«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#154, 2010-08-27 | #155, 2010-08-28 | #156, 2010-08-31


ՄԵԴՎԵԴԵՎԸ ԳՆՈՒՄ Է ԱԴՐԲԵՋԱՆ

Ռուսաստանն առաջարկում է հիմնարար սկզբունքների 2-3 չհամաձայնեցված հարցերով հանդերձ ամրագրել արդեն համաձայնեցվածը

ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւի պետական այցը Հայաստան օգոստոսի 19-20-ը մինչ օրս ու դեռ էլի մի որոշ ժամանակ հաստատապես մնալու է քննարկումների թեմա, քանի որ մեր տարածաշրջանում ռազմական հարցերն ու ընդհանրապես անվտանգությանը վերաբերող խնդիրները «խանդոտ» վերաբերմունք են առաջացնում նրանց մեջ, ում տվյալ պարագայում քննարկումը կամ որեւէ փաստաթուղթ չի վերաբերում:

ՌԴ նախագահի Հայաստան այցելության դեռեւս բոլոր արձագանքները չէ, որ հնչել են, սակայն մոտ է նաեւ Ադրբեջան Մեդվեդեւի այցելության ժամկետը, ուստի այդ առնչությամբ եւս կան առաջին պաշտոնական անդրադարձները: Սեպտեմբերի 2-3-ը Մեդվեդեւի` Բաքու կատարելիք պաշտոնական այցելությունից առաջ` նախորդ շաբաթավերջին, ադրբեջանական լրատվամիջոցներին այս կապակցությամբ հարցազրույց է տվել Ռուսաստանի արտաքին գերատեսչության ղեկավար Սերգեյ Լավրովը :

Մեդվեդեւի, ըստ Լավրովի հարցազրույցի պաշտոնական սղագրության, Ադրբեջան կատարելիք առաջիկա այցելությանը քննարկվելու են երկկողմ ողջ հարաբերություններին առնչվող հարցեր, սակայն դրանցից հատկապես կարեւոր են պետական սահմանի պայմանագրի ու դրան առնչվող մեկ այլ փաստաթղթի` Սամուր գետի ջրային ռեսուրսների ռացիոնալ օգտագործման համաձայնագրի ստորագրումը:

Բնականաբար, ադրբեջանական լրատվամիջոցները չէին կարող չհարցնել Գյումրու ռազմակայանի տեղակայման ժամկետը երկարաձգելու առնչությամբ ստորագրված արձանագրության մասին:

Հարցին, թե «ինչ պոտենցիալ սպառնալիքներ է տեսնում Ռուսաստանը Հայաստանի համար տարածաշրջանում եւ ումից է պատրաստվում պաշտպանել», ՌԴ արտգործնախարարը պարզաբանել է, թե հիշատակված արձանագրությամբ միայն երկարաձգվել է բազայի տեղակայման ժամկետը: «Դրանով փոփոխություն չի մտցվում ոչ ռազմաբազայի գործառույթներում, ոչ այդտեղ ծառայողների թվում, ոչ էլ սպառազինության թվաքանակում, որ գտնվում է ռազմաբազայում», ներկայացրել է Լավրովն, ավելացնելով, որ ուրեմն այդ արձանագրությամբ տարածաշրջանում ուժերի հավասարակշռության մեջ փոփոխության մասին խոսք լինել չի կարող:

Սերգեյ Լավրովի մեկնաբանությամբՙ N5 արձանագրությամբ երկարաձգված ժամկետն ու ռազմակայանի հետագա գործունեության շարունակումը որեւէ համաձայնություն չեն խախտում: «ՌԴ ռազմակայանի հիմնական նպատակը Ռուսաստանի շահերի ապահովումն է: Այդ շահերից է, անկասկած, նաեւ Հարավային Կովկասում եւ կասպյան տարածաշրջանում կայունության պահպանումը: Դա ռուսական ռազմակայանի սկզբնական նպատակն էր, երբ ստորագրվեց համապատասխան պայմանագիրը», ադրբեջանցի լրագրողներին ներկայացրել է Լավրովը:

Թե ինչ քայլեր կարող է ձեռնարկել Ռուսաստանը այսուհետեւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցություններում որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, Լավրովն արձագանքել է, որ թեեւ տեսանելի արդյունքներ չկան, սակայն որպես գործընթացի մասնակից կարող է ասել, որ հանրությանը անտեսանելի, բայց արդյունքներ այդուամենայնիվ կան:

«Այն տարիների ընթացքում, ինչ Ռուսաստանը մասնակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների գործունեությանը մեր ամերիկացի, ֆրանսիացի գործընկերների հետ, այն տարիների ընթացքում, ինչ Ռուսաստանը, Մինսկի խմբի դիրքորոշման հունով, ինքնուրույն փորձում է օգնել-մոտեցնել կողմերի դիրքորոշումները, վիճելի հարցերի բավականին էական կրճատում տեղի է ունեցել», ասել է ՌԴ ԱԳ նախարարը:

Ներկայացնելով, որ վերջին երկու տարում Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահները հանդիպել են վեց անգամ, Լավրովն ընդգծել է, որ թեեւ ոչ բոլոր հիմնարար սկզբունքներն են համաձայնեցված, բայց տեքստի նշանակալի մասի առումով կա «փաստացի փոխզիջումային ձեւակերպումների հասնելու» ըմբռնում: «Մենք բավականին պարզ բան ենք առաջարկել. 2-3 հարցերը, որոնք դեռեւս համաձայնեցված ձեւակերպումների առարկա չեն, ամրագրել որպես հետագա քննարկում պահանջող: Այդուհետեւ հստակորեն գրանցել, որ առանց այդ երկու հարցերի որեւէ վերջնական համաձայնություն չի լինի: Այս փուլում դա հնարավորություն կտար ամրագրելու այն առաջընթացը, որին հասել ենք տեքստի մեծագույն մասի առնչությամբ, միեւնույն ժամանակ ցույց տալով, որ այդ հարցը պահպանվում է, եւ կա 2-3 կոնկրետ խնդիր, որոնց առումով լրացուցիչ ջանքեր պետք է գործադրել, եւ այդ տեսքով ամրագրել են, ինչին հասել են ներկա դրությամբ»:

Թեեւ դժվար է ասել, թե կիսատ-պռատ այդ թղթի ամրագրմամբ ինչի կարող են հասնել բանակցություններին մասնակցող կողմերն, ու ընդհանրապես ուր կհասնի հակամարտության կարգավորումը, սակայն դժվար թե որեւէ մեկը կարողանա երաշխավորել, որ այդպիսով միայն առավել չի ձգվի բանակցային գործընթացը, քանի որ որեւէ կողմը ուզածդ պահին կարող է կառչել չհամաձայնեցված կետերից ու այդպես էլ ավելի լճացնել առանց այդ էլ «ճահճացման» եզրին կանգնած հարցը:

Ամեն դեպքում, Լավրովի խոսքերով, այդ առաջարկության առնչությամբ Ռուսաստանը վայելում է իր համանախագահող գործընկերների աջակցությունը: Լավրովը հույս է հայտնել, որ «իրատեսական այդ առաջարկությունը աջակցություն կստանա»: Ծայրահեղ դեպքում, Լավրովի խոսքերով, համանախագահները կշարունակեն իրենց աշխատանքը: Ռուսաստանի արտաքին գերատեսչության ղեկավարը իրենց իսկ առաջարկի ընդունումը, այսինքնՙ ներկա դրությամբ եղած համաձայնությունը 2-3 կետերի անհամաձայնությամբ ամրագրելը մեկնաբանել է որպես Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների` հակամարտությունը խաղաղ կարգավորելու նպատակադրության նշան, որին սպասում է միջազգային հանրությունը:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4