Հայ-թուրքական սահմանի հնարավոր բացման հարցը ՆԱՏՕ-ի զորավարժությունների ժամանակ դեռեւս քննարկման թեմա է: ANS-ի տեղեկացմամբ, Թուրքիայի արտաքին գերատեսչության տրամադրած տեղեկության համաձայն, այս առնչությամբ Թուրքիան որոշում կկայացնի օգոստոսի ավարտին:
Խոսակցոթյունները, թե հայ-թուրքական սահմանը ժամանակավորապես կարող է բացվել Հայաստանում ՆԱՏՕ-ի զորավարժությունների անցկացման ժամանակ, դեռեւս չեն հաստատվում, թեեւ քանիցս թուրք տարբեր պաշտոնյաներ հայտարարել են թուրքական հիմնական թեզի` «առանց ԼՂ հարցի լուծման սահմանի բացման անհնարինության» մասին:
Չնայած Թուրքիայի արտաքին գերատեսչության վերջին հայտարարությանը, թե սահմանի ժամանակավոր բացման հարցը դեռեւս օրակարգային է, ու որոշում այդ առնչությամբ կկայացվի մինչեւ սեպտեմբեր, Թուրքիայում հնչում են հակասական գնահատականներ ու կանխատեսումներ: «Սեպտեմբերի 11-17-ը Հայաստանում անցկացվելիք ՆԱՏՕ-ի զորավարժությունների ընթացքում հայ-թուրքական սահմանն անգամ ժամանակավորապես չի բացվի», ինչպես տեղեկացրել է «Ազգը» , այսպիսի հայտարարություն է արել Թուրքիայի պետնախարար Ջեւդեթ Յըլմազը Անիի ավերակներն ուսումնասիրելիս: Թուրքիայի պետնախարարի ներկայացմամբ, սահմանի բացումը «անհնար է, քանի դեռ չի լուծվել ղարաբաղյան հակամարտությունը»:
ՆԱՏՕ-ի «Հայաստան-2010» ռազմա-մարդասիրական զորավարժություններին մասնակցելու են ՆԱՏՕ-ի անդամ եւ գործընկեր 19 երկրների զինվորականներ, այդ թվում` երեք թուրք ներկայացուցիչ: Թուրքիան վերջերս տեղեկացրել էր կազմկոմիտեին, որ թուրք զինվորականները Հայաստան կժամանեն Վրաստանի տարածքով:
ՆԱՏՕ-ի զորավարժությունները Հայաստանում անցկացնելու որոշումը կայացվել է միաձայն, նաեւ Թուրքիայի համաձայնությամբ:
Հայ-թուրքական սահմանի հնարավոր, թեկուզ ժամանակավոր բացման առնչությամբ հայտարարություններ ու մեկնաբանություններ են հնչում նաեւ Բաքվում: Մասնավորապես, քաղաքագետ Ռասիմ Ագաեւն , ըստ ադրբեջանական կայքէջերի, որպես «փորձարկման լավ հնարավորություն» է որակել հայ-թուրքական սահմանի ժամանակավոր բացման հեռանկարը:
Սահմանի ժամանակավոր բացումն, ըստ Ագաեւի, կնպաստի հանրության նախապատրաստմանը, հնարավորություն կտա դիտարկելու, թե ինչ է ստացվում բաց սահմանի դեպքում: Քաղաքագետի գնահատականներով, սահմանի ժամանակավոր բացումը կարող է դառնալ շարունակական, իսկ վերջինս կարող է փոխվել մշտականի: Ընդ որում, Ագաեւի մատուցմամբ, սկզբում սահմանի ժամանակավոր բացումը անհրաժեշտ կհամարեն թեկուզ ՆԱՏՕ-ի բեռները տեղափոխելու համար, իսկ հետո այդ առնչությամբ կարող են համաձայնության գալ Հայաստանի եւ Թուրքիայի ներկայացուցիչները:
Ադրբեջանցի քաղաքագետի հիմնական հիմնավորումն այն է, թե ԱՄՆ-ը Հարավային Կովկասում, ապա նաեւ Մերձավոր Արեւելքում իր դիրքերն ամրացնելու համար կարիք ունի հայ-թուրքական բաց սահմանի, հատկապես որ տարածաշրջանում բարձր մակարդակով այցելությունները` Մեդվեդեւինըՙ Հայաստան, Գյուլինը` Ադրբեջան, ՆԱՏՕ-ի զորավարժությունները եւ այլն, հաստատապես պատահական հերթագայության մեջ չեն:
Ադրբեջանական արձագանքներում առավելապես սպասողական վիճակ կարելի է արձանագրել, ընդ որում, մեկնաբանությամբ, թե հայ-թուրքական սահմանի ժամանակավոր բացումն առայժմ որեւէ դերակատարություն ունենալ չի կարող:
Սակայն, ինչպես ասում են, պատահականություններ քաղաքականության մեջ չեն լինում, այն էլ տարածաշրջանային մակարդակով բավականին վաղ ծրագրված գործողությունների ընթացքում:
ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ