Երեկ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այցելել էր Ծաղկաձոր` հանդիպելու «Բազե-2010» երիտասարդական հավաքի մասնակիցներին: Երեկ Ծաղկաձորում անցկացվեցին «Բազե-2010»-ի երգի, պարի, նորաձեւության մրցույթներն ու մրցանակաբաշխությունը:«Բազե-2010»-ն անցկացվում է օգոստոսի 23-28-ը` Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հանգստայան տանը, որը գտնվում է Ծաղկաձորում: Հավաքը կազմակերպում եւ անցկացնում է Հայաստանի երիտասարդական հիմնադրամը: Հավաքին մասնակցում են 18-30 տարեկան շուրջ 300 երիտասարդներ` Հայաստանից, Արցախից եւ Ջավախքից: Երիտասարդական հիմնադրամի համակարգող, Աժ պատգամավոր Կարեն Ավագյանը տեղեկացրեց. «Բազե-2010»-ը մյուս տարիների հավաքներից տարբերվում է նրանով, որ այս տարի մասնակցում են նաեւ կուսակցությունների երիտասարդական կազմակերպությունների թիմերը: Մեզ չմիացան «Ժառանգության» ու «ՀԱԿ»-ի թիմերը` չնայած նրանք էլ էին հրավեր ստացել: «Բազե-2010»-ի մասնակիցները բաժանված էին 3 ճակատների` «Կարմիր», «Կապույտ» եւ «Նարնջագույն»: «Բազե-2010»-ի տնօրեն Սամվել Մերթարջյանի փոխանցմամբ` հավաքի հիմնական գաղափարը երիտասարդների համախմբվածությունն է, որին էլ ամեն տարի ձգտում են հասնել բազեականները:
Ի. Պ.