«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#150, 2010-08-21 | #151, 2010-08-24 | #152, 2010-08-25


ՀԱՎԱՔԱԿԱՆԻ ԸՆԴԼԱՅՆՎԱԾ ԿԱԶՄԸ ՀԱՅՏՆԻ Է

Սեպտեմբերի 3-ին Իռլանդիայի հավաքականի հետ կայանալիք երեւանյան հանդիպումով ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը կսկսի Եվրո-2012-ի ընտրական մրցաշարը: Չորս օր անց մեր ընտրանին արտագնա խաղում կմրցի Մակեդոնիայի հավաքականի հետ:

Ի տարբերություն ընտրական նախորդ մրցաշարերի, այս անգամ Հայաստանի հավաքականին բավական հարմար մրցակիցներ են բաժին հասել, ուստի ֆուտբոլասերների եւ մասնագետների համընդհանուր կարծիքով մեր ընտրանուց պետք է լավ արդյունքներ ակնկալել: Թե որքանո՞վ կիրականանան սպասելիքները, ցույց կտա ընտրական մրցաշարի ընթացքը:

Ինչ խոսք, շատ կարեւոր է հաջող մեկնարկը: Ուստի առաջիկա երկու հանդիպումներում պետք է ձգտել առավելագույն արդյունքի հասնել: Հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանն արդեն հրապարակել է ընդլայնված կազմը, որից կընտրվեն այն 20 ֆուտբոլիստները, որոնք կնախապատրաստվեն առաջիկա 2 խաղերին: Դեռեւս Իրանի հավաքականի հետ ընկերական հանդիպումից հետո Վարդան Մինասյանը հայտարարել էր, որ ազգային հավաքականի անդամ այն ֆուտբոլիստները, որոնք հանդես են գալիս նաեւ երիտասարդական հավաքականում, պետք է իր տրամադրության տակ գտնվեն:

Որոշ ընդմիջումից հետո կրկին հավաքական է հրավիրվել մերձմոսկովյան «Խիմկիում» հանդես եկող 36-ամյա դարպասապահ Ռոման Բերեզովսկին: Վերջին անգամ նա հավաքականի դարպասը պաշտպանել էր մարտին Անթալիայում Բելառուսի ընտրանու հետ խաղում: Իրանի հավաքականի հետ հանդիպումը ցույց տվեց, որ «Բանանցի» դարպասապահ Ստեփան Ղազարյանն առայժմ իրեն այնքան էլ վստահ չի զգում հավաքականում: Նա «Միկայի» դարպասապահ Գեւորգ Կասպարովի հետ կրկին հրավիրվել է հավաքական:

Պաշտպանական գիծը կկազմեն Սարգիս Հովսեփյանը, Ռոբերտ Արզումանյանը, Աղվան Մկրտչյանն ու Արարատ Առաքելյանը: Հրավիրվել է նաեւ «Միկայի» ավագ Հրայր Մկոյանը, սակայն նա վիրահատությունից հետո նոր է վերսկսել մարզումներն ու դժվար թե հասցնի լավ մարզավիճակ ձեռք բերել: Երիտասարդական հավաքականից հրավիրվել են Արթուր Յուզբաշյանը, Լեւոն Հայրապետյանը, Արտակ Եդիգարյանն ու Հովհաննես Համբարձումյանը:

Կիսապաշտպանական գծի խաղացողներից Իրանից հրավիրվել են Արթուր Եդիգարյանն ու Լեւոն Պաչաջյանը: Մեծ թիվ են կազմում երիտասարդական հավաքականի ֆուտբոլիստներըՙ Կառլեն Մկրտչյանը, Մասիս Ոսկանյանը, Դավիթ Մանոյանը, Արտակ Դաշյանը, Էդգար Մալաքյանը, Արտակ Ալեքսանյանը: «Ուլիսից» հրավիրվել է Արտակ Գրիգորյանը, որն Իրանի հետ խաղում նորամուտը նշեց ազգային հավաքականում:

Վարդան Մինասյանը թիմի հարձակման գիծը կազմավորելու հարցում ընտրության մեծ հնարավորություն ունի: Թեկնածուների թվում են փյունիկցիներ Մարկոս Պիզելին, Գեւորգ Ղազարյանը, Էդգար Մանուչարյանն ու Հովհաննես Գոհարյանը, թիմի նորեկ Յուրա Մովսիսյանը, հավաքականի առաջատար Հենրիխ Մխիթարյանը եւ «Բանանցի» հարձակվող Սամվել Մելքոնյանը: Օգոստոսի 29-ից Հայաստանի հավաքականը կսկսի անմիջական նախապատրաստությունն ընտրական մրցախաղերին: Հուսանք, որ մեր ֆուտբոլիստները հաջող կմեկնարկեն ընտրական մրցաշարում ու վերջապես կուրախացնեն բարձրակարգ ֆուտբոլի եւ հաղթանակների կարոտ հայ ֆուտբոլասերներին:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4