ԵՐՎԱՆԴ ԱԶԱՏՅԱՆ
Ամերիկահպատակներ Կարպիս Դավոյանի եւ Հրայր Թյուրաբյանի անունից Մ. Նահանգների Կալիֆոռնիայի նահանգի կենտրոնական շրջանային դատարան «Կաբատեկ Բրաուն Քելլերներ ՍՊԸ-ի» ներկայացրած խմբային դատական հայցն ընդդեմ թուրքական կառավարության, Թուրքիայի Հանրապետության կենտրոնական եւ գյուղատնտեսության «Զիրաաթ» բանկերի, միանշանակ ըմբռնումով չընդունվեց բոլորի կողմից:
Թուրքական մի շարք լրատվական գործակալություններ եւ անհատ բլոգերներ փորձեցին ծաղրուծանակի ենթարկել հայցը, մինչ որոշ հայեր ապարդյուն ջանք համարեցին կատարվածը: Այդուհանդերձ, Եղեռնից մազապուրծների ժառանգորդները գոտեպնդված են, որ արդարությունը վերջապես կհաղթանակի, հատկապես նրանց համար, ովքեր դեռեւս պահպանում են սեփականության վավերագրեր եւ համապատասխան փաստաթղթեր: Թուրքական «Հյուրիեթ» օրաթերթը լուրն արձանագրեց ինքնազսպվածությամբՙ զգուշանալով հավանաբար ներկայացված հայցի վերջնական արդյունքից:
Փաստաբաններ Բրայան Կաբատեկը , Մարկ Կիրակոսը , Պերճ Բոյաճյանն ու Արա Ջաբաղջուրյանը նման խմբային դատական հայցեր շահելու մեծ վարկանիշ ունեն եւ իրենց հեղինակությունը ռիսկի տակ չէին դնի, եթե վստահ չլինեին ելքից:
Անշուշտ, ծանր ու դժվարին գործընթաց է սպասվում, քանի որ ժառանգազրկված մի փոքրամասնություն պայքարելու է թուրքական կառավարության հսկայական բյուրոկրատիզմի դեմ:
Հայցը կարող է նաեւ քաղաքական խոչընդոտների հանդիպել, որովհետեւ Թուրքիան գիտի վարպետորեն վարվել նման դեպքերում, վախ ներշնչելով, որ կխաթարվեն թուրք-հայկական հարաբերությունները, ինչպես պատահեց այն ժամանակ, երբ Մ. Նահանգներում Թուրքիայի դեսպան Նաբի Սենսոյը «Նյու Յորք լայֆ» ապահովագրական ընկերության դեմ բացված հայցի կապակցությամբ միջամտեց, Կալիֆոռնիայի շրջանային դատարանի դատախազ Մարգարետ Մարոուին գրելով հետեւյալը. «Մեծապես մտահոգված եմ, որ մի քանի հայցվորներ դիմել են Ձեզ դատաստան տեսնելու այնպիսի գործողությունների նկատմամբ, որոնք կատարվել են անկախ Թուրքիայի տարածքում: Պիտի խնդրեի ձեռնպահ մնալ նման քայլերից», իսկ մի փոքր ներքեւում ավելացնելովՙ «Ձեր ուշադրությանն եմ ուզում հանձնել այն, որ ձեր օգտագործած «Հայերի ցեղասպանություն» եզրը տեղին չէ»:
Այդ ժամանակ նման միջամտությունը ոչ մի արդյունք չտվեց, եւ «Նյու Յորք լայֆի» հայցն ավարտվեց հատուցման վճարումներով: Բայց 2009-ի օգոստոսի 21-ին 9-րդ շրջիկ վճռաբեկ դատարանի երեք հոգուց բաղկացած դատավորների առանձին մի հանձնախումբ նշեց, որ կալիֆոռնիական օրենքը անտեսել էր նախագահի դիվանագիտական իշխանությունը եւ հետագայում պարտավոր էր նախապատվությունը տալ դաշնային քաղաքականությանը, որը դեմ է ցեղասպանության ճանաչմանը:
Այդուհանդերձ, հաջողություններն ավելի խոսուն են: «Նյու Յորք լայֆ» ապահովագրական ընկերության դեմ բացված հայցը շահելով եւ ցեղասպանության ժառանգներին հասնող ընդհանուր 20 միլիոն դոլարի փոխհատուցումն ստանալուց եւ տերերին բաժանելուց հետո, փաստաբաններ Մարկ Կիրակոսը , Բրայան Կաբատեկը եւ Վարդգես Եղիայանը ձեռնարկեցին մեկ ուրիշ հայցՙ ֆրանսիական «Աքսա» ապահովագրական ընկերության դեմ եւ դարձյալ շահեցինՙ այս անգամ ստանալով եւ համապատասխան փաստաթղթեր ներկայացուցիչներին բաժանելով ընդհանուր 17,5 միլիոն դոլար:
Այդ առիթով Մարկ Կիրակոսը հայտարարեց, որ ժամանակը եկել է, որ համայն աշխարհի հայությունը այսուհետեւ առաջնային դարձնի փոխհատուցման խնդիրը: Իսկ Վարդգես Եղիայանն ավելացրեց, որ նման հայցերը «ապացուցում են, որ անցյալը մեռած չէ, ոչ էլ մոռացված: Գիտակցում եմ, որ այս ձեւի կարգավորումները ոչ իսկ մեկ հայ երեխայի կյանքը կարող են հետ բերել, բայց վստահ եմՙ դրանքՙ այդ կարգավորումները կարեւոր են, որովհետեւ խորհրդանշում են արդարության հասնելու մեր վճռականությունը»:
Անշուշտ, ներկա հայցը տարբեր է իր բնույթով: Դա առնչություն չունի օտար ընկերությունների հետ, որոնք բիզնես էին անում Օսմանյան կայսրությունում: Այս անգամ հայցն ընդդեմ թուրքական կառավարության է, եւ արդյունքը ոչ միայն նյութական փոխհատուցումն է լինելու, այլեւ հեռուն գնացող քաղաքական արձագանքներ է ունենալու: Այդ պատճառով էլ ակնկալում ենք, որ թուրքական կառավարությունը ամբողջ թափով պայքարելու է, որ հաղթանակի հասնի:
Հայցը հիմնված է այն փաստի վրա, որ թուրքական կառավարությունը դրժելու է իր խոստումը, որ 1915-ին ապօրինաբար զավթել է իր հայ քաղաքացիների ունեցվածքը, եւ հակառակ այն որոշման, որ քաղաքացիների իրավական ժառանգորդներին կփոխհատուցվեն դրանցից ձեռք բերված եկամուտները, ոչ մեկն առ այսօր չի ստացել որեւէ գումար:
Ես անձամբ շատ եմ հետաքրքրված այս հայցի արդյունքով, քանի որ ներկայումս Մ. Նահանգների ավիաբազան դարձած Ինջիռլիքի տարածքի մի զգալի մասը պատկանում է պապիս ու տատիս:
Հաշվի առնելով հանդերձ Թուրքիայի աճող հզորությունը միջազգային քաղաքական ասպարեզում, պետք է նշել, այնուամենայնիվ, որ Թուրքիայի իրարահաջորդ կառավարությունները, սկսած օսմանյան շրջանից մինչեւ իթթիհատական եւ հետագայում էլ հանրապետական տարիները, այնքան ոճիրներ են գործել, որ դրանց արձագանքները հավիտյան կհետապնդեն նրանց:
Այժմյան Թուրքիայի քաղաքացիները չեն կարող հանգիստ նստել իրենց 1,5 միլիոն հայ զոհերի անհայտ ու անանուն շիրիմների վրա եւ պնդել, որ այդ վայրագությունները սոսկ իրենց «անկախ երկրի իրավասությանն են պատկանում»:
Եթե Թուրքիան հետամուտ է լինում անդամագրվելու Եվրոմիությանը, ապա նա պարտավոր է հաշվի նստել իր անցյալի հանցագործությունների հետ:
Շատ հույն կիպրոսցիներ, որոնք տուժել են 1974-ի թուրքական ներխուժումից, դատական հայցեր են ներկայացրել եվրոպական դատարան եւ շահել հարուցված գործերը: Դատարանի անզիջում վճիռները անտարակույս բացասական ազդեցություն են ունենալու Թուրքիայի եվրոպական ձգտումների վրա:
Նախադեպ հանդիսացող այս գործերն էլ հիմք են տալիս եզրակացնելու, որ նախաձեռնված այս նոր հայցն էլ հաջողությամբ կպսակվի:
Արդարությունը անչափելի է, եւ ոչ մի կարգավորում չի կարող դրա ճշգրիտ չափը որոշել: Եթե թուրքական ոճրագործությունների զոհերի հետնորդները շարունակեն աստիճանաբար կոտրել այդ երկրի ըմբոստությունը, ապա միգուցե տարածքային պահանջատիրության համար կանաչ ճանապարհ կբացվի:
Ներկայումս ամբողջ աշխարհով մեկ մոտ 100 տարածքային վեճեր գոյություն ունեն պետությունների միջեւ: Դրանցից որոշ մասը կարող են կարգավորվել բանակցությունների միջոցով: Ուրիշներըՙ պատերազմի, իսկ մի երրորդՙ մեծամասնական խումբ էլ կարող է երբեք չկարգավորվել, եւ զոհ դարձած կողմերը մնան հավիտենական պահանջատիրոջ իրենց դիրքերում:
Այսօր Թուրքիայի համար հատուցման ժամանակը հասել է:
Դետրոյթ, ԱՄՆ, «Արմինյն միրոր սփեքթեյթրից», Թարգմ. Հ. Ծ.