«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#154, 2010-08-27 | #155, 2010-08-28 | #156, 2010-08-31


ՍԵՆԱՏՈՐ ԲՈՔՍԵՐԻ ԹԵՐԱՑՈՒՄԸ

Ամերիկահայ համայնքը չի կարող ողջունելի համարել սենատոր Բարբարա Բոքսերի պահանջով ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի որոշումը Ադրբեջանում որպես դեսպանի Մեթյու Բրայզայի թեկնածության քվեարկության հետաձգումը, գրում է Հիլարի Քլինթոնի նախագահական ընտրարշավի նախկին ակտիվիստ եւ «Հայերը հօգուտ Օբամայի» ազգային ընկերակցության տնօրեն Ուիլյամ Բայրամյանը , որը Կոլումբիայի համալսարանի միջագային հարաբերությունների բաժինն է ավարտել եւ մասնագիտացել միջազգային անվտանգության քաղաքականության ոլորտում:

Խմբագրությունում էլ. փոստով ստացված հաղոդագրության մեջ նա հիշեցնում է դեռ ԵԱՀԿ Մինսկի խմբում որպես համանախագահ Բրայզայի ադրբեջանամետ դիրքորոշումները, նրա երկար լռությունը Ջուղայում գտնվող հայկական խաչքարերի եւ գերեզմանների քանդման առիթով, եւ այն, որ կնոջՙ Զեյնո Բարանի համագործակցությամբ նա չի կարողանում տարանջատել իր անձնական կյանքը պրոֆեսիոնալ կարիերայից: Նրա հարսանիքին ներկա է եղել Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը: «Այս բոլորն իմանալով, որեւէ ազնիվ սենատոր միանգամից վետո պիտի դներ Բրայզայի թեկնածությանը, բայց Բոքսերը նախընտրեց հետաձգել քվեարկությունըՙ հավանաբար հաշվի առնելով, որ ընտրությունների տարի է, եւ ինքն էլ աշնանը վերընտրվելու ենթակա է, ուստի ճիշտ չէր լինի հակառակվել իր կուսակցությանը հարող երկրի նախագահին», գրում է Բայրամյանըՙ համեմատելով նրա այդ քայլը նախագահ Օբամայի նախընտրական խոստումների հետ, որոնք նա հետագայում դրժեց:

«Ամերիկահայերը ձանձրացել են բառերից ու խոստումներից: Ընտրյալ պաշտոնատար անձինք շոշափելի գործողություններ պետք է կատարեն եւ ոչ թե խոստումներ շռայլեն», եզրակացնում է նա:

Հ. Ծ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4