Օրերս «Հայ ասպետ» հեռուստամրցույթի հաղթող թիմի անդամները մեկնել էին Արեւմտյան Հայաստան ուխտագնացության: Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցում, երբ հայ պատանիները երգել են ու աղոթել, թուրք ոստիկանները մոտեցել են, արգելել աղոթել ու վիրավորել, սպառնացել, հրելով դուրս հանել եկեղեցուց եւ ոտքերով տրորել ծխացող խունկը: Սա առաջին դեպքը չէ, երբ թուրք ոստիկանները խոչընդոտում են հայ ուխտավորների մուտքն ու աղոթքը Արեւմտյան Հայաստանի եկեղեցիներում: Անցյալ տարի «Հայ ասպետ» հեռուստախաղի հաղթողները մեկնել էին Անի եւ փորձել տեղի եկեղեցիներից մեկում քահանայի առաջնորդությամբ խաղողօրհնեքի ծես իրականացրել, սակայն թուրք ոստիկաններն այս անգամ էլ նրանց շրջապատել են եւ արգելել աղոթել:
Այս կապակցությամբ օգոստոսի 30-ին Ազգային գրադարանում տեղի կունենա քննարկում, որի ընթացքում խմբի անդամները կներկայացնեն Սուրբ Խաչում տեղի ունեցածը: