«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#152, 2010-08-25 | #153, 2010-08-26 | #154, 2010-08-27


«ԽՈՒԼԻԳԱՆ ԴԻԿԸ», ՆՈՒՅՆ ԻՆՔԸՙ ՌԻՉԱՐԴ ԲԱՔԱԼՅԱՆ

Հայազգի դերասանը, որի մասին քչերը գիտեն

«Կյանքում շատ տարօրինակ շրջադարձային փուլեր կարող են տեղի ունենալ», գրում է Ֆրենկ Նահիկյանը «Արմինյն միրոր սփոքթեյթր» շաբաթաթերթի հուլիսի 31-ի համարում, եւ որպես օրինակ բերում է ամերիկահայ դերասան Ռիչարդ (Դիկ) Բաքալյանի օրինակը:

1930-ականներին Ռիչարդի հայրը Ամերիկա ներգաղթելով եւ Ուոթերթաունում հաստատվելով, սկսում է ճաշարաններում եւ ռեստորաններում խոհարարի ժամանակավոր աշխատանքներ կատարելով վաստակել իր ապրուստը: Մահանում է 1939-ին, երբ Դիկը դեռեւս 8 տարեկան է լինում: Ընտանիքի մտքովն անգամ չի անցնում, որ 25 տարի անց, 1964-ին Դիկը հնարավորություն կարող է ունենալ ճաշելու Մոնակոյի արքայազն Ռեյնյեի եւ նրա կնոջՙ գեղեցկուհի Գրեյս Քելլիի (նախկինումՙ դերասանուհի) հետՙ իրենց զբոսանավի վրա, որպես հռչակավոր դերասան եւ երգիչ Ֆրենկ Սինատրայի հյուրը:

«Ֆոն Ռայանի ճեպընթացը» ֆիլմի նկարահանումների ժամանակ «20-րդ դար ֆոքս» կինոստուդիան մի զբոսանավ է վարձում Սինատրայի համար, որ «ազատ ժամերին զբաղվի»: Սինատրան էլ իր մոտիկ խաղընկերներին (ներառյալ Բաքալյանին) հավաքում է եւ հասնելով Մոնակո, նավամատույցում պատահաբար հանդիպում արքայազնին ու նրա կնոջը, որոնք էլ անմիջապես հրավիրում են հարգարժան դերասանիՙ Սինատրայի ամբողջ «պատվիրակությանը» մի քանի օր անցկացնել միասին:

«Անհավատալի էր, բայց իրական: Ուղղակի ապշեցուցիչ էր: Ինձ շատ բախտավոր էի զգում», խոստովանել է Ռիչարդը վերջերս Նահիկյանի հետ ունեցած հարցազրույցի ժամանակ: Նա նաեւ խիստ դրական հիշողություններով խոսել է ինչպես Սինատրայի, այնպես էլ Դին Մարտինի, Սեմի Դեյվիս կրտսերի, Ջեկ Նիկոլսոնի, Էնտոնի Քուինի, Սեզար Ռոմեայի եւ հոլիվուդյան այլ դերասանների մասին:

Նահիկյանի հարցին, թե Թինզլթաուն քաղաքի բարոյական մթնոլորտն ինչպիսի՞ն էր, Ռիչարդը պատասխանել է. «Նման է որեւէ այլ փոքր քաղաքի մթնոլորտին: Մարդիկ ընդհանրապես խուսափում են որոշ արարքներից, որովհետեւ գիտեն, որ շուտով ամբողջ քաղաքի բամբասանքի առարկան կդառնան»:

Բաքալյանը գանգստերի կամ խուլիգանի դերերով շատ գեղարվեստական եւ հեռուստատեսային ֆիլմերում է հանդես եկել: Նրա առաջին դերը եղել է իրավազանց պատանու կերպարը մարմնավորելը, որը նա գերազանց է կատարել, շնորհիվ նաեւ իր համապատասխան արտաքինին: Զբաղվել է ըմբշամարտով, որոշ ժամանակ, եւ 15 դոլար վաստակել յուրաքանչյուր խաղի համար: Բայց քիթը որոշ չափով վնասվել է: Նրա հիշարժան ֆիլմերից է Ռոման Պոլանսկու «Չայնաթաունը», որտեղ Ջեկ Նիկոլսոնն է խաղում:

«Պոլանսկին դինամիկ անձնավորություն էր, գիտեր ում ընտրել որոշակի դերի համար», հիշում է Դիկը:

«Այդ ֆիլմո՞վ ծանոթացաք Նիկոլսոնի հետ» Նահիկյանի հարցին, Բաքալյանը պատասխանել է. «Ոչ, դրանից առաջ էի ծանոթացել նրա հետ: Մենք միասին ենք մեծացել, գնդակով խաղացել, զվարճացել: Շատ լավ անձնավորություն է»:

Բաքալյանի կարիերայի մյուս կարեւոր շոուն Բոբի Դարենի հետ հեռուստատեսային «Կարմինը եւ Էնդին» սերիալի նկարահանումներն են եղելՙ Նյու Յորքում երկու ընկերների արկածների մասին: «Սերիալը հաջողության արժանացավ եւ մենք շատ նամակներ ստացանք: Այնուհետեւ ինձ հրավիրեցին նկարահանվելու այլ փոքր դերերում», հիշում է Դիկը:

Հաջորդ մեծ «գործը» Ուոլթ Դիսնեյի 1969-ին նկարահանած «Դժվար է թռչուն լինելը» կարճամետրաժ մուլտֆիլմում ներածականը պատմող թռչունի դերն էր, որը 1970-ին Օսկարի արժանացավ: Դրանում խոսվում էր մարդկությանը թռչունների բերած նպաստի մասին: Դիկի ձայնը շատ համոզիչ պետք է հնչած լիներ այնտեղ, քանի որ դրանից հետո նա դեր է ստանձնում Դիսնեյի «Աղվեսը եւ որսկան շունը» լիամետրաժ մուլտֆիլմում, Միքի Ռունիի, Քըրտ Ռասելի, Պըռլ Բեյլիի եւ Սենդի Դունկանի կողքին:

«Պատահականությունները ճակատագրական կարող են լինել երբեմն», եզրակացնում է հոդվածագիր Ֆրենկ Նահիկյանը, մեզ ներկայացնելով Ռիչարդ Բաքալյանի հետաքրքիր կերպարը:

Պատրաստեց Հ. ԾՈՒԼԻԿՅԱՆԸ


Նկար 2. Բաքալյանը Սեզար Ռոմերոյի հետ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4