1990 թվականի օգոստոսի 23-ին ՀՀ Գերագույն խորհուրդն ընդունեց Հայաստանի Հանրապետության Անկախության «Հռչակագիրը»: Նախորդ օրը «Կոնգրես» հյուրանոցում «Գերագույն խորհուրդ» պատգամավորական ակումբը անցկացրեց ԳԽ-ի գումարման եւ «Հռչակագրի» 20-ամյակին նվիրված հոբելյանական նիստ: Այն բացեց ամենատարեց պատգամավոր Մարատ Պողոսյանը : Նիստին ԳԽ 271 պատգամավորներից ներկա էին 103-ը, 20-ը գտնվում են արտերկրում, 21-ը վատառողջ են, իսկ 43-ը մահացել կամ զոհվել են, ներկայացրեց նիստը վարող Ռուբեն Թորոսյանը եւ ասաց, որ վաղ առավոտից այցելել են բոլոր մահացած եւ զոհված, այդ թվում նաեւ ԱԺ պատգամավորների շիրիմներին ու խնկարկել նրանց հիշատակը: Մեզանում առաջին անգամ (երանի թե դա դառնա պարտադիր - Մ. Մ.) ներկա ԳԽ պատգամավորները ոտքի կանգնեցին ու երգեցին ՀՀ հիմնը, մեկ րոպե լռությամբ հարգեցին իրենց շարքերը թողած ընկերների հիշատակը: Նիստը նախագահում էին 1990-95 թթ. Գերագույն խորհրդի փոխնախագահ Արտաշես Թումանյանն ու քարտուղար Վարազդատ Ավոյանը : Եվ ահա, հոբելյանական նիստի ընթացքում, 20 տարի անց, «Հռչակագիրը» վերընթերցելու պատիվը տրվեց Վարազդատ Ավոյանին:
Պրն Թումանյանը շնորհավորելով գործընկերներին ասաց. «Գերագույն խորհուրդը, որտեղ 90 թվականին հայտնվեցինք, ինձ համար մարդկային շփումների լավագույն օրինակներից մեկն է եղել: Շատ բան է փոխվել: Եվ 20 տարի շարունակ մի հարցապնդում ինձ հանգիստ չի տալիս. մենք գո՞հ ենք մեր ստեղծած պետությունից: Բայց եւ այնպես, չեմ կարող չնշել, որ ԳԽ կարեւորագույն դեմքերից մեկն է եղել: Իհարկե, մեզ չի հաջողվել մեր ժողովրդի բոլոր իղձերը իրականացնել այս 20 տարվա ընթացքում: Բայց սփոփիչ բաներ կան ու նաեւ օբյեկտիվ պատճառներ: Եթե հետ եմ նայում, զգում եմ, որ շատ ու շատ բաներ կարելի էր անել այլ կերպ, բայց եղածը եղած է եւ այդ ճանապարհը անցել ենք միասին ու այդ հինգ տարիներն իմ կենսագրության անմոռանալի հատվածներից մեկն է»:
Ռ. Թորոսյանն իր ելույթում անդրադարձավ «ԳԽ պատգամավորական» ակումբի աշխատանքներին ու տեղեկացրեց, որ վերջերս անդամակցել է աշխարհի միակ կազմակերպությանը, որը միավորում է նախկին խորհրդարանականներին: ՌԱԿ պատգամավոր Սամվել Տոնոյանն իր ելույթում նշեց, որ ստեղծվել է պատգամավորական խումբ, որը մշակել է ու շուտով ԱԺ-ին կներկայացնի ԳԽ պատգամավորներին թոշակից բացի հավելավճարի չափ սահմանելու մասին օրենքի նախագիծը:
Այնուհետեւ տեղեկացվեց, որ ստեղծվել է սոցիալական աջակցության հիմնադրամ, եւ նաեւ «Ռաֆայել Ղազարյան» եւ «Սարգիս Մուրադյան» հուշամեդալը, որը կտրվի այն պատգամավորներին, որոնք մեծ ավանդ կունենան ժողովրդավարության զարգացման գործին:
«Ազգը» առանձին զրուցեց Սամվել Տոնոյանի հետ, որը ԳԽ տարիներին եղել է ֆինանսաբյուջետային մշտական հանձնաժողովի անդամ եւ նաեւ ղեկավարել է խաբված ավանդատուների եւ գանգատներն ուսումնասիրող հատուկ հանձնախումբը, եւ խնդրեց գնահատել այդ տարիների խորհրդարանի աշխատանքները: «Եթե հաշվի առնենք, թե ինչ ժամանակաշրջանում ձեւավորվեց ԳԽ-ն, անկանխատեսելի իրավիճակներում, բնականաբար ոչ մեկս պատրաստ չէինք ու չէինք էլ պատկերացնում, թե ԽՍՀՄ-ի փլուզումից հետո ինչ էր մեզ սպասում: Համապատասխան պառլամետական փորձ չունենալով, ձեւավորվեց ԳԽ-ն եւ մոտ 1000-ից ավելի օրենքներ ընդունեց ու կարողացավ Անկախ Հայաստանի օրենսդրական դաշտի սկիզբը դնել: Իսկ այդ տարիներին ԳԽ աշխատանքները շատ լարված էին ու հնարավոր էր, որ անփորձությունից բացթողումներ եղան: Սակայն դրանք հետագայում շտկելու, լրացնելու համար նպաստավոր պայմաններ եղան»:
«Մենք ԳԽ եկանք սովետական մտածելակերպով, ու կար մի գլխավոր գաղափարՙ նոր անկախ պետություն ստեղծելու գաղափարը, որի նկատմամբ մեր վերաբերմունքը իդեալական էր եւ որեւէ մեկը չէր մտածում հարմարավետության մասին, իսկ հետո խորհրդարան եկան տարբեր նպատակներ, շահեր ու այլ նկրտումներովՙ արդյունքում ընտրություններն անցնում են խախտումներով, ընտրական արկղներ փախցնելով: Ազգային կարեւորագույն խնդիրները մի կողմ թողնվեցին եւ առաջին պլանում տեղ գտան անձերի, կուսակցությունների, խմբերի շահերը: Չնայած որ նման խմբավորում եղավ նաեւ ՀՀՇ-ի ժամանակ, ի հայտ եկավ «Շամիրամ» կուսակցությունը: Եվ հարց մնաց, թե ինչպե՞ս այդ «կուսակցությունը» հայտնվեց խորհրդարանում, իսկ հետո դրա նմանների թիվն ավելացավ Ազգային ժողովում, իսկ ավանդական կուսակցությունները չկարողացան այդ մրցապայքարին դիմանալ, կամ նրանց թույլ չտվեցին, եւ այլեւայլ ճանապարհներով, խորհրդարանում լինել»:
Այնուհետեւ պրն Տոնոյանը պատասխանելով «Ազգի» այն հարցին, թե ի՞նչը կարող էր խանգարել ՌԱԿ-ին իր ներկայացուցիչները ունենալու ԱԺ-ում, ասաց. «Հարցը միայն ռամկավարներին չէր վերաբերում: Քանի որ արդեն ՀՀՇ կար, որին ամբողջ ժողովուրդն էր անդամակցել, այդքան էլ ճիշտ չէր այդ անունը վերցնել ու կուսակցություն դարձնել ու ձեւավորել այնպիսի մթնոլորտ, իբր թե ՀՀՇ-ն առաջին կուսակցությունն է: Բոլոր դեպքերում այդ կառույցը իր դրական լուման ունի, բայց որպես առանձին իրավաբանական մարմին, այսօր նրանից հիշում ենք միայն ցուրտ ու մութ տարիները: Ու այսօր ցավալի է, որ ԳԽ առաջին նախագահը, Անկախ Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը, առաջին վարչապետը եւ այլք չեն մասնակցում այս հավաքին եւ անգամ ուղերձով չեն շնորհավորում 20-ամյակը: Ես գտնում եմ, որ նրանք այս մարդկանց (խոսքը ԳԽ պատգամավորներին է վերաբերում - Մ. Մ.) վրա ուշադրություն չեն դարձնում, կամ նպատակային բացակայում են, մոռանալով, որ հենց վերջինների շնորհիվ է, որ դարձան նախագահ, վարչապետ եւ այլն: Եվ այսօր հենց նրանց պետք էր առաջինը շնորհավորեինՙ Լեւոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանը...»:
Հոբելյանական նիստը ավարտվեց, բայց համատեղ հայտարարության տեքստը այդպես էլ հնարավոր չեղավ ընդունել: Իսկ թե ինչո՞ւ հոբելյանական միջոցառումը միասնական չարվեց ու բաժանվեց եւ երեւի տարբեր կառույցներում ու վայրերում առանձին-առանձին կազմակերպվեց, պրն Տոնոյանը այս կերպ բացատրեց. «Դեռ մեկ տարի առաջ «ԳԽ ակումբը» պաշտոնական նամակով դիմել է հայրենի կառավարությանը, ԱԺ-ին, ՀՀ նախագահինՙ պետական հոբելյանական միջոցառումների ցանկում ընդգրկել նաեւ «Հռչակագրի» ու ԳԽ-ի 20-ամյա հոբելյանները: 2010 թ. մայիսին ստացվել է միայն վարչապետի անունից նամակ, որով հայտնվել է, որ հնարավոր չէ կառավարության դահլիճում (Մելիք-Ադամյան) նման միջոցառում անցկացնել: Մերժումը ստանալուց հետո ակումբը նախաձեռնեց հոբելյանական նիստի անցկացման աշխատանքները եւ բոլորին նախապես ուղարկվեցին հրավերներ: Իսկ թե ինչո՞ւ երեք տարբեր տեղերում նշվեց, տեղյակ չենք եւ այդ մասին իմացանք միայն մամուլից: Ավելացնեմ, որ մյուս երկուսին մենք ինքներս չենք հրավիրվել»:
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ
Նկար 2. Սամվել Տոնոյան