«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#147, 2010-08-18 | #148, 2010-08-19 | #149, 2010-08-20


ՀՀ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՊԱՐԳԵՎԻՆ ԱՐԺԱՆԱՑԱՎ ԶԱՎԵՆ ԵԿԱՎՅԱՆԸ

«Գալուստ Գյուլբենկյան» հիմնարկության գործունեությանը «Ազգը» բազմիցս անդրադարձել է: Հիմնարկության հայկական բաժանմունքը 60 եւ ավելի տարիներ զբաղված է բազմաթիվ ու բազմաբնույթ օժանդակություններ, բարեգործական աջակցություն ցույց տալով սփյուռքահայ դպրոցներին եւ հանրային հաստատություններին ամբողջ Միջին Արեւելքում: Հիմնարկության կրթաթոշակներով սփյուռքահայ ուսանողները կրթություն են ստանում աշխարհի տարբեր բուհերում: Բացի կրթականից, «Գյուլբենկյան» հիմնարկությունն իրականացնում է նաեւ առողջապահության բնագավառում մի շարք ծրագրեր, դրանցում ընդգրկելով նաեւ Հայաստանը: Նրա խնամակալության տակ է գտնվում նաեւ Գյումրիի «Թռչունյան տուն» որբանոցը:

Բազմաթիվ են սփյուռքում եւ Հայաստանում հիմնարկության ֆինանսավորմամբ տպագրվող հայագիտական արժեք ներկայացնող կարեւոր գրքերը, հրատարակվող հուշարձանային արժեք ունեցող հատորները: «Գյուլբենկյան» հիմնարկության հայկական բաժանմունքի տնօրեն, դոկտոր Զավեն Եկավյանի ջանքերի շնորհիվ սերտ կապեր ու համագործակցություն է հաստատվել Մատենադարանի, Երեւանի պետական համալսարանի եւ այլ հաստատությունների հետ, իրականացվում են հովանավորչական շարունակական ծրագրեր: Բազմաթիվ են մշակույթի ոլորտում «Գյուլբենկյան» հիմնարկության իրականացրած բարեգործական ծրագրերը:

Երեկ ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանն ընդունել է «Գալուստ Գյուլբենկյան» հիմնարկության հայկական բաժանմունքի տնօրեն Զավեն Եկավյանին ու նրա տիկնոջըՙ Ինգրիդին: Նախարարը պրն Եկավյանին է հանձնել ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալըՙ հայ մշակույթի զարգացման ու տարածման ասպարեզում ունեցած նշանակալի ավանդի համար:

Նախարարը հանձնելով պարգեւը` գնահատանքի խոսքով անդրադարձ կատարեց դոկտոր Եկավյանի հայապահպանության ու երիտասարդ սերնդի հայեցի դաստիարակության հայրենանվեր գործունեությանը, ինչին ի պատասխան դոկտոր Եկավյանի խոսքը հակիրճ էր ու խոսուն. «Արյանս մեջ է, լինելով Լիսաբոնում, միեւնույն է, ես այս ժողովրդի զավակն եմ»: Դոկտոր Եկավյանը շնորհակալությամբ ընդունելով պարգեւը, անմիջապես էլ անցավ գործնական խնդիրներին, առաջարկելով նախարարության հետ ստորագրել համագործակցության համաձայնագիր: Նախարարի կողմից առաջարկը միանշանակ հավանության արժանացավ եւ երկկողմ համաձայնությամբ որոշվեց, որ նախապատրաստվող փաթեթում աջակցության նախապատվությունների թվին կդասվեն հուշարձանների, հրատարակչական ու թարգմանական ոլորտները, մշակութային կրթությունը, անապահով երեխաների գեղագիտական դաստիարակությունը, երաժշտական գործիքների ձեռքբերումն ու ազգային նվագարանների պատրաստումը:

Նախարար Հասմիկ Պողոսյանը հատուկ շեշտելով «Գալուստ Գյուլբենկյան» հիմնարկության հրատարակչական հսկայածավալ գործունեությունը, առաջարկեց «Երեւանը գրքի 2012 թ. համաշխարհային մայրաքաղաքի» հռչակմանը նվիրված միջոցառումների ծրագրում ներկայանալ հիմնադրամի 700-ից ավել հրատարակությունների ցուցադրությունով:

«Գալուստ Գյուլբենկյան» հիմնարկության հայկական բաժանմունքի տնօրեն դոկտոր Զավեն Եկավյանը շնորհակալություն հայտնելով նախարարին հանդիպման ու խնդիրներին գործնական մոտեցում ցուցաբերելու համար, մեկ անգամ եւս փաստեց, որ հիմնարկությունը լինելով միջազգային կազմակերպություն, մեծապես կարեւորում է պետական կառույցների հետ համագործակցությունը` որպես վստահելի ու հեռանկարային գործընկերոջ:

ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4