«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#150, 2010-08-21 | #151, 2010-08-24 | #152, 2010-08-25


ԱԴԱՆԱՅԻՑ ՄԻՆՉԵՎ ԲԱՔՈՒ

Ֆրանսիայում Tռmoignage մատենաշարով 2009-ին լույս տեսան եվրոպացի հեղինակների երկու փոխկապակցված գրքեր. մեկը նվիրված է 1909-ի Ադանայի ջարդերին, մյուսըՙ Բաքվում 1917-1918 թթ. թուրք-գերմանական բանակներին հայերի ցույց տված դիմադրությանը: Երկու հեղինակների մասին հայտնի է միայն, որ նրանք իրադարձությունների ականատեսներ են եւ իրենց ձեռագրերը թողել են գրական կեղծանուններով: Անրի Բարբին ֆրանսիական բանակի սպա էր, Բաքվի 1918 թ. դեպքերի ժամանակ Le Journal-ի թղթակիցը: Նրա գիրքը կոչվում է «Բոլշեւիկյան անհեթեթությունները եւ հայերի հերոսամարտը Անդրկովկասում 1918 թ.»: Անրի Բարբին 1917-ին գրել է մեկ ուրիշ գիրքՙ «Սարսափի երկրում, նահատակ Հայաստան», որը հիմնված է Մեծ եղեռնից փրկվածների վկայությունների վրա: 2009-ին լույս տեսած մյուս գրքի հեղինակը Ալեքսանդր Ադոսսիդեսն է: Գիրքը կոչվում է «Հայերը եւ երիտթուրքերը. Կիլիկիայի կոտորածները»: Ջարդերի սկզբից մի քանի ամիս անց գրված գրքի հեղինակը (ինչպես ժամանակի արեւմուտքցի դիտորդներից շատերը) երիտթուրքերի արյունալի ձեռնարկումների մեջ տեսել է աբդուլհամիդյան կոտորածների շարունակությունը:

Հիշյալ գրքերի լույսընծայման առիթով France-Armռnie ամսագիրը հարցազրույց է անցկացրել ֆրանսահայ գրահրատարակիչ Հրաչ Պետրոսյանի հետ: Ստորեւ այն թարգմանաբար ներկայացնում ենք մեր ընթերցողներին:


- Ինչո՞վ կբացատրեք, որ Ադանայի եւ Բաքվի կոտորածներին նվիրված երկու ձեռագրերը այդ աստիճան անհայտ էին մնացել:

- Եթե դրանք անհայտ էին, ինչը շատ լուրջ բացթողում է պատմական այդ ժամանակահատվածի համար (որին մերոնցից շատերը կատարելապես անտեղյալ են), պատճառը թերեւս մեր «պատասխանատուների եւ մտավորականների» անգործունությունն է 1910-ականներին եւ հետագա տասնամյակներում... մինչեւ 2009 թվականը: Հարյուր տարի, մեկ դա՛ր... Ուզում եմ այժմ եւեթ ընդգծել այդ բացթողումը, քանզի կրկին անդրադառնալու եմ դրան: Համենայն դեպս, հեղինակների վկայությունների արխիվայինին համարժեք իսկությունը մնում է անվիճելի: Նրանք մնում են ֆրանսիացի ընթերցողին անծանոթ, թեեւ գրել են նախ եւ առաջ ֆրանսիական հանրությանը լուսավորելու համար: Եվ սա նույնպես «մերոնց» բացթողումն է; Պատկերացրեք, թե հասարակության վրա ինչպիսի ազդեցություն կունենային Բարբիի, Հարրի Ստուերմերի, Միշել Պայարեսի, Պոլ դյու Վեուի, Էմիլ Դումերգի, Բերտրան Բարեյի, Դընի Կոշենի, Քերզոնի, Անտուան Պուադբարի եւ շատ ուրիշների մեջբերումները, եթե դրանք լինեին, օրինակ, Լիոնի Ցեղասպանության հուշասյուների վրաՙ անհայտ համալսարանական դասախոսների անարտահայտիչ եւ անտարբեր ասույթների փոխարեն:

- Ո՞րն էր Ադանայի ջարդերին վերաբերող երկրորդ գրքի հրատարակման շարժառիթը: Ադոսսիդեսի վկայությունը մեզ ի՞նչ նորություն է տալիս այդ դեպքերի մասին:

- 2009 թվականին լրացավ Ադանայում եւ ամբողջ Կիլիկիայում 1909-ի ապրիլին իրականացված ջարդերի հարյուր տարին: Դրանք կազմակերպվեցին երիտթուրքերի եւ ոչ թե Աբդուլ Համիդի հրահրմամբ, ինչպես կարծում էին այն ժամանակ եւ ուզում են հավատացնել մինչեւ օրս. իբր նա ուզում էր տապալել երիտթուրքերին, շարիաթականների խռովություն հրահրելով Կոստանդնուպոլում եւ միաժամանակ այնտեղից 700 կմ հեռավորության վրա պատժել հայերինՙ երիտթուրքերի վարչակարգի հաստատմանն աջակցած լինելու համար: Ուստի շատ բնական է Դուկետ-Ֆերիմանի, Ադոսսիդեսի, Աննեզեի նման հեղինակների հրատարակությունն ու վերահրատարակությունը, չմոռանալով Ժորժ Բրեզոլի «Թուրքերն են անցել այստեղով» (1911) եւ ամերիկյան միսիոներուհի Ռոզ Լամբերտի «Հաճըն. հայերի կոտորածները» (1911) գործերի մասին: Բազմաթիվ են նաեւ հայ հեղինակների մոռացված վկայությունները (Արշակուհի Թեոդիկ, «Մեկ ամիս Կիլիկիայում», պաստոր Համբարձում Աշճյան, «Կիլիկո աղետը», Սուրեն Պարթեւյան, «Կիլիկո սարսափները»): Ներկայիս վերահրատարակությունները, բնականաբար, պարզ վերարտադրություններ չեն. դրանք ուղեկցվում են նոր նախաբաններով եւ ծավալուն հավելվածներով, ցուցադրում երիտթուրքերի իրականացրած հայկական ջարդերի, 1-ին աշխարհամարտի եւ Մեծ եղեռնի կապը: Վերջինս ժխտող պատմաբանների տրամաբանությանը հետեւելու դեպքում Նապոլեոնը Ֆրանսիական հեղափոխության զավակը չէ, նրա պատերազմների նպատակը Եվրոպային հեղափոխության արդյունք ֆրանսիական մոդելը պարտադրելը չէ:

- Ֆրանսիայում անցկացվող Թուրքիայի տարեշրջանը թուրք ժխտողականների եւ նրանց ֆրանսիացի դաշնակիցների համար կարծես թե առիթ է պատմության սեփական տարբերակը ներկայացնելու համար: Այս կապակցությամբ մտադի՞ր եք արդյոք դիմել ֆրանսահայերից ավելի լայն շրջանակի:

- Թուրք ժխտողականները եւ նրանց ֆրանսիացի հանցակիցները միշտ անում են իրենց գործըՙ անկախ նման առիթներից: Արդեն 12 տարի ես չեմ միջամտում նման միջոցառումների մասնակիցների խոսքերին ու գործերին, թեեւ անտարբեր չեմ: Ես դրանք համարում եմ լոկ «հաղորդակցության գործողություններ»: Օրինակՙ անցկացված Հայաստանի տարվա կազմակերպիչները ամեն ջանք գործադրեցին Հայոց ցեղասպանության պատճառները, իրականացման ձեւերը եւ հեղինակներին լռության մատնելու համար: Թեեւ նրանք անձամբ չնպաստեցին փաստերի կանխամտածված խեղաթյուրմանը, բայց միջոցառման որոշ մասնակիցներ ջանացին աչքի ընկնել մի քանի գեղեցիկ գրքերի ու կատարողների հրատարակմամբ, քողարկելով հետեւանքները եւ շահաբաժինները:

Պատրաստեց Պ. Ք.


Նկար 1. Հրաչ Պետրոսյան


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4