«Ազգը» անդրադարձել է սովետական կրկեսի, էստրադայի եւ կինոյի վարպետ Լեոնիդ Ենգիբարյանի 75-ամյակին նվիրված «Մնջախաղի միջազգային փառատոնին», որին հրավիրվել էր ու ելույթներով հանդես եկավ նաեւ Ենգիբարյանի թոռըՙ Պետեր Պոպպերը: Երեկ 26-ամյա Պետեր Պոպպերին , մեծանուն արտիստի բարեկամուհի Անահիտ Ղափլանյանին եւ Չեխիայում լույս տեսնող «Օրեր» ամսագրի խմբագիր Հակոբ Ասատրյանին ընդունեց ՀՀ սփյուռքի նախարարը:
Ողջունելով հյուրերին նախարար Հրանուշ Հակոբյանն իր ուրախությունը հայտնեց, որ Լ. Ենգիբարյանի թոռը ցանկանում է բնակություն հաստատել հայրենիքում: Տկն Ղափլանյանը խնդրեց նախարարին օգնել Պետերին երկքաղաքացիություն ստանալու հարցում: Նախարարը ողջունեց մեծանուն արվեստագետի թոռան ցանկությունը եւ խոստացավ աջակցել ու նաեւ ռուսական լավագույն կրթօջախներից մեկում ուսումնառություն ստանալու համար միջնորդել:
Մ. Մ.