Չեմպիոնության համար պայքարը նոր ուժով է բորբոքվում
Ֆուտբոլի Հայաստանի առաջնության 18-րդ տուրում կենտրոնականը «Փյունիկի» եւ «Ուլիսի» մրցավեճն էր, որը սպասվում էր մեծ հետաքրքրությամբ: Սակայն սպասված համառ մրցակցությունը չստացվեց: «Փյունիկը» 5-1 հաշվով ջախջախեց մրցակցին ու շրջանցելով «Ուլիսին», հանգրվանեց 2-րդ հորիզոնականում:
«Ուլիսն» առաջինն էր, որ ընթացիկ առաջնությունում պարտության էր մատնել «Փյունիկին» (3-1): Այդ խաղից հետո փյունիկցիները 2 անընդմեջ պարտություն էին կրել ու զրկվել էին առաջատարի դիրքից: Բնական էր, որ «Փյունիկը» ձգտելու էր ռեւանշի հասնել: Եվ դա չեմպիոնին հաջողվեց:
«Ուլիսը» միայն առաջին խաղակեսում հավասար պայքար մղեց չեմպիոնի դեմ: Արդեն 9-րդ րոպեին Էդգար Մանուչարյանը գլխի հարվածով բացեց հաշիվը: Ուլիսցիներից ընդամենը երկու րոպե պահանջվեց հավասարակշռությունը վերականգնելու համար: Աչքի ընկավ նախկին փյունիկցի Նարեկ Դավթյանը:
Աստիճանաբար «Փյունիկը» տիրեց նախաձեռնությանը եւ Գեւորգ Ղազարյանը հաշվի մեջ առաջ մղեց իր թիմին: Իսկ երբ 2-րդ խաղակեսի սկզբում Էդգար Մալաքյանը 3-րդ գոլը խփեց, «Ուլիսը» գործնականում դադարեցրեց պայքարը, հասկանալով, որ հանդիպման ելքն արդեն վճռված է: Շատ տպավորիչ գոլի հեղինակ դարձավ փոխարինման մտած Հովհաննես Գոհարյանը: Տեսնելով, որ «Ուլիսի» դարպասապահ Վլադիմիր Մալկովը դարպասից դուրս է եկել, Գոհարյանը մոտ 35 մետրից գնդակն ուղարկեց դարպասի վերին անկյունը: Հանդիպման վերջակետը դրեց Մալաքյանըՙ խփելով իր 2-րդ գնդակը:
Այս հաղթանակի շնորհիվ պայքարը չեմպիոնության համար ավելի թեժացավ: Միանձնյա առաջատար «Բանանցը» Կապանում Արսեն Բալաբեկյանի խփած միակ գոլի շնորհիվ հաղթելով «Գանձասարին», պահպանեց «Փյունիկից» 5 միավորի տարբերությունը: Հաջորդ տուրում «Բանանցն» ու «Փյունիկը» մրցելու են միմյանց հետ եւ այդ հանդիպման ելքից շատ բանով պայմանավորված կլինի ոսկե մեդալների ճակատագիրը: Եթե «Բանանցին» հաջողվի այս անգամ էլ հաղթել «Փյունիկին», ապա չեմպիոնի նկատմամբ 8 միավորի առավելություն կստանա, ինչը վերացնելը փյունիկցիներին չափազանց դժվար կլինի: Իսկ եթե հաղթի «Փյունիկը», ապա չեմպիոնական մրցավազքը կհասնի իր գագաթնակետին:
Ոչ մի կերպ չի հաջողվում գործերը կարգավորել «Շիրակին»: Սեփական հարկի տակ թիմը 0-1 հաշվով զիջեց «Միկային»: Միակ գոլը «Միկան» խփեց 11 մ հարվածով, որը հստակ իրացրեց բրազիլացի Էդնեյը: «Շիրակը» 9-րդ անընդմեջ պարտությունը կրեցՙ թիմի պատմության մեջ տխուր ռեկորդ սահմանելով: «Կիլիկիա»-«Իմպուլս» խաղում դարպասները մնացին անառիկ:
Մրցաշարային աղյուսակ
Խ | Հ | Ո | Պ | Գ | Մ | |
1. Բանանց | 18 | 14 | 2 | 2 | 42-15 | 44 |
2. Փյունիկ | 18 | 12 | 3 | 3 | 46-16 | 39 |
3. Ուլիս | 18 | 12 | 2 | 4 | 30-14 | 38 |
4. Միկա | 18 | 8 | 4 | 6 | 27-18 | 28 |
5. Իմպուլս | 18 | 6 | 4 | 8 | 15-30 | 22 |
6. Գանձասար | 18 | 6 | 1 | 11 | 15-26 | 19 |
7. Կիլիկիա | 18 | 4 | 2 | 12 | 17-37 | 14 |
8. Շիրակ | 18 | 1 | 0 | 17 | 10-46 | 3 |
Ռմբարկուները
Էդուարդո դո Սանթոս | «Բանանց» | 11 |
Գեւորգ Ղազարյան | «Փյունիկ» | 11 |
Մարկոս Պիզելի | «Փյունիկ» | 9 |
Սամվել Մելքոնյան | «Բանանց» | 7 |
Կարեն Խաչատրյան | «Կիլիկիա» | 6 |
Էդնեյ | «Միկա» | 6 |