«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#153, 2010-08-26 | #154, 2010-08-27 | #155, 2010-08-28


ՍԱԱԿԱՇՎԻԼՈՒ ՀԱՄԱԴԱՇՆԱՅԻՆ «ԲԼԵՖՆ» ՈՒ ԲԵՐԱՆԸ ՋՈՒՐ ԱՌԱԾ ԲԱՔՈՒՆ

Երբ Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին հուլիսի 20-ին Բաթումում ընդունելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւինՙ բոլորի համար անակնկալ հայտարարեց, թե ժամանակն է, որ Ադրբեջանն ու Վրաստանը գնան համադաշնային միության, առաջին տպավորությունն իսկապես այնպիսին էր, թե վրաց առաջնորդը հերթական անգամ, հերթական ձեւով եւ իրեն ընդհանրապես շատ նման անկանխատեսելիությամբ հայտարարել էր մի բան, որ զուտ ցանկությունների ու «հյուրընկալության» ոլորտից էր:

Սակայն, ինչպես ասում են, «էշ նստելը մի այիբ է, իջնելը` երկու» մոտեցումն աշխատեց, թե՞ Սաակաշվիլու պարագայում անհասկանալի էլի մի ինչ-որ բան, բայց Վրաստանի նախագահը հուլիսի 20-ից շատ չանցած, թերեւս չմոռանալով այդքան «հաջող» արված «կոնֆեդերացիոն» հայտարարությունը, վերցրեց ու նույն միտքը կրկնեց նաեւ Վրաստանի կառավարության նիստում:

Տպավորությունն այնպիսին էր, թե Վրաստանն արդեն լուրջ աշխատում է Ադրբեջանի հետ համադաշնություն ստեղծելու ուղղությամբ այն դեպքում, երբ ո՛չ Բաթումի հանդիպմանը, ո՛չ էլ դրանից հետո Ադրբեջանի նախագահը կամ նրա որեւէ ներկայացուցիչ չարձագանքեց Սաակաշվիլու գաղափարին:

Դրա փոխարեն, իբր ստեղծված անհասկանալի իրավիճակը քիչ էր ու հարցականները` ոչ բավարար, Վրաստանի փոխարտգործնախարար Նինո Քալանթաձեն էլ օգոստոսի 25-ին հայտարարեց, թե տեխնիկապես Վրաստանն արդեն համաձայնություն է տվել Ադրբեջանի հետ համադաշնություն ստեղծելուն: ԱԳՆ ներկայացուցիչը հայտարարել էր, թե այդ նախաձեռնության ձեւաչափը կախված է դիվանագետների բանակցություններից, ասել է թեՙ համադաշնություն ստեղծելը դիվանագիտական աշխատանքի առարկա է:

Հետեւելով Քալանթաձեի մյուս մտքերին` զարմանալ կարելի է, թե որքան առաջ է գնացել Վրաստանը համադաշնության ստեղծման «ճանապարհին», մինչդեռ Ադրբեջանում այդ մասին ծպտուն հանող չկա: Քալանթաձեն ներկայացրել էր, թե համադաշնության կազմում արդեն Վրաստանն ու Ադրբեջանը կարող են հստակեցնել իրենց հարաբերությունների զարգացման ծրագրերը, «որոնք կծառայեն ողջ տարածաշրջանի զարգացմանը, հաշվի առնելով, որ մեր երկրների տնտեսական համագործակցությունը բավականին ինտենսիվ է զարգանում»: Ընդ որում, ասվածը բավարար չէր, վրաց փոխարտգործնախարարը նաեւ ավելացրել էր, թե ներկա փուլում խոսքը հետագա բանակցությունների իրավական շրջանակների մասին է:

Ինչեւէ, քանի Վրաստանի կառավարությունն ու նախագահը քանիցս հայտարարել էին համադաշնության վրաց-ադրբեջանական ապագայի հավանականության մասին, Վրաստանում անգամ հարց տվող չկար, թե ինչպես եւ երբ է Սաակաշվիլին որոշել, որ իր երկիրը մտնի ինչ-որ համադաշնության մեջ, այն էլ` Ադրբեջանի հետ: Ի վերջո, քնից զարթնողներ եղան, մի քանի կուսակցություններ պաշտոնապես հայտարարություններ արեցին` պահանջելով բացատրել, թե ինչի մասին է խոսքը: Պարզաբանումներ վրաց կառավարությունից սկսեցին պահանջել նաեւ տարբեր գործիչներ:

Հետաքրքրական է, որ վրացի քաղաքագետների մեկնաբանություններով, որեւէ լրջություն չի կարելի տեսնել համադաշնային գաղափարի բարձրաձայնման մեջ, թեեւ այս գնահատականը առավելապես ցանկություն է հիշեցնում, քան գնահատական, քանի որ քաղաքագիտական հայտարարություններն անողներն առավելապես հույս ունեն համադաշնության ստեղծումը հերթական, ոչինչ չասող հայտարարություն տեսնելու:

Մոտ մեկ ամիս անց միայն այս հարցի առնչությամբ Բաքվից հնչած արձագանքը բնավ էլ չհերքեց համադաշնության ստեղծման առնչությամբ լուրերի իսկությունը: Մասնավորապես, երեկ, ադրբեջանական լրատամիջոցների փոխանցմամբ, Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, թե Ադրբեջանի ԱԳ նախարարությունը որեւէ տեղեկություն չունի «ադրբեջանա-վրացական համադաշնության ստեղծման առնչությամբ»:

Հետաքրքրական զուգադիպությամբ, բայց մեկ այլ գործընթացի առնչությամբ «տեխնիկական» հարցերի լուծման մասին արդեն ՆԱՏՕ-ին անդամակցելու առումով հայտարարություն է արել Վրաստանի նախագահը: Սաակաշվիլու հավաստմամբ, Վրաստանի` ՆԱՏՕ-ին անդամակցելու մասին քաղաքական որոշումը կարող է կայացվել մոտ ժամանակներս: Ընդ որում, «Անդամակցության տեխնիկական փուլն անցնում է նորմալ», ասել է Սաակաշվիլին «Էխո Մոսկվի» ռադիոկայանին տված հարցազրույցում:

Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4