Թե ինչպես է, որ Վրաստանում մաքսազերծումը կամայականություններով չի որոշվում
Հարավային Կովկասի երկրների համար սովորական է այն գնահատականը, թե այստեղ որեւէ բան երբեւէ նորմալ լինել չի կարող: Ավելի հաճախ էլ մեկս մյուսին նայելով հույս ենք տալիս, թե հարեւանների մոտ էլ իրավիճակը բարվոքությամբ աչքի չի ընկնում: Ու կարծես վատն ընդօրինակելու բացառիկ «ձիրքով» օժտված լինենք, մինչդեռ լավը կրկնելու որեւէ մտադրության չես հանդիպի:
Հայաստանի մաքսային ծառայությունն ու ընդհանրապես ոստիկանական համակարգն ու դրան առնչվող բոլոր հարցերը մարդկանց մեջ արդարացիորեն դժգոհության տեղիք են տալիս. մաքսայինում շատ դժվար է հասկանալ, թե ինչպես ղեկավարվել բազմաթիվ «լուսանցքներ» ունեցող օրենսդրությամբ, ոստիկանությունն էլ ընդհանրապես հավատ չներշնչող կառույց է, որտեղ լավն էլ, վատն էլ նույն դժկամությանն են հանդիպում հասարակության կողմից:
Մի քանի առիթ լրիվ բավարար է, որ, ասենք, Հայաստան դրսից ավտոմեքենա բերող յուրաքանչյուր անձ ուղղակի հիասթափվի ոչ միայն հայաստանյան իշխանություններից, այլեւ երկրից ամբողջությամբ: Թե ինչպիսին են մեքենան ներմուծելու, մաքսազերծելու ու դրան հաջորդող մյուս գործողությունների ընթացքն ու հերթականությունը, մնում է միայն գուշակել կամ, լավագույն դեպքում, զբաղվել օրենսդրության ուսումնասիրությամբ, այն էլ լուրջ ուսումնասիրությամբ: Նույն անկարգ «կարգն» էլ գործում է վարորդական իրավունք ստանալու պարագայում: Այս երկու գործընթացները միասին կարող են մարդու մեջ ոչ միայն վերացնել մեքենա ունենալու ցանկությունը, այլեւ Հայաստանից հեռանալու հարցում հերթական «խթան» հանդիսանալ:
Իսկ հարեւան Վրաստանում, օրինակ, բնավ էլ խնդրահարույց չեն ինչպես վարորդական իրավունք ստանալը, այնպես էլ մեքենայի մաքսազերծումը, համարանիշ ստանալն ու դրան առնչվող մյուս գործերը: Ավելին, պարզվում է, հարեւան երկրում ոչ մի դուռ թակելու, այդուհետեւ էլ սրա-նրա պահանջող հայացքից ճնշված դրամական կլորիկ միջոցներ «բաժանելու» հարկադիր անհրաժեշտություն չկա:
Ամենից առաջ, Վրաստանում ներքին գործերի նախարարությանը կից ստեղծվել ու Ռուսթավի քաղաքում գործում է Ծառայությունների գործակալությունը, որտեղ էլ մարդիկ, հայաստանյան չափումներով, անհավատալի արագությամբ կարող են ստանալ ինչպես վարորդական իրավունք, այնպես էլ մաքսազերծել ներմուծած մեքենան: Գործակալությունը հսկայական ու իրապես թափանցիկ ու բաց մի մեծ շենք է տնօրինում, որտեղ ավտոմեքենայի պետհամարանիշներ ձեռք բերելուց մինչեւ վարորդական իրավունք ստանալու համար քննություն հանձնելն այնքան բաց ու տեսանելի է, որ առավելագույնս դժվար կլինի որեւէ մեկի համար «օգնել» հաճախորդին:
Առաջին, անգամ երկրորդ, նույնիսկ երրորդ անգամ տրամադրված բացատրությունից հետո էլ դժվար է հավատալ, որ Վրաստանում վարորդական իրավունք ստանալու քննությունն արժե 40 լարի, իսկ հենց վկայականի տրամադրումը` ընդամենը 15 լարի: Այսինքն` մոտ 30 դոլարը բավարար է, որ մարդ գնա, հանձնի համակարգչային հիմքով անցկացվող քննությունը, հանձնի նաեւ մեքենա վարելու թեստն ու ստանա վարորդական իրավունքի վկայական: Ընդ որում, քննությունն անցկացվում է մի քանի լեզուներով, այդ թվում` հայերեն, ադրբեջաներեն, ռուսերեն, բոլոր հարմարությունները ստեղծված են նույն տարածքում, իսկ այդ ամենին տրամադրելիք ժամանակն էլ չի գերազանցելու երկու-երեք ժամը:
Քննությունն ու վարելու թեստը հանձնելուց հետո վարորդական իրավունքի վկայականը կարելի է ստանալ տեղում, մեծ ու բաց սրահում նստած վայելուչ աղջիկներից, որոնց աշխատանքային «կաբինետը» երկար ու թաքստոցային տեղեր չունեցող սեղանն է եւ համակարգիչը:
Նույն այդ տարածքում, հարեւան երկար սեղանին այն անձնակազմն է, որ զբաղվում է մաքսազերծման գանձումներով եւ պետհամարանիշների տրամադրմամբ: Փորձիր, լրջորեն ու ջանասիրաբար փորձիր պատկերացնել, որ արտերկրից ներմուծվող մեքենայի մաքսազերծման համար անհրաժեշտ մաքսատուրքը Վրաստանում կարող եք ազատորեն իմանալ` մտնելով համապատասխան ծառայության կայքէջ ու հաշվարկելով շատ պարզ բանաձեւով: Այսինքն` Վրաստանի մաքսային ծառայությունները տրամադրվում են ոչ թե իրենց ցանկությամբ ու տրամադրությամբ սահմանվող մաքսազերծման գումարով, այլ բոլորին հայտնի ձեւով:
Վրաստանում մեքենա մաքսազերծելն այնքան արագ ու էժան է կատարվում, որ հնարավորության դեպքում վրացական գրանցմամբ մեքենան հաստատապես նախընտրելի է Հայաստանում մեքենա գրանցելուց, հատկապես որ այդ պարագայում գործ չես ունենա մեր մաքսայինի հետ, ավելին, չես հայտնվի մեքենան գրանցելիս չգիտես որտեղից հայտնվող «ուզվորների» թակարդում:
Վրաստանում մեքենա մաքսազերծելը ոչ թե կարող է արժենալ մեքենան ձեռք բերելու համար վճարած գնի մի զգալի մասը, ընդ որում, ըստ էության, կամայական հաշվարկմամբ, ինչպես Հայաստանում, այլ ամենապարզ ձեւով որոշվող հարաբերակցությամբ: Ասենք, 2005թ. արտադրության մեքենան մաքսազերծելիս, որի շարժիչի հզորությունը երեք լիտր է, մաքսազերծումը կկազմի մոտ 1000 դոլար: Ամեն դեպքում, մաքսազերծման գումարը հաշվարկելիս հաշվի են առնվում մեքենայի արտադրության տարեթիվը եւ շարժիչի հզորությունը, այլ ոչ թե եղբայր-դրացի-բարեկամ կապերը կամ դրանց բացակայությունը:
Վրաստանում մեքենայի մաքսազերծման համար հորեղբոր ու տատ-պապական կապերի հեռավոր ճյուղերին փնտրելու որեւէ անհրաժեշտություն չկա, ու մաքսազերծման գործընթացն էլ շաբաթների փոխարեն տեւում է առավելագույնը մեկ ժամ, կարելի է վստահաբար ասել, որ այս հարցում մեր հարեւանները քաղաքակրթության հասել են, իսկ մենք դեռ գավառամտության խավարում խարխափում ենք, ինչից, ի դեպ, լավ էլ օգտվողներ կան: Այսինքն` այն, ինչ Վրաստանում հաճելի գործընթաց է դարձել, մեզանում դեռ նյարդաքայքայիչ ու ծախսատար է, իսկ գործընթացներն իրականացնողների համար` «խոպան»:
Այս ամենին մնում է ավելացնել, որ Վրաստանում արդեն մի քանի տարի գործող գործակալության այս շենքը գեղեցիկ ու մաքուր է, ծակուռներ, անհասցե դռներ ու այդ դռներից ներս գտնվող «մաղարիչ» պահանջող մուրացիկներ չունի: Այդ ամենի փոխարեն մեկ ընդհանուր տարածքում են հավաքված անհրաժեշտ ամեն բան` քննության հանձնման, մաքսային, բանկային ծառայությունների, դրամի փոխանակման, թեստավորման, համարանիշ ընտրելու, ըստ այդմ վճարելու եւ դրանք անմիջապես ստանալու համար: Ընդ որում, Վրաստանում թույլատրելի է ավտոմեքենայի համարանիշը որեւէ մեկի անունով ստանալու տարբերակը` համապատասխան վճարով:
Այս ամենը հեքիաթասացություն չէ, այլ այն ամենի ներկայացում, ինչն այսօր առաջարկում է Վրաստանը ավտոմեքենա ունենալու եւ այն վարելու ցանկություն ունեցողներին: Իսկ Հայաստանում մեքենա ունենալը, վարելը եւ, առավել եւս, հետագայում այն վաճառելու փորձերը զուտ տհաճություն բերող գործընթացներ են: Ու չնայած Վրաստանում, այս ամենի կողքին, նաեւ հավատում են, թե ներքին գործերի նախարարության ապակեպատ նոր շենքը կարող է թափանցիկության երաշխիք լինել, սակայն հստակ է, որ գոնե մեքենաների մաքսազերծման ու վարորդական իրավունք ստանալու հարցում, առանց ապակեպատ շենքի էլ, հաջողվել է կովկասյան բարքերից վեր բարձրանալ:
Տեսնես կգա՞ մի ժամանակ, երբ Հայաստանում էլ կաշի քերթելու փոխարեն կմտածեն մարդկանց ծառայելու մասին...
ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ, Ռուսթավի-Երեւան