«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#147, 2010-08-18 | #148, 2010-08-19 | #149, 2010-08-20


ԳՈՌ ՄԻՆԱՍՅԱՆՆ ՕԼԻՄՊԻԱԴԱՅԻ ՓՈԽՉԵՄՊԻՈՆ

Սինգապուրի ամառային պատանեկան օլիմպիական խաղերում իրենց մրցավեճն ավարտեցին ծանրորդները: Մրցումների կանոնակարգով յուրաքանչյուր երկիր առավելագույնը կարող էր մրցասպարեզ դուրս բերել ընդամենը երկու ծանրորդի: Հայաստանն այդ իրավունքը նվաճել էր վարկանիշային մրցումներում:

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, մինչեւ 56 կգ քաշային կարգում Սմբատ Մարգարյանը նվաճել էր բրոնզե մեդալ: Մրցումների վերջին օրը մրցասպարեզ դուրս եկավ գերծանրքաշային Գոռ Մինասյանը: 16-ամյա պատանին 123 կգ անձնական քաշ ունի: Մայիսին Վալենսիայում կայացած Եվրոպայի պատանեկան առաջնությունում Գոռը երկամարտի 340 կգ (155+185) արդյունքով արժանացել էր արծաթե մեդալի: Թեեւ Սինգապուրում նա 10 կգ-ով բարելավեց ցուցանիշը, սակայն կրկին ստիպված էր բավարարվել արծաթե մեդալով, ինչը եւս մեծ նվաճում է պատանի ծանրորդի համար:

Գերծանրքաշայինների մրցավեճում օլիմպիական չեմպիոնի տիտղոսի համար հիմնական պայքարն ընթացավ Գոռ Մինասյանի եւ իրանցի Ալիռեզա Կազեմինեժադի միջեւ: Վերջինս անձնական քաշով 32 կգ-ով գերազանցում էր հայ ծանրորդին:

Գոռն անհաջող սկսեց մրցումը: Նա միայն 2-րդ փորձից կարողացավ պոկում վարժությունում բարձրացնել պատվիրած նախնական 155 կգ քաշը: 3-րդ մոտեցմամբ Գոռը իրեն ենթարկեց 160 կգ-անոց ծանրաձողը: Այս արդյունքը լավագույնն էր, քանի որ իրանցի ծանրորդը 148 եւ 155 կգ բարձրացնելուց հետո չէր կարողացել իրեն ենթարկել 160 կգ-անոց ծանրաձողը: Սակայն ինչպես հայտնի է, օլիմպիական խաղերում առանձին վարժություններում մեդալներ չեն խաղարկվում, այլապես Գոռը պոկում վարժությունում ոսկե մեդալի կարժանանար:

Թվում էր, թե մրցակցից 5 կգ ավելի բարձրացնելը կնպաստի հայ ծանրորդի ընդհանուր հաջողությանը երկամարտում: Սակայն Մինասյանը շատ անհաջող հանդես եկավ հրում վարժությունում: Միայն 2-րդ փորձից իրեն ենթարկելով 190 կգ-անոց ծանրաձողը, 3-րդ մոտեցման ժամանակ նա չկարողացավ բարձրացնել 195 կգ ծանրությունը: Արդյունքում Գոռը մրցումներն ավարտեց երկամարտի 350 կգ (160+190) արդյունքով: Իսկ ահա իրանցի ծանրորդը հաջորդաբար բարձրացնելով 190 եւ 196 կգ, երկամարտում ցույց տվեց 351 կգ արդյունք (155+196) եւ արժանացավ ոսկե մեդալի: 3-րդ մոտեցման կարիք այլեւս չկար ու իրանցին հրաժարվեց, քանի որ հաղթանակն արդեն ապահովել էր: Բրոնզե մեդալը նվաճեց եգիպտացի Հասան Մոհամեդըՙ 330 կգ (150+180):

Մինչեւ 85 կգ ծանրորդների մրցավեճն ավարտվեց բուլղարացի Գեորգի Շիկովի հաղթանակով: Նա երկամարտում ցույց տվեց 335 կգ (152+183) արդյունք: 2-րդ տեղը գրավեց ռուսաստանցի Ալեքսեյ Կոսովըՙ 334 կգ (154+180): Բրոնզե մրցանակակիր դարձավ ուկրաինացի Կոնստանտին Ռեւանՙ 320 կգ (145+175):

Մինչեւ 77 կգ ծանրորդների մրցումներում օլիմպիական չեմպիոն հռչակվեց ռուսաստանցի Արտյոմ Օկուլովը, որի արդյունքն է 327 կգ (145+182): Նա 16 կգ-ով առաջ անցավ թայլանդցի Չատուպխում Չինավոնգից: Ղազախստանցի Ռուստեմ Սիբայը դարձավ բրոնզե մեդալակիր 285 կգ (130+155) արդյունքով:

Կանանց մրցավեճում 63 կգ-ից բարձր քաշային կարգում չեմպիոնուհու տիտղոսը նվաճեց ռուսաստանցի Օլգա Զուբովան: Նա երկամարտում ցույց տվեց 251 կգ (112+139) արդյունք: Նույնպիսի ցուցանիշ ուներ թայլանդցի Չիտչանոկ Պուսաբկասուլը, որն անձնական քաշով 48 կգ-ով գերազանցում էր Զուբովային: Բրոնզե մեդալակիր դարձավ կորեացի Կուկ Խյան Կիմըՙ 244 կգ (106+138):


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4