«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#150, 2010-08-21 | #151, 2010-08-24 | #152, 2010-08-25


ԲԱՔՎԻ ՊՐՈՊԱԳԱՆԴԱՅԻ ՆՈՐ ԶԵՆՔԸ` ՀԱՅԿԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳԻՏԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ

Մոտ ժամանակներս Բաքվի պետական համալսարանում սկսելու է գործել Հայկական ուսումնասիրությունների գիտական կենտրոն: Այդ մասին, «Թրենդ» գործակալության տեղեկացմամբ, հայտարարել է համալսարանի մամուլի եւ տեղեկատվության բաժնի ղեկավար Փարվանա Իբրահիմովան:

Գիտական ներկայացվող կենտրոնը, ըստ Իբրահիմովայի, զբաղվելու է «հայկական հարցի պատմական ու ժամանակակից հարցերով եւ Հայաստանում տեղի ունեցող հասարակական-քաղաքական գործընթացների մասին Ադրբեջանի հասարակության իրազեկմամբ»: Ստեղծվելիք կենտրոնը նաեւ զբաղվելու է «հայկական պետության եւ սփյուռքի գաղափարաբանական ու դիվերսիոն գործունեության ուսումնասիրմամբ»: Այս ամենին հավելվել է, որ կենտրոնը միջոցառումներ է ձեռնարկելու եւ իրականացնելու «հայերի գործունեության դեմ պայքարի համար»:

Այս համատեքստում ներկայացվում է, թե կենտրոնը «գիտականորեն վերլուծելու եւ ուսումնասիրելու է Արեւմուտքի հետաքրքրություններն ու շահերը Հարավային Կովկասում»:

Ընդհանուր առմամբ, ստացվում է, որ Ադրբեջանը պատմությունը կեղծելու եւ սեփական հանրությանը խաբելու նաեւ գիտական մակարդակով ներկայանալու հարցում որեւէ բանից չի խորշում: Այսպիսի կենտրոնի ստեղծումը միանշանակ պրոպագանդան է, որի միջոցով այն, ինչ մինչ օրս չի կեղծվել ու աղավաղվել Ադրբեջանում, այսուհետեւ կարվի իրենց գիտնական ներկայացնող անձանց կողմից` առավել համակարգված ու «ներկայանալի» տեսքով:

Ասել է թեՙ քարոզչական պատերազմում նոր գործիք է ներմուծվում, որի գործունեությունը դժվար թե ուշանա ներկայանալու իր «հայտնագործություններով ու բացահայտումներով»:

Ա. Հ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4