«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#150, 2010-08-21 | #151, 2010-08-24 | #152, 2010-08-25


ԲՐԱՅԶԱՅԻՆ ԿՎԵՐԱԴԱՌՆԱՆ, ԵՐԲ ՍԵՆԱՏԸ ՎԵՐԱԴԱՌՆԱ ԱՐՁԱԿՈՒՐԴԻՑ

Միացյալ Նահանգների դեսպանների պաշտոնները Թուրքիայում եւ Ադրբեջանում կարող են էլի մի որոշ ժամանակ մնալ թափուր, քանի որ շարունակվում է սենատորների կողմից թեկնածուների նկատմամբ վետոների կիրառումը: Ըստ Hurriyet Daily News-ի, հնարավոր է, որ Թուրքիայում ԱՄՆ դեսպանի պաշտոնում Ֆրանկ Ռիկարդոնեի թեկնածությանը դեմ արտահայտվող սենատորը կարող է արդեն սեպտեմբերին այլեւս հանդես չգալ ընդդեմ այդ թեկնածության այն դեպքում, երբ այդ երկրում նախկին դեսպանն արդեն անցել է իր պարտականությունների կատարմանը Բաղդադում:

Եվ մինչ ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում հաստատվել էր Ռիկարդոնեի թեկնածությունը, ու Սենատն էլ մինչեւ ամառային արձակուրդ մեկնելը քվեարկության էր պատրաստվում այս թեկնածության առնչությամբ, սենատոր Սեմ Բրաունբեքը վետո դնելով հայտարարեց, որ չնայած դեսպանի թեկնածուի մեծ փորձառությանը` բնավ էլ համաձայն չէ, որ նա «ճիշտ դեսպան է ներկա դրությամբ Թուրքիայում նշանակվելու համար»: Սենատորը մինչ այդ էլ հիշեցրել էր հրապարակավ, որ Ռիկարդոնեն Եգիպտոսում ծառայության ընթացքում անտեսել է մարդու իրավունքների հարցերը:

Ադրբեջանում ԱՄՆ դեսպանի պաշտոնում Մեթյու Բրայզայի թեկնածության առաջադրումը ԱՄՆ նախագահ Օբամայի կողմից առավել բարդ է: Մայիսից առաջադրված Բրայզայի թեկնածությանը, ըստ Hurriyet Daily News-ի, ընդդիմանում են հայամետ խմբերը` Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ նրա սերտ հարաբերությունների ու կապերի պատճառով:

Ներկա դրությամբ սենատոր Բարբարա Բոքսերի պահանջով Բրայզայի թեկնածության քվեարկությունը հետաձգվել է մինչեւ սեպտեմբերի կեսերը, երբ Սենատը կվերադառնա իր աշխատանքին: Եվ անգամ եթե Բրայզան քվեարկությամբ անցնի, մեկ սենատորի վետոն բավարար կլինի, որ խոչընդոտվի նրա նշանակումը:

Ա. Հ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4