Մոռանալով Թուրքիայի եւ Ռուսաստանի ռազմաքաղաքական կարողությունների անհամաչափությունը
ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ
Թեեւ ՀՀ տարածքում տեղակայված ռուսական ռազմակայանի գործունեության երկարաձգման եւ ռազմակայանի գործառույթների ընդլայնման հայ-ռուսական արձանագրությունը թուրք-ադրբեջանական ռազմաքաղաքական դաշինքին դիմակայելու առումով ամրապնդում է Հայաստանի ազգային անվտանգությունը, այնուամենայնիվ դրա ստորագրումը չի կարելի միանշանակ գնահատել: Նախորդ համարում, անդրադառնալով արձանագրության առնչությամբ Անկարայում պահպանվող լռությանը, դա համարել էինք մտահոգիչ, քանի որ Բաքվի փողոցներում մտավախություն էր տիրում: Այսինքնՙ Թուրքիան անարձագանք էր թողել իր կրտսեր եղբոր մտավախությունը:
Հայ-ռուսական արձանագրության ստորագրման փաստը ողջամտորեն շրջանցում են նաեւ ԱՄՆ-ն ու Եվրոմիությունը: Մինչդեռ վերջիններս Ռուսաստանի հետ անհաշտ մրցապայքար էին մղում Հարավային Կովկասում հանուն ազդեցության, իսկ արձանագրությունը մինչեւ 2044 թիվը այս ենթատարածաշրջանում ամրագրում է ռուսական ռազմաքաղաքական ներկայությունը: Ըստ ամենայնի, հայ-ռուսական արձանագրությունը ստորագրվել է Մոսկվայի նախաձեռնությամբ, նախքան ստորագրումը ռուսական կողմը դա համաձայնեցրել է Վաշինգտոնի եւ Բրյուսելի հետ, իսկ Անկարային ի գիտություն իրազեկել է այդ մասին:
Խնդիրը, սակայն, դա չէ, այլ հայ-ռուսական դաշինքն ամրապնդող արձանագրությունը Թուրքիայի հետ ռազմաքաղաքական դաշինքով հակակշռելու ադրբեջանական մտավարժանքներն են: Ի դեպ, եթե նախքան արձանագրության ստորագրումը ադրբեջանական մամուլը բացականչում էր Նախիջեւանում թուրքական ռազմակայան տեղակայելու կամ այս ինքնավարությունը Թուրքիային կցելու հավանականության մասին, ստորագրումից հետո արդեն ադրբեջանականի հետ նաեւ թուրքական կողմը համատեղ ջանքերով շրջանառության մեջ է դնում Ադրբեջանի տարածքում թուրքական ռազմաբազայի տեղակայման հավանականությունը:
«Դունյա բյուլտինի» կայքէջը օգոստոսի 23-ին դրա առնչությամբ գրում է. «Ադրբեջանում ռազմակայան տեղակայելու Թուրքիայի ծրագրերն ու դրա առնչությամբ տարածվող լուրերը մեկ անգամ եւս շիկացրին մթնոլորտը Հարավային Կովկասում: Հայաստանի Գյումրի քաղաքում տեղեկայված ռուսական ռազմակայանի գործունեությունը մինչեւ 2044 թիվը երկարաձգող արձանագրության ստորագրումից անմիջապես հետո շրջանառության մեջ դրված թուրքական ռազմաբազայի հարցը մնում է Թուրքիայի եւ Ադրբեջանի օրակարգում»:
Ինչո՞ւ: Այդ հարցին թուրքական կայքէջը պատասխանում էՙ մեջբերելով ադրբեջանցի քաղաքագետ Նուրիեւի խոսքերը. «Ռուսաստանը, ստորագրելով Երեւանի հետ երկկողմ պայմանագիր, տարածաշրջանում սրեց լարվածությունը: Ստեղծված իրավիճակում Թուրքիայի հետ ռազմական դաշինք հաստատելը անխուսափելի է դարձել Ադրբեջանի համար: Ադրբեջանը չպետք է սպասողի դերում հանդես գա, այլապես նրան կստիպեն, որ դառնա Ռուսաստանի մարզ»:
Նուրիեւի խոսքերը մեկնաբանության կարիք չեն զգում: Նա պարզապես ռազմակայանի հարցում խրախուսում է Թուրքիային: Հարկ է սակայն նշել, որ Նախիջեւանի կարգավիճակը որոշված է Կարսի պայմանագրով, իսկ պայմանագիրը Թուրքիային այնտեղ ռազմակայան տեղակայելու կամ այդ ինքնավարությունը իրեն կցելու որեւէ իրավունք չի տալիս: Այսինքնՙ նախքան հայ-ռուսական արձանագրության ստորագրումը տարածված Նախիջեւանում թուրքական ռազմակայանի տեղադրման կամ ինքնավարության կցման մասին լուրերն ընդամենը նախադրյալներ են ստեղծել եւ «հիմնավորել» են հայ-ռուսական արձանագրության անկաշկանդ ստորագրումը:
Ինչ վերաբերում է արձանագրությունների ստորագրումից հետո տարածվող լուրերին, թե հայ-ռուսական դաշինքը հակակշռելու համար Ադրբեջանը դաշինք պետք է կնքի Թուրքիայի հետ, թույլ տալով միաժամանակ թուրքական ռազմաբազայի տեղակայմանը երկրի տարածքում, ըստ երեւույթին պետք է համարել բլեֆով համեմված ցանկատեսություն: Թուրք-ադրբեջանական դաշինքը չի կարող հակակշռել հայ-ռուսականին, որովհետեւ Ռուսաստանի ռազմաքաղաքական կարողությունները անհամեմատ մեծ են, քան Թուրքիայինը, Հարավային Կովկասը ռուսական գերազդեցության տարածք է, բացի այդ այստեղ Ռուսաստանի հետ անհաշտ մրցապայքար են ծավալում ԱՄՆ-ը ու ԵՄ-ն:
Մտածել, որ Թուրքիան ինքնուրույն ի վիճակի կլինի մասնակցել այդ մրցապայքարին, իրատեսական չէ: Լավագույն դեպքում նա կարող է այդ պայքարում ապավինել ԱՄՆ-ի աջակցությանը, եթե վերջինը Ադրբեջանում թուրքական ռազմակայանի տեղակայումը չդիտարկի ոտնձգության դրսեւորում սեփական շահերին: Համենայն դեպս 1997-ի մայիսի 5-ին, երբ Անկարայում նախագահներ Սուլեյման Դեմիրելն ու Հեյդար Ալիեւը ստորագրեցին «Ռազմական համագործակցության խորացման թուրք-ադրբեջանական հռչակագիրը», պաշտոնական Վաշինգտոնը իսկույն Հարավային Կովկասը հայտարարեց «կենսական շահերի տարածք»: Դրանով չեզոքացվեց ոչ միայն թուրք-ադրբեջանական հռչակագիրը, այլեւ 1998-ի ապրիլի 16-ին ստորագրված «Թուրք-վրացական ռազմական գործակցության» արձանագրությունը: Արդյունքը եղավ այն, որ Հարավային Կովկասը ազդեցության տակ վերցնելու հույսեր փայփայող Թուրքիան դուրս մղվեց ինչպես Ադրբեջանից, այնպես էլ Վրաստանիցՙ իր տեղը սիրահոժար զիջելով ԱՄՆ-ին: Այլ կերպ, եթե 1997-ին ԱՄՆ-ը Ադրբեջանից դուրս է մղել իր դաշնակցին, ապա ինչո՞ւ 2010-ին Ռուսաստանը դուրս չմղի, մանավանդ որ Մոսկվան ռուսական գերազդեցության երբեմնի տարածքներում հետեւողականորեն վերականգնում է Ռուսաստանի երբեմնի դիրքերը: