«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#149, 2010-08-20 | #150, 2010-08-21 | #151, 2010-08-24


ՀԱՊԿ-ԻՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՆ ՊԵՏՔ, ԼՈՒՐՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ռուսաստան, Ղազախստան, Բելառուս, Ոզբեկստան, Տաջիկստան եւ Ղրղզստան. այս երկրներին, ինչպես նաեւ Հայաստանին, միավորում է ոչ միայն համատեղ սովետական անցյալը, ոչ միայն ԱՊՀ անդամակցությունը, այլեւ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ), որը, ստեղծված լինելով ռուսական նախաձեռնությամբ, իրականացնում է հենց առաջին հերթին ռուսական ուղղվածության քաղաքականություն, Մոսկվայի ազդեցության խորացում` նախկին սովետական տարածաշրջանի գոնե այս երկրների վրա: ՀԱՊԿ-ի կարեւոր, իսկ մեզ համար թերեւս գլխավոր, առանձնահատկությունն այն է, որ համաձայն կազմակերպության կանոնադրության 4-րդ կետի` «ՀԱՊԿ անդամ երկրները կարող են օգնություն ցուցաբերել կազմակերպության անդամ յուրաքանչյուր երկրի, որի նկատմամբ կկիրառվի ռազմական ագրեսիա, որը կենթարկվի մեծ չափերի հասնող բնական աղետի»: Սակայն փորձենք հասկանալ, թե ովքեր են մեր դաշնակիցները, որոնք «կարող են նաեւ ռազմական օգնություն» ցուցաբերել մեզ, եթե դրա անհրաժեշտությունը լինի: Նախ եւ առաջ նկատենք, որ ՀԱՊԿ յոթ երկրներին ավելի շատ միավորում են տարաձայնությունները, քան դաշնակցային հարաբերությունները: Մոսկվան ու Բելառուսը դեռ չեն մոռացել «կաթնային սկանդալը», Լուկաշենկոյի խոստումները, գազային որոշ վեճերը, նույն Մինսկը «այդքան էլ վստահություն չունի» Ղրղզստանի նոր ղեկավարության նկատմամբ` ի դեմս նորընտիր նախագահ Ռոզա Օթունբաեւայի. Բելառուսը, հիշեցնենք, քաղաքական ապաստան է տվել ղրղզ «գահընկեց» նախագահ Կուրբանբեկ Բակիեւին: Մյուս կողմից, միայն նախքան երեւանյան ոչ պաշտոնական գագաթաժողովից առաջ, Սոչիում կայացած Ռուսաստան-Աֆղանստան-Պակիստան-Տաջիկստան նախագահական մակարդակով հանդիպումից հետո որոշ տարաձայնություններ հարթվեցին Մոսկվա-Դուշանբե հարաբերություններում, սակայն դրանք` մեծ հաշվով դեռ պահպանվում են: «Միջինասիական ֆրոնտում» նույնպես հարաբերությունները փայլուն չեն. Ղազախստանն ու Ուզբեկստանը պայքար են մղում տարածաշրջանում` ամենամեծ ազդեցության համար, ու «հասցնում» նաեւ Ղրղզստանին «խեղճացնել» էներգետիկ հարցերում: Երբ Բիշքեկը քաղաքական պատերազմների մեջ էր միջինասիական հարեւաններից ոչ մի օգնություն չստացավ, երկրի գյուղատնտեսական ապրանքները, որոնք վաղօրոք լայնորեն սպառվում են նույն միջինասիական շուկայում, այլեւս սպառողներ չգտան: Հենց ղրղզական միջադեպը, վստահաբար, ոչ միայն միջինասիական տարածաշրջանի, այլեւ ամբողջ ՀԱՊԿ-ի անարդյունավետ համագործակցության մասին է վկայում: Կազմակերպությունը, դաշնակիցները անհրաժեշտ օգնություն չուղարկեցին Բիշքեկ. այլ կերպ ասած` չկատարեցին դաշնագրային պարտավորությունները, մինչդեռ «կարող» էին: Հետեւաբար առաջանում է տրամաբանական հարց` իսկ ինչի՞ համար է ստեղծված կազմակերպությունը:

Մեկ այլ հարց առավել հետաքրքրում է հայերիս, իսկ ինչո՞վ պետք է հիմնավորենք մեր այն պնդումները, որ ՀԱՊԿ-ը կօգնի մեզ «դեպքերի հնարավոր զարգացումներից հետո», չէ՞ որ Ղրղզստանը, վերջին հաշվով, որեւէ լուրջ օգնություն չստացավ, իսկ ավելի կարեւոր է` չստացավ անհապաղ օգնություն: «2008-ի կովկասյան դեպքերը ցույց տվեցին, որ ՀԱՊԿ-ը չունի հստակ միասնակամ դիրքորոշում, Կիրգիզիայի դեպքերն ապացուցում են, որ ՀԱՊԿ-ը պատրաստ չէ լուծելու երկրների ներքին անվտանգության խնդիրները: Այս ամենը պետք է ստիպի կազմակերպության անդամներին նորացնել, հստակեցնել կանոնադրությունը եւ ստեղծել վերջապես լուրջ կազմակերպություն, որն ունակ կլինի անցկացնելու պարբերական զորավարժություններ եւ դառնալու ազդեցություն ունեցող ռազմաքաղաքական կազմակերպություն», ռուսական «Նեզավիսեմայա գազետա»-ին է ասել ՌԴ Աշխարհաքաղաքական ակադեմիայի նախագահ, գեներալ-գնդապետ Լեոնիդ Իվաշովը: Գեներալի կարծիքովՙ այս ամենին հասնելու համար նախ եւ առաջ պետք է վերանայել ՀԱՊԿ կանոնադրության 4-րդ հոդվածը, որտեղ նշված է, որ անդամ երկրները անհրաժեշտության պարագայում «կարող են» օգնել դաշնակցին: «Պետք է «կարող են» ձեւակերպումը դարձնել «Պարտավոր են»: Անհրաժեշտ է նաեւ հստակեցնել կազմակերպության գործունեությունը անդամ երկրների ներքին անվտանգության սպառնալիքները վերացնելու ուղղությամբ, ու սա պետք է անել այնպես, որ հանկարծ չդիտվի որպես «երկրների ներքին կյանքի միջամտում»: Պետք է հստակ ամրագրել ՀԱՊԿ գործողությունները տարբեր հարցերում, հստակ եւ անհապաղ արձագանքել որեւէ միջադեպի, ներմուծել կառավարման օնլայն համակարգ, ընդլայնել ՀԱՊԿ ղեկավարության լիազորություններն` ընդուպ անհապաղ որոշումների ընդունում, անշուշտ համաձայնեցնելով դրանք անդամ երկրների նախագահների հետ», նշել է Իվաշովը:

Հիշեցնենք` ՀԱՊԿ երեւանյան ոչ պաշտոնական գագաթաժողովից հետո ասուլիսում, նախագահներ Սարգսյանն ու Մեդվեդեւը նույնպես անհրաժեշտ համարեցին որոշ փոփոխություններ կազմակերպությունում: Սերժ Սարգսյանը մասնավորապես ընդգծեց, որ «գագաթաժողովի ընթացքում քննարկվել են հարցեր` կապված հակաճգնաժամային մեխանիզմների մշակմանը»: Իր հերթին ՌԴ նախագահը նշեց. «Ղրղզստանի դեպքերից պետք է դասեր քաղել: Մենք քննարկել ենք այն քայլերը, որոնք կնպաստեն երկրում իրավիճակի բարելավմանը: Խնդիրներ շատ կան: Այս տարվա դեկտեմբերին Մոսկվայում անցկացվելիք ՀԱՊԿ գագաթաժողովին, մենք որոշել ենք փոփոխություններ մտցնել ՀԱՊԿ կանոնադրության մեջ, որպեսզի կազմակերպությունը ավելի արդյունավետ կարողանա ազդել ճգնաժամային իրավիճակների վրա: Այս առումով մենք հաշվի կառնենք ՆԱՏՕ-ի եւ Եվրոմիության փորձը»: Իսկ քանի դեռ այդ փոփոխությունները կատարված չեն, քանի դեռ կան լուրջ տարաձայնություններ դաշնակիցների միջեւ, ՀԱՊԿ-ն կմնա պարզապես «զսպաշապիկ` մի շարք տարածաշրջաններում սառեցված հակամարտությունների վերսկսման համար», ինչն էլ «ռազմաքաղաքական» կոչվող կազմակերպության առայժմ միակ առավելությունն է:

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4