«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#150, 2010-08-21 | #151, 2010-08-24 | #152, 2010-08-25


ԲՈԼՈՐՍ ՄԵՍՐՈՊ ՄԱՇՏՈՑԻ ԶԻՆՎՈՐՆԵՐՆ ԵՆՔ

Օգոստոսի 24-ին Հայաստանի Ազգային գրադարանի նիստերի սրահում տեղի ունեցավ հանդիպում «Գալուստ Գյուլբենկյան» հիմնարկության հայկական բաժանմունքի ղեկավար, լեզվաբան, մշակութային գործիչ Զավեն Եկավյանի հետ: Հայ մշակույթին` Մայր Հայրենիքում եւ ի Սփյուռս աշխարհի մատուցած անգնահատելի ծառայությունների համար ՀԱԳ տնօրեն Դավիթ Սարգսյանը նրան շնորհեց հայ առաջին տպագրիչ Հակոբ Մեղապարտի անվան մեդալ: Հանդիպմանը մասնակցում էին ՀԱԳ գիտխորհրդի անդամներ, մտավորականներ, հասարակական գործիչներ Հայաստանից եւ Սփյուռքից:

Իր խոսքում ՀԱԳ տնօրենը համառոտ ներկայացրեց Զ. Եկավյանի գործունեության շրջանակները: Բարեգործական ծրագրերից Դավիթ Սարգսյանը հատկապես շեշտեց նրա մեծ ներդրումը գրահրատարակչական, գրադարանային գործում:

- Այսօր Սփյուռքում առկա ամենամեծ` հայապահպանության խնդիրը մենք փորձում ենք լուծել Զավեն Եկավյանի նման անհատների միջոցով,- ասաց Դ.Սարգսյանը:

Զ.Եկավյանի գիտական գործունեության մեջ նա առանձնացրեց ներդրումը լեզվաբանության մեջ, նշելով նրա հեղինակած «Հնդեվրոպական լեզուների բառապաշարը եւ հայերենի տեղը» (1975 թ.), «Ֆրանս-հայերեն բառարանագրությունը 19-րդ դարում» (1976 թ.), «Մխիթարյան միաբանությունը եւ բառարանագրությունը» եւ այլ գրքեր:

Պատմաբան Պետրոս Հովհաննիսյանի խոսքով` «Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի` Հայաստանի նկատմամբ ունեցած մեծ ուշադրությունը պայմանավորված է Զ. Եկավյանի ակտիվ գործունեությամբ եւ ազգանվիրումով: «Նրա ջանքերով կյանքի կոչվեցին այնպիսի կարեւոր հրատարակություններ, որոնցից է Նիկողայոս Ադոնցի Երկերի 5-հատորյակը, Հակոբ Մանանդյանի Երկերի 7-րդ հատորը, մինչդեռ 6-րդը հրատարակվել է 25 տարի առաջ: Զավեն Եկավյանն առաջարկել է տպագրել նաեւ 8-րդ հատորը»,- ասաց Պ.Հովհաննիսյանը` Զավեն Եկավյանին նվիրելով Ն. Ադոնցի Երկերի առաջին հատորը:

Զ.Եկավյանի նվիրումի, ազգասիրության, հայրենասիրության մասին խոսեց հասարակական-մշակութային սփյուռքահայ գործիչ Ժիրայր Դանիելյանը : «Զավեն Եկավյան երեւույթը հազվագյուտ է մեզանում, ընդհանրապես նա սոսկ գրքի հրատարակման մեկենաս չէ, այլ հրատարակության նախաձեռնության հեղինակ»,- ասաց Ժ.Դանիելյանը:

ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի տնօրեն Ավիկ Իսահակյանը խորհրդանշական համարեց այն փաստը, որ նման հանդիպումն անց է կացնում Հայաստանի Ազգային գրադարանը: «Այս հարկի ներքո շատ նշանավոր անհատներ են հյուրընկալվել, սակայն այս մեկը բացառիկ է, քանզի Զավեն Եկավյանի ջանքերով վերջին երեք տասնամյակներին Հայաստանը ստանում է արտերկրում հրատարակված բարձրարժեք, հազվագյուտ հրատարակությունները»: Առաջիկայում Մ.Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի տնօրենությունը նույնպես կպարգեւատրի Զ. Եկավյանին:

ԵՊՀ հրատարակչության տնօրեն Պերճ Ստեփանյանը հիշում է, որ Զ. Եկավյանը ուսանողական տարիներին հաճախ էր լինում իրենց տանը, օգտվում հոր` գրականագետ, թատերագետ Գառնիկ Ստեփանյանի հարուստ գրադարանից: «Ես այդ ժամանակ հասկացա, թե ինչ է նշանակում սերը գրքի նկատմամբ»,- ասաց նա:

Ինքը` Զավեն Եկավյանը խոստովանում է, որ հաջողությունների համար պարտական է Հայաստանի Ազգային գրադարանին: Նշում է, որ գրքի հրատարակությունը ֆինանսավորելը հերոսություն չէ, այլ մեր պարտքն է պահպանել հայ գիրը, մշակույթը: Իսկ առանց տպագիր ժառանգության չի պահպանվի մեր մշակույթը: «Մենք բոլորս Մեսրոպ Մաշտոցի զինվորներն ենք»,- իր շնորհակալական խոսքն այսպես ամփոփեց Զ. Եկավյանը:

Նա ծանոթացավ Ազգային գրադարանում պահպանվող եզակի հրատարակություններին, ընթերցասրահներին: Գրադարանում բացված ցուցափեղկերից մեկում ներկայացված էին Զ. Եկավյանին նվիրված հոդվածներ` տպագրված տարբեր թերթերում:

Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով ՀՀ անկախության հռչակման 18-րդ տարեդարձի կապակցությամբ, լայնածավալ հայրենանվեր գործունեության, ինչպես նաեւ մշակույթի բնագավառում ներդրած ծանրակշիռ ավանդի համար Զավեն Եկավյանը պարգեւատրվել է Սուրբ Մեսրոպ Մաշտոց շքանշանով:

Ազգային գրադարանի Հանրության հետ կապերի եւ միջոցառումների կազմակերպման բաժին


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4