Ինչպես տեղեկացանք «Արդշինինվեստբանկից», օգոստոսի 21-ին տեղի է ունեցել բանկի վերանորոգված եւ բարեկարգված «Արմավիր» մասնաճյուղի նոր հասցեում վերաբացման արարողությունը: Մասնաճյուղի գործունեության վայրը փոփոխվել է «Արդշինինվեստբանկի» մասնաճյուղային ցանցի բարելավման եւ կատարելագործման ծրագրի շրջանակներում:
«Արմավիր» մասնաճյուղը հագեցված է ժամանակակից որակյալ տեխնիկայով եւ պատրաստ է շարունակել արագ եւ հուսալի բանկային ծառայությունների մատուցումը` ավանդների ընդունում, դրամական փոխանցումների սպասարկում, կոմունալ եւ այլ վարձավճարների գանձում, վարկերի տրամադրում եւ այլն:
Ըստ բանկի հաղորդագրության, 2010-ի առաջին վեց ամիսների տվյալներով, մասնաճյուղի շահույթը կազմել է ավելի քան 30 մլն դրամ: Մասնաճյուղում իրականացվում է ակտիվ վարկավորման գործընթաց, ինչի արդյունքում ընթացիկ տարվա առաջին կիսամյակի տվյալներով մասնաճյուղի վարկային պորտֆելը կազմել է ավելի քան 760 մլն դրամ: Նախատեսվում է մինչեւ տարեվերջ մասնաճյուղի վարկային պորտֆելը հասցնել մոտ 1 մլրդ դրամի:
Արմավիրի մարզում, բացի «Արմավիրից», գործում է նաեւ «Էջմիածին» մասնաճյուղը: Դրանք երկուսն էլ հագեցած են ժամանակակից տեխնիկական բոլոր միջոցներով եւ համալրված արհեստավարժ մասնագետներով:
Մասնաճյուղի բացման արարողության ժամանակ «Արդշինինվեստբանկի» վարչության նախագահ Ներսես Կարամանուկյանը մասնավորապես ասել է. «Արդշինինվեստբանկի» բոլոր մասնաճյուղերում` թե մայրաքաղաքում, թե մարզերում, միանման պայմաններ են ստեղծված մեր հաճախորդների համար: «Արմավիր» մասնաճյուղի բոլոր աշխատակիցներն ունեն համապատսախան մասնագիտական կրթություն եւ պատրաստ են օգնել բանկի հաճախորդներինՙ օգտվելու մեր հուսալի ու որակյալ ծառայություններից»:
Ա. Մ.