Այսօր ժամը 20-ինՙ «Բանանց»-«Փյունիկ»
Ֆուտբոլասերներն անհամբերությամբ են սպասում Եվրո-2012-ի ընտրական մրցաշարի մեկնարկին: Այդ մրցաշարի անդրանիկ տուրում Հայաստանի հավաքականը սեփական հարկի տակ սեպտեմբերի 3-ին կհյուրընկալի Իռլանդիայի ընտրանուն:
Սակայն մինչեւ այդ պատասխանատու հանդիպումը ֆուտբոլասերներին այսօր եւս շատ հետաքրքրական ու սկզբունքային մրցավեճ է սպասում: Հայաստանի առաջնության 19-րդ տուրում «Հանրապետական» մարզադաշտում ուժերը կչափեն չեմպիոնի տիտղոսի գլխավոր հավակնորդներ «Բանանցն» ու «Փյունիկը»: Այս պահին «Բանանցը» միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը եւ 5 միավորով գերազանցում է 2-րդ տեղում ընթացող «Փյունիկին»: Ավելորդ է նշել, թե ինչպիսի արժեք ունի հաղթանակն այսօրվա մրցավեճում: Եթե «Բանանցին» հաջողվի հաղթել, ապա «Փյունիկից» միավորների տարբերությունը կհասնի 8-ի եւ շատ դժվար կլինի փյունիկցիներին մնացած 9 հանդիպումներում շրջանցելու մրցակցին ու նվաճելու չեմպիոնի տիտղոսը: Այնպես որ միայն հաղթանակը հնարավորություն կընձեռի «Փյունիկին» շարունակելու պայքարը ոսկե մեդալների համար:
Ընթացիկ առաջնությունում «Բանանցը» միակ թիմն է, որ չի պարտվել «Փյունիկին»: Առաջին շրջանում գրանցվել է ոչ-ոքի (1-1): Իսկ ահա 2-րդ շրջանի հանդիպումը 3-2 հաշվով շահեց «Բանանցը», որի շնորհիվ ստանձնեց առաջատարի դիրքը: Այդ հաղթանակով «Բանանցը» մրցակցից վրեժխնդիր եղավ գավաթի եզրափակիչում կրած ջախջախիչ պարտության դիմաց (0-4):
Հունիսի 20-ին «Հանրապետականում» կայացած հանդիպումը չափազանց համառ ու նյարդային պայքարում անցավ: Արդեն 17-րդ րոպեին փյունիկցի Դավիթ Մանոյանը բացեց հաշիվը, սակայն մինչեւ առաջին խաղակեսի ավարտը Էդուարդո դո Սանթոսը, Արարատ Առաքելյանն ու Դենիրան Օրտեգան 3 անգամ գրավեցին «Փյունիկի» դարպասը: 2-րդ խաղակեսում փյունիկցիները Մարկոսի գոլի շնորհիվ կրճատեցին հաշիվը: Եվ թեեւ հետագայում «Բանանցը» մնաց 9 հոգով, գլխավոր մարզիչ Ստեւիցա Կուզմանոսկին էլ հեռացվեց տեխնիկական գոտուց, սակայն «Փյունիկին» չհաջողվեց խուսափել պարտությունից:
Տուրի մյուս հանդիպումներում «Միկան» կհյուրընկալի «Գանձասարին», «Ուլիսն» Աբովյանում կմրցի «Կիլիկիայի» հետ, իսկ Դիլիջանում «Իմպուլսի» մրցակիցը կլինի «Շիրակը»: Ի դեպ, Գյումրիի մարզադաշտում վերանորոգման աշխատանքներ են կատարվելու եւ սեփական հարկի տակ կայանալիք մնացած հանդիպումները շիրակցիները կանցկացնեն Դիլիջանում: