Արդեն եղել է կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանի հրամանագիրը` «Հանրակրթական ուսումնական հաստատության ուսուցչի երդումը հաստատելու մասին»:
«Ես` ընտրելով մատաղ սերնդի կրթության եւ դաստիարակության չափազանց պատասխանատու եւ պատվաբեր ճանապարհը, հանդիսավոր երդվում եմ` պատվով կրել Ուսուցչի բարձր եւ վեհ կոչումը: Երդվո՛ւմ եմ: Իմ ստացած գիտելիքները, ստեղծագործական ողջ ներուժն ու հոգու ջերմությունն ամբողջությամբ նվիրել երեխաների կրթության եւ դաստիարակության գործին: Երդվո՛ւմ եմ: Երդվում եմ` լինել արդարամիտ, բարի, իմ գործին նվիրված եւ այդպիսին էլ դաստիարակել իմ աշակերտներին, ամեն ինչ անել, որպեսզի նրանք մեծ կյանք մտնեն սեփական ժողովրդի եւ Հայրենիքի հանդեպ պատասխանատվության մեծ զգացումով: Երդվում եմ ամեն ինչ անել, որպեսզի մեր երկրի համար դաստիարակեմ բարեկիրթ, հայրենասեր, սեփական ուժերին վստահ քաղաքացիներ: Երդվո՛ւմ ենք: Երդվում եմ` բարձր պահել հայ դպրոցի սուրբ անունը: Երդվո՛ւմ ենք»:
Այս` մի քիչ խորհրդային, պաթետիկ ոճով գրված տեքստը նախատեսված է ուսուցիչների համար, որպեսզի նրանք չմոռանան, որ դպրոց են մտել ոչ թե փող աշխատելու, այլ գիտելիք փոխանցելու համար: Ու անընդհատ կրկնվող «Երդվում եմ»-ներն էլ երեւի նրա համար են, որ ուսուցիչը պարտավորված լինի կաշառք չվերցնել:
Այնքան կցանկանայի սեպտեմբերի 1-ին հետեւել, թե ինչպես է իմ հայոց լեզվի եւ գրականության ուսուցիչը պատվավոր կերպով երդվելու, որ լինելու է լավագույններից լավագույնը, ամեն ինչ անելու է, որպեսզի մեսրոպատառ հայոց լեզուն փոխանցի նոր սերնդին, բայց մի քանի ամիս անց հերթով բոլոր աշակերտների ծնողներին կանչելու է դպրոց ու ասելու, որ մինչեւ «չմուծեն»` գնահատական չի դնելու: Երբ ես էի դպրոցն ավարտում, նա գնացուցակ ուներ, թե որ գնահատականի համար ինչ գումար է անհրաժեշտ, եւ հեչ կարեւոր չէր, որ աշակերտը 10-րդ դասարանում անուն-ազգանունը գրել չէր կարողանում, կարեւորը պապայի քսակն էր. եթե փող կա` բարձր գնահատական էլ կլինի: Կարծում եմ` նա միակը չէ, ու հանրապետության բոլոր դպրոցներում նման ուսուցիչները շատ են: Եվ դրա մասին բոլորը գիտեն` ընդհուպ Արմեն Աշոտյանը:
Որ ուսուցիչները պետք է սեպտեմբերի 1-ին երդվեն, չի նշանակում, թե կրթության ոլորտում խնդիրները կլուծվեն: Լինելով մասնագիտությամբ բժիշկՙ Աշոտյանը պետք է քաջատեղյակ լիներ, որ Հիպոկրատի երդումը հազարավոր բժիշկների համար որեւէ նշանակություն չունի, փող կա` կվիրահատենք, պետպատվերի շրջանակում պետք է բուժումն անցկացվի, նշանակում էՙ կարելի է հիվանդին «մատների արանքով» ստուգել ու, ասենք, երիկամի փոխարեն գրել, որ լեղապարկում քար կա, կամ գլուխն ազատելու համար միանգամից ասել, որ ոչինչ չկա, սովորական մրսածություն է, թեյ խմիրՙ կանցնի: Ու ինչպես բժիշկներն են ցուցամատն ու միջնամատը խաչ անում ու երդումը խախտում, նույնն էլ կանեն մանկավարժները:
Այս ամենն ընդամենը շոու է, ձեւականություն: Եթե Հայաստանի կրթական ոլորտին անտեղյակ մարդը կարդար այս հրամանագիրը, կնախանձեր մեր դպրոցների կարգավիճակին: Այն տպավորությունն է, որ դպրոցն ազգային հիմքերի վրա է, օտարալեզու դպրոցներն այլեւս սպառնալիք չեն, աշակերտներն էլ քննությունների ժամանակ չեն խայտառակվում` ցուցադրելով անգրագիտությունը, քննական թեստերն անթերի են, դասագրքերըՙ մատչելի ու գրագետ կազմված, դպրոցում կոռուպցիա ասված հասկացությունը չկա, աշակերտները հարգում են դասարան մտած ուսուցչին, ծնողը ստիպված չի լինում երեխային արտահերթ պարապելու տալ` բուհ ընդունելու համար, Բոլոնյան համակարգն ուղղակի անթերի է գործում, ուսուցիչներն ու աշակերտներն արդեն հասկացել են ավագ դպրոց ասվածը, մնացել էր սարի սմբուլը, այսինքնՙ ուսուցիչների «պրիսյագի» կազմակերպումը: Փաստն այն է, որ վերոնշյալ որեւէ խնդիր չի լուծվել, ու հայկական դպրոցը վերածվում է ճահճի: Բայց դա ոչ մեկին չի հետաքրքրում: Ցավոք, սա փաստում է, որ կրթության հիմնախնդրին մեր երկրում որեւէ մեկն ուշադրություն չի դարձնում: Ինձ առավել անհանգստացնում է այն իրողությունը, որ ընդունելության քննության ժամանակ աշակերտը հայոց պատմության քննության ժամանակ ասել էր, որ Հայոց ցեղասպանությունը տեղի է ունեցել 1945-ին, իսկ Առաջին համաշխարհային պատերազմը` 1994-ին: Կամՙ հայոց գրերը ստեղծել է Խաչատուր Աբովյանը: Կարծում եմՙ նախարարին էլ առաջնահերթ սա պետք է մտահոգի, այլ ոչ թե` ուսուցիչը երդվում է, թե` ոչ:
ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Հ. Գ. Պետությունից 32.000 դրամ աշխատավարձ ստացող բժշկին հենց պետությունն է ստիպում երդմնազանց լինել: Նույնը կլինի մանկավարժի պարագայում: