«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#149, 2010-08-20 | #150, 2010-08-21 | #151, 2010-08-24


ՄՏԱՀՈԳԻՉ Է ԱՆԿԱՐԱՅԻ ԼՌՈՒԹՅՈՒՆԸ, ԵՐԲ ՄՏԱՀՈԳՈՒԹՅՈՒՆ Է ՏԻՐՈՒՄ ԲԱՔՎԻ ՓՈՂՈՑՆԵՐՈՒՄ

Գուցե Մոսկվան հայ-ռուսական արձանագրության առնչությամբ նախապես զգուշացրե՞լ է Թուրքիային

ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ

  «Ազգի» նախորդ համարում, անդրադառնալով ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւի հայաստանյան պետական այցին, նշել էինք, որ դրան թուրքական հանրային հեռուստատեսությունն արձագանքել է «Բաքվի փողոցներում մտահոգություն է» վերնագրով: Խոսքը տվյալ դեպքում վերաբերում է ՀՀ տարածքում տեղակայված ռուսական ռազմակայանի գործունեության երկարաձգման վերաբերյալ ստորագրված արձանագրությանը, ինչպես նաեւ հայ-ռուսական դաշինքիՙ այդ արձանագրությամբ պայմանավորված ամրագրմանը:

Այս ամենը պետք է մտահոգիչ լիներ նաեւ Հարավային Կովկասում ազդեցություն տարածելու հավակնություններ ունեցող Թուքիայի համար, ինչը ենթադրում էր թուրքական մամուլի լայն արձագանքը ՌԴ նախագահի հայաստանյան այցին: Սակայն թուրքական թերթերի զսպվածությունը գերազանցեց բոլոր ենթադրությունները:

Խնդիրն ավելի հրատապ թեմաների առկայությունը չէր, պարզապես Մեդվեդեւի այցի առնչությամբ Անկարայի պաշտոնական հայտարարության բացակայության պայմաններում թերթերը կամ չեն կարողացել կողմնորոշվել, կամ դեռ լիարժեք չեն ամփոփվել այցի արդյունքները, կամ արեւմտյան տերությունները դրա առնչությամբ արած հետեւությունները չեն հրապարակել, կամ էլՙ Անկարան ԱՄՆ-ի եւ Իսրայելի հետ լարվածության ներկա փուլում չի ցանկանում Ադրբեջանի մտահոգություններին ձայնակցելու գնով անհանգստացնել Մոսկվային:

Ինչ վերաբերում է թուրքական հանրային հեռուստատեսությանը, ապա նա բացի Դմիտրի Մեդվեդեւի այցից, օգոստոսի 20-ին արձագանքեց նաեւ դրա շրջանակներում ստորագրված հայ-ռուսական արձանագրությանը, մատնանշելով. «Երեւանում Մեդվեդեւ-Սարգսյան հանդիպումից հետո ստորագրվեց Հայաստանի տարածքում ռուսական ռազմական ներկայությունը մինչեւ 2044 թ. երաշխավորող պայմանագիրը:

Ռուսաստանի նախագահ Մեդվեդեւը նշեց, որ այս պայմանագրով վերանում են Գյումրիի ռուսական ռազմակայանի զորամասի գործողությունները սահմանափակող դրույթները: Պայմանագիրը նախատեսում է Գյումրիի ռազմակայանի արդիականացումը, որտեղ տեղակայված են 3 հազար ռուս զինծառայողներ: Հայաստանի նախագահ Սարգսյանն ասաց, որ Ռուսաստանից ստացել է Հայաստանի անվտանգության եւ ժամանակակից զենքերի մատակարարման խոստումներ: Այս զարգացումները ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում վիճարկելի են դարձրել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր Ռուսաստանի անկողմնակալությունը: Ռուսական պատվիրակությունը Երեւանում այցելեց նաեւ 1915-ի իրադարձություններին առնչվող հուշահամալիր: Մինչ Ադրբեջանի արտգործնախարարության խոսնակ Էլհան Պոլուխովը հիշեցնում էր Ռուսաստանին, թե 4 տարի առաջ խոսք է տվել, որ Հայաստանում տեղակայված ռազմաբազայի զենքն ու զինամթերքը չի օգտագործի Ադրբեջանի դեմ, փորձագետները կարծիք են հայտնում, որ հայ-ռուսական պայմանագիրը ստորագրվել է Ղարաբաղի հիմնահարցը զենքի ուժով կարգավորելու Ադրբեջանի հնարավոությունները չեզոքացնելու նպատակով»:

Հայ-ռուսական արձանագրությունների ստորագրման հաջորդ օրըՙ օգոստոսի 21-ին, դրան անդրադարձավ նաեւ «Դունյա բյուլտենի» լրատվական կենտրոնը: Ավելի քան ուշագրավ են կենտրոնի դիտարկումները: Ահա թե ինչ է գրել. «Պայմանագրով ռուս զինվորները պարտավորվում են ապահովել Հայաստանի անվտանգությունը, իսկ Ռուսաստանը հայկական բանակին ժամանակակից զենք մատակարարելու պարտավորություն է ստանձնում: Սարգսյանի հետ հանդիպումից հետո Մեդվեդեւը հայտարարեց, որ շարունակվելու են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանն ուղղված ջանքերը: Նա պարզորոշ նշեց, որ այս պայմանագիրն ստորագրվել էՙ կանխելու Աբխազիայում եւ Հարավային Օսիայում տեղի ունեցած պատերազմների կրկնությունը: Մեդվեդեւը միաժամանակ զգուշացրեց Ադրբեջանինՙ ակնարկելով, որ ռազմական գործողությունների դիմելու դեպքում ստիպված կլինի արժանանալ Վրաստանի ճակատագրին»:

Ակամա հարց է ծագումՙ ի՞նչն է դրդել թուրքական լրատվական կենտրոնին էլ ավելի վախեցնել հայ-ռուսական դաշինքի ամրապնդմամբ առանց այդ էլ մտահոգված Ադրբեջանի աչքը: Դա ենթադրո՞ւմ է, որ Մոսկվան արձանագրության մասին նախապես զգուշացրել է Անկարային: Եթե այդպես է, ո՞րն է լինելու դրա գինը: Հարցի պատասխանը չունենք: Պարզապես չենք բացառում հայ-ռուսական արձանագրության ստորագրմամբ Նախիջեւանում թուրքական զորքերի տեղակայման հարցի ավելի ակտիվ վերարծարծումը: Այս մասին է հուշում Մեդվեդեւի այցին թուրքական կողմի լուռ վերաբերմունքը:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4