«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#150, 2010-08-21 | #151, 2010-08-24 | #152, 2010-08-25


ԿՈՄԻՏԱՍԻ 5Ա ՇԵՆՔԻ ԲՆԱԿԻՉՆԵՐԸ ՊԱՅՔԱՐՈՒՄ ԵՆ ԱՊՕՐԻՆԻ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ԵՎ ՃԱՌԱԳԱՅԹՄԱՆ ԴԵՄ

Կոմիտասի 5ա շենքի բնակիչներն արդեն մի քանի օր դիմադրում են մի խումբ մարդկանց, ովքեր քաղաքապետարանի անունից փորձում են շինարարական աշխատանքներ սկսել բակի տարածքում: Շինարարական աշխատանքների նպատակն է` բակում գտնվող ենթակայանը տեղափոխել, դիմացի այգին ծառահատել ու տեղում կառուցել բարձրահարկ շենք:

«Դեմ ենք, որ այդ ենթակայանը մեր շենքի դիմաց, մոտավորապես 3 մետր հեռավորության վրա կառուցեն: Դեմ ենք, որ այդ բարձրահարկ 14-հարկանի շենքը կառուցվի ու ծառերը հատվեն: Ու մեզ էլ էդ ճառագայթման մեջ չխորովեն», «Ազգի» զրույցում ասաց շենքի բնակչուհի Աղավնի Պողոսյանը :

Գիշերը ժամը 11:30-ին երկու հոգի թակել են տիկին Աղավնիի դուռն ու տեղեկացրել, որ վաղը այգու դիմացի պատը քանդելու են, ճաղավանդակները կտրելու են ու այգին ծառահատելու: 3-մետրանոց պատ են շարելու, որպեսզի այնտեղ կառուցեն ենթակայան: «Երբ ասացինք, որ դեմ ենք, ասացին` ձեր ասելով չէ, ձեզ ուղղակի զգուշացնում ենք ու ձեր կարծիքը հաշվի չենք առնելու», պատմում է տիկին Աղավնին` հավելելով, որ տղաները որեւէ փաստաթուղթ չեն ներկայացրել:

Երբ բնակիչներն ընդդիմացել են, բանվորներից մեկն ասել է. «վաղը առավոտյան բալգարկեն վերցնելու եմ, գամ նախ այգու ռեշոտկեքը կտրեմ, հետո էլ` ծառերը, եթե մեկը դեմ դուրս եկավ` նրա վիզն էլ կկտրեմ»:

Բնակիչների խոսքերով, երեկ առավոտյան մի քանի հոգի եկել են բակ ու սկսել ծառերը հատել: Բնակիչները սկսել են բողոքել, սակայն` ապարդյուն:

«Ժանը 10 անց կես բալգարկեքը գործի դրեցին եւ ծառը կտրեցին», պատմում է տիկին Ուստյանը: Ահազանգ ստացած Երեւանի քաղաքապետարանի բնապահպանության վարչության պետ Ավետ Մարտիրոսյանը դեպքի վայր մարդ է ուղարկել, որոնք էլ կանխել են ծառահատումը:

«Նրանք, ովքեր ուզում են այդտեղ ենթակայան կառուցել, թույլտվություն չունեն, հետեւաբար ոչ մի ծառ չեն կարող հատել», ասաց Ավետ Մարտիրոսյանը:

«Ինչո՞ւ խաղահրապարակ չեն կառուցում, որպեսզի երեխաները խաղան: Բակում այնքան ավտոտնակ են կառուցել, որ երեխաները խաղալու տեղ չունեն: Ինչո՞ւ մեզ նման մարդկանց մասին չեն մտածում, կոկորդից բռնած խեղդում են, մտածում են` ո՞նց շահույթ ստանան», դժգոհում է Էմմա Արիստակեսյանը :

Շենքի բնակիչներն արդեն սկսել են ստորագրահավաք, որին ամենայն հավանականությամբ կմիանան նաեւ հարեւան երկու շենքերի բնակիչները, որովհետեւ եթե ենթակայանը կառուցվի այգու փոխարեն, ապա մագնիսականության վտանգի տակ կհայտնվեն նաեւ նրանք:

Նրանք նամակ են ուղարկել Երեւանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանին, քաղաքաշինության, առողջապահության, բնապահպանության նախարարներին եւ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակին:

«Տրամվայ-տրոլեյբուսների էլեկտրական սնուցման ենթակայանի տեղափոխումը մեր շենքի անմիջական հարեւանությամբ եւ դրա տեղում բարձրահարկ շենքի կառուցումը ոտնահարում են Կոմիտասի 5ա շենքի բնակիչների իրավունքները, առողջապահական եւ բնապահպանական նորմերը, այն պատճառով, որ էլեկտրական սնուցման բարձր լարման այդ ենթակայանը առանց այդ էլ անթույլատրելի մոտ է բնակելի շենքի տարածքին, պարունակում է մարդու առողջությանը վնասող քիմիական նյութեր, առաջացնում աղմուկ եւ վիբրացիա: Այդ տեղափոխությունը կզրկի նաեւ շենքի առաջին եւ երկրորդ հարկի բնակիչներին լուսավորությունից, նրանց բնակարանները դարձնելով նկուղային:

Եթե շինարարություն իրականացվի, կհատվեն մի քանի տասնյակ ծառեր», ասված է նամակում:

Բնակիչները պահանջում են տրամադրել տեղեկատվություն` արդյոք համապատասխանո՞ւմ են իրականությանը խոսակցությունները, որ այգին ուզում են հատել, ենթակայանը տեղափոխել եւ նոր բարձրահարկ շենք կառուցել: Եվ իրենց տեղեկատվություն տրամադրել, թե ո՞վ է կառուցապատողը եւ որոշում կայացնելուց առաջ ինչպիսի՞ քաղաքաշինական, բնապահպանական եւ առողջապահական փորձաքննություններ են իրականացվելու:

ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4