Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի նորանշանակ ներկայացուցիչ Դամթյու Դեսալեյնին: Այս մասին տեղեկանում ենք երկրի ղեկավարի մամուլի գրասենյակից: Նախագահն ընդգծել է, որ չնայած կատարված մեծ աշխատանքին, բազմաթիվ փախստականներ դեռեւս ապրում են ժամանակավոր կացարաններում: Հանրապետության ղեկավարը կարեւորել է փախստականներին բնակարաններով ապահովելու գործում հանձնակատարի գրասենյակի եւ կառավարության համագործակցության շարունակականությունը: Գերագույն հանձնակատարի ներկայացուցիչն ասել է, որ հանձնակատարի գրասենյակի հետ ՀՀ կառավարության ճիշտ եւ նպատակամղված երկարամյա համագործակցությունը իսկապես մեծ արդյունքներ է տվել: Երկրի ղեկավարն անդրադարձել է նաեւ Լեռնային Ղարաբաղում ապրող փախստականների խնդրին: Նշելով, որ ՀՀ-ն եւ ԼՂՀ-ն փախստականների խնդիրը երբեք չեն դարձրել քաղաքական շահարկումների առարկա, Սերժ Սարգսյանը մտահոգիչ է համարել, որ նրանք ընդգրկված չեն փախստականների աջակցության ՄԱԿ-ի ծրագրերում: