«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#147, 2010-08-18 | #148, 2010-08-19 | #149, 2010-08-20


ՀԲԸՄ ԿՐԹԱԹՈՇԱԿԻ ԱՐԺԱՆԱՑԱԾ ԱՆՈՒՇ ՆԻԿՈՂՈՍՅԱՆԸՙ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՐՑՈՒՅԹԻ ՀԱՂԹՈՂ

ՀԲԸՄիության կրթաթոշակի արժանացած, Մյունխենի երաժշտական բարձրագույն ակադեմիայի 3-րդ կուրսի ուսանողուհի երեւանցի 20-ամյա Անուշ Նիկողոսյանը հունիսի

6-ին մասնակցելով Ավստրիայի Կերտներ շրջանում տեղի ունեցած ջութակահարների «Կերտներ Սպարկասե» միջազգային հեղինակավոր մրցույթինՙ ճանաչվել է լավագույնը եւ արժանացել 10 հազար եվրո գլխավոր մրցանակին: Այս մասին է տեղեկացնում «Արմինյն միրոր սփեքթեյթր» շաբաթաթերթի հուլիսի 24-ի համարը, հավելելով, որ մրցույթին մասնակցել են 96 տաղանդավոր ջութակահարներ աշխարհի 30 երկրներից, ներառյալ ԱՄՆ-ը, Ռուսաստանը, Ֆրանսիան, Գերմանիան, Իտալիան, Անգլիան, Չինաստանը եւ Ճապոնիան:

Անուշ Նիկողոսյանը նաեւ արժանացել է ժյուրիի հատուկ մրցանակինՙ առաջին փուլում Մոցարտի կոնցերտի լավագույն կատարման համար: Բացի դրանից, առ ի գնահատանք նրա հրաշալի ելույթի, Վիեննայի սիմֆոնիկ նվագախումբը, աշխարհահռչակ Ֆաբիո Լուիջիի ղեկավարությամբ, երկու համերգի պայմանագիր է ստորագրել նրա հետ: Համերգները տեղի կունենան 2011 թ. փետրվարին: Նա նաեւ 14 այլ հրավերներ է ստացել մասնակցելու տարբեր միջազգային փառատոնների, այդ թվում եւ Ճապոնիայի Սապպորո քաղաքի փառատոնին:

Անուշը 1995-2003 թթ. սովորել է Երեւանի Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցում: 2005-ին ավարտել է Երեւանի պետական կոնսերվատորիան: Ելույթներով հանդես է եկել Մեծ Բրիտանիայում, Միացյալ Արաբական Էմիրություններում, Սիրիայում, Ռուսաստանում եւ Գերմանիայում:

Հ. Ծ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4