«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#152, 2010-08-25 | #153, 2010-08-26 | #154, 2010-08-27


ՀԻԼԱՐԻ ՔԼԻՆԹՈՆԸ ՊԱՏԱՍԽԱՆԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ

ԱՄՆ պետքարտուղար Հ. Քլինթոնը երկու օր առաջ պատասխանել է Հարավային Կովկասի իրավապաշտպան ցանցի հայաստանյան կազմակերպությունների այն նամակին, որով դիմել էին նրան Երեւան կատարած այցի ժամանակ` հուլիսի 5-ին: Նամակում նշել էին, որ «անհրաժեշտ է անհապաղ ազատ արձակել բոլոր քաղաքական բանտարկյալներին եւ վերջ տալ այլախոհության համար հալածանքներին», իրականացնել մարտի 1-ի սպանությունների արդար հետաքննություն, բացահայտել եւ պատժել մեղավորներին, արդարացի փոխհատուցում տրամադրել զոհվածների հարազատներին», մտահոգություն էին հայտնել ոստիկանությունում, քննչական մարմիններում խոշտանգումների ու սպանության դեպքերի եւ այլ խնդիրների վերաբերյալ: «Ակնկալում ենք, որ Միացյալ Նահանգները իր հնարավորությունների շրջանակներում, գործածելով իր լծակները, ազդելով Հայաստանի իշխող վարչակազմի վրաՙ կօգնի Հայաստանի քաղաքացիական հասարակությանն ու հանրությանը լուծել վերոհիշյալ խնդիրները», ասված էր նամակում:

Պատասխան նամակում, ըստ Հայաստանի հասարակական կազմակերպությունների տրամադրած տեղեկությունների, ԱՄՆ պետքարտուղարը նշել է. «Բարեբախտաբար, Հայաստանում կա ակտիվ քաղաքացիական հասարակություն, որը պատրաստ է իր մասնակցությունը բերել այս հիմնարար խնդիրներին ուղղված հարցերում եւ եռանդագին աշխատելՙ բարելավելու քաղաքացիական միջավայրը բոլոր հայաստանցիների համարՙ անկախ քաղաքական դիրքորոշումներից, մասնագիտությունից կամ հանգամանքներից: Միացյալ Նահանգները շարունակում է հավատարիմ մնալ Հայաստանի կառավարության եւ ժողովրդի հետ աշխատելու իր հանձնառությանը` ուղղված տարածաշրջանում ընդհանուր նպատակների ամրապնդմանը, որոնք ներառում են խաղաղությունը, կայունությունը, ժողովրդավարությունը եւ տնտեսական բարգավաճումը: Խիստ ողջունելի է, որ դուք մեծապես կարեւորում եք այն, որ ազատ խոսքի, ժողովրդավարական արտահայտման եւ մարդու իրավունքների հարցում պետության կողմից ապահովվող պաշտպանությունը օգնում է տարածաշրջանային խաղաղության ու անվտանգության խթանմանը: Ինչքան ավելի մեծ պաշտպանվածություն է ապահովվում, այնքան ավելի կայուն ու անվտանգ է միջավայրը երկրի համար` ընդհանուր մարտահրավերներին դիմակայելու հարցում:

Միացյալ Նահանգները հավատացած է, որ այն նույն արժեքները, որ ծնունդ են տվել մեր պետությանը` որպես բաց ու ակտիվ ժողովրդավարության, ուր անսասան է հարգանքը մարդու իրավունքների, այդ թվումՙ հստակ հանձնառությունը մամուլի ազատության ապահովման հանդեպ, ազատ եւ ծաղկուն հասարակության հիմքն են կազմում եւ հույժ կարեւոր են Հայաստանի ապագայի համար: Մենք պաշտպանում ենք այդ արժեքները եւ կշարունակենք մեր ձայնը բարձրացնել ի պաշտպանություն այդ արժեքների Հայաստանում եւ ողջ աշխարհում»:

Հ. Ա.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4