույք»: Սա ամերիկյան բանակի կանանց համար կանոնակարգի 6-րդ հոդվածի բովանդակությունն է, մեջբերում է սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը :
Նա հայ-ռուսական հարաբերությունները նմանեցնում է այդ կանոնակարգին, որտեղ պայմանականորեն զոհի կարգավիճակում միշտ հայտնվում է Հայաստանը: «Հայկական կողմը երբեք չի կարող մերժել ռուսների որեւէ առաջարկը, հետեւաբար պետք է թուլանալ եւ մաքսիմալ հաճույք ստանալ»: Կնքվելիք պայմանագրի կապակցությամբ սոցիոլոգը պարզել է հասարակության տրամադրությունը: «Երկրի արտաքին տնտեսական կապերը ո՞ր ուղղությանն եք կապում» հարցին մեծամասնությունը նշել է Ռուսաստան անունը: Սոցիոլոգը հիշում է, որ 1991-ին հասարակության 60 տոկոսը դեմ էր ԽՍՀՄ կազմից դուրս գալուն:
Հանրային խորհրդի անդամ, բնապահպան Կարինե Դանիելյանի ներկայացմամբՙ մեր տարածաշրջանը գլոբալ շահերի բախման թնջուկ է: «Եթե այսօր ինքնիշխան պետություն ենք, նշանակում էՙ կարողացել ենք ճիշտ կողմնորոշվել, սակայն կորցրել ենք մեր տարածքի զգալի մասը, ուրեմն այնքան էլ լավ չենք կողմնորոշվել», ասում է նա եւ հղում կատարելով պատմությանը հիշեցնում, որ Ռուսաստանը միշտ եղել է Հայաստանի կողքին, սակայն ճակատագրական պահին լքել է, դավաճանել: Հետեւաբար հույսը դնել Մոսկվայի վրա ու հանգիստ ապրել` սխալ է: Հասարակության հետ շփումներից բնապահպանը պարզել է, որ ռազմակայանների կապակցությամբ մի քանի տեսակետ կա: «Կա չափազանց դրական տեսակետ, որ այդ պայմանագրով մեր ռազմական անվտանգությունն ենք ապահովում, ինչը ես համարում եմ սխալ: Առավել ծայրահեղ տրամադրվածները բացասական են գնահատում ՌԴ նախագահի այցելությունն ու ստորագրվելիք պայմանագիրը համարում կոմպլեմենտար քաղաքականության վերջը: Եթե մինչ այսօր փորձում էինք հավասարակշռել մեր հարաբերությունները ՌԴ-ի, Արեւմուտքի հետ, ապա այս պայմանագրով վերջ ենք դնում հավասարակշռությանն ու դառնում Ռուսաստանի կցորդը», նշում է նա: Բնապահպանը համոզված է, որ պայմանագրի ժամկետի երկարաձգումը չի նշանակում մեր լիարժեք անվտանգության գրավական: «Պետք է հաշվի առնենք մեր պատմական փորձն ու գնահատենք դարերի ընթացքում Ռուսաստանի վարած վարքագիծը»:
Սոցիոլոգն էլ ասաց, որ պատմությունից դասեր չենք քաղում ու միշտ հայտնվում ենք կոտրած տաշտակի առաջ մեր միամտության պատճառով: «Անընդհատ հավատացել եւ այսօր էլ հավատում ենք, սակայն այլ տարբերակ նույնպես չկա»: Ադիբեկյանը հավելում է, որ պայմանագրի ժամկետի երկարաձգումը մտահոգիչ փաստ է, սակայն հասարակության շրջանում ըմբոստություն չի նկատվում, որովհետեւ նախ լայն զանգվածները տեղեկացված չեն, բացի այդՙ յուրաքանչյուր երրորդ հայ ընտանիքի անդամներից գոնե մեկն աշխատում է Ռուսաստանում, հետեւաբար յուրաքանչյուր կապ Ռուսաստանի հետ գնահատում են դրական:
Կարինե Դանիելյանը հավելեց, որ հասարակության շրջանում ըմբոստություն չկա, որովհետեւ կարծում են, որ կնքվելիք պայմանագիրը չարյաց փոքրագույնն է:
ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ