«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#150, 2010-08-21 | #151, 2010-08-24 | #152, 2010-08-25


«ԻՆՉՈ՞Ւ ՀԵՆՑ ՀԻՄԱ, ԻՆՉՈ՞Ւ ՀԵՆՑ 49 ՏԱՐՈՎ»

Հարցնում է «Ժառանգություն» կուսակցությունը

«Ժառանգություն» կուսակցությունը Հայաստանում ռուսական ռազմաբազայի առկայության ժամկետների երկարաձգումն ու երկկողմ պայմանագրերում փոփոխություններ կատարելը բնորոշում է լուրջ քաղաքական իրադարձություն, որի կապակցությամբ կուսակցության ներկայացուցիչներն ունեն մտահոգություններ: Կուսակցության փոխնախագահ Ռուբեն Հակոբյանի թիվ մեկ մտահոգությունն Արցախի խնդիրն է: Պայմանագրում Արցախի անվտանգության պաշտպանության կետի կամ նախադասության չի հանդիպել: «Գուցե կան մանրամասներ, որոնք իշխանությունները գիտեն, բայց մեզ չեն ասում», հավելեց նա:

Հակոբյանին մտահոգում է, որ Հայաստանի ռազմավարական գործընկեր Ռուսաստանը Ադրբեջանին C-300 հակահրթիռային համակարգ է ցանկանում վաճառել, որը պետք է օգտագործվի Հայաստանի դեմ: «Դրանով անխոցելի է դառնում Ադրբեջանի անվտանգությունը», նշեց նա:

Նրա համար անհասկանալի է, որ ռուսական ռազմաբազայի նախկին ժամկետը չլրացած` 49 տարով նոր պայմանագիր է կնքվում: «Ինչո՞ւ են հենց հիմա երկարացնում ժամկետը», իշխանություններին հարց է ուղղում Հակոբյանն ու մեկնաբանում, որ ժամկետի երկարաձգումը Հայաստանի շահերից չի բխում:

ԱԺ-ի «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ս. Սաֆարյանին էլ զարմացնում է, որ պայմանագրի ժամկետը երկարաձգողները չեն պատասխանում գլխավոր հարցերին` ինչո՞ւ հենց հիմա, ինչո՞ւ հենց 49 տարով:

«Կհասկանայինք երկարացման իմաստը, եթե Ռուսաստանը ճանաչած լիներ Արցախի անկախությունը»: Սաֆարյանն ընդգծեց, որ եթե Ռուսաստանը C-300-ներ վաճառի Ադրբեջանին, ապա դուրս կմղի Հայաստանին ռազմավարական գործընկերության դաշտից եւ ՀԱՊԿ տիրույթներից: «Այդ ժամանակ Հայաստանն էլ պետք է մտածի ՀԱՊԿ-ից դուրս գալու մասին, քանի որ ռազմավարական գործընկերը դրանով կխախտի ստատուս քվոյի կետերից մեկը` չպահպանելով կողմերի ռազմական հավասարակշռությունը»:

Հ. Հ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4