«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#154, 2010-08-27 | #155, 2010-08-28 | #156, 2010-08-31


ՌՈՒՍԱՍՏԱՆԸ` ՀԱՅԱՍՏԱՆԻ, ԹՈՒՐՔԻԱՆ` ԱԴՐԲԵՋԱՆԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԵՐԱՇԽԱՎՈՐՆԵ՞Ր

ԿԻՄ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ, Ստեփանակերտ

Թեպետ ՀՀ արտաքին քաղաքական ոլորտում տեղի ունեցող զարգացումներին Արցախում սովորաբար զուսպ են վերաբերվում, այդուհանդերձ, Ղարաբաղն անտարբեր չէ դրանց նկատմամբ, հատկապես եթե դրանցում ուղղակի կամ անուղղակի առնչություն կա ԼՂՀ շահերին:

Նույն այս հիմամբ, մասնավորապես ռազմաբազայի տեղակայման վերաբերյալ ռուս-հայկական նորացված պայմանագրի առնչությամբ, փորձեցինք իմանալ ԼՂՀ Ազգային Ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Վահրամ Աթանեսյանի տեսակետը:

«Ռուս-վրացական պատերազմին հաջորդած օրերին զգուշորեն կանխատեսել էի, որ հնարավոր է, որ զարգացումները տանեն ռազմաքաղաքական ինչ-որ հավասարակշռության, որի համար հիմք կդառնա «ագրեսիվության լիմիտի» սպառումը Ռուսաստանի եւ Արեւմուտքի կողմից: Նկատի էր առնվում, որ Կոսովոյի ճանաչումը Միացյալ Նահանգների եւ ԵՄ առանցքային երկրների կողմից զուգակշռվել է Աբխազիայի եւ Հարավային Օսիայի ռուսաստանյան ճանաչմամբ: Եվ դրան, տրամաբանորեն, պետք է հաջորդի «լիցքաթափման» ժամանակաշրջանը»,- մեր զրույցի ժամանակ նշեց խորհրդարանականը:

Վահրամ Աթանեսյանը կարծում է, որ իր այդ կանխատեսումն արդարացավ մասնավորապես Մայնդորֆյան հռչակագրով, որով Ռուսաստանը Հայաստանի եւ Ադրբեջանի հանդեպ որդեգրեց «հավասար հեռավորության գործընկերների» քաղաքականություն: Մանավանդ որ Վրաստանի դեպքերից առաջ Բաքու էր այցելել ՌԴ նախագահ Մեդվեդեւը: Այդ այցի հիմնական թեման էր «հարաբերությունները ստրատեգիական համագործակցության մակարդակի հասցնելու» առաջնահերթությունը:

Պատգամավորի համոզմամբՙ անցած երկու տարիներին ռուս-ադրբեջանական հարաբերությունները վերելք են ապրել: Ինչ-որ տեղ Ադրբեջանը նույնիսկ «նահանջել» է Արեւմուտքի հետ հարաբերություններում: Հավանաբար դրա պատճառը Ռուսաստանից Ղարաբաղյան կարգավորման հարցում ունեցած ակնկալիքն էր: Իսկ այսօրվա իրավիճակի համար Ադրբեջանը որեւէ մեկին «պահանջներ ներկայացնելու» իրավունք չունի:

«Հայ-ռուսական արձանագրությունը պարզապես հայ-թուրքական սահմանների չբացման այլընտրանքն է: Իսկ Ադրբեջանը չի թաքցնում, որ դա տեղի է ունեցել իր «սկզբունքային դիրքորոշման շնորհիվ»: Այդ «սկզբունքայնությունը» բերել է նրան, որ Հարավային Կովկասում ուրվագծվում է «երաշխավորության» հիման վրա Ռուսաստանի եւ Թուրքիայի միջեւ դերաբաշխման հեռանկարը»,- ասում է Վահրամ Աթանեսյանը:

Ավելի պարզ, ըստ նրա, Ռուսաստանը ստանձնում է Հայաստանի, Թուրքիան` Ադրբեջանի անվտանգության երաշխավորի դերակատարություն: Իսկ դա ներկա իրավիճակի պահպանման ամենահնարավոր տարբերակն է: Անհավանական է, որ Թուրքիան ու Ռուսաստանը Կովկասում եւս մի պատերազմ են մղելու: Նույնքան անհավանական է, որ երաշխավորներից որեւէ մեկը զոհաբերելու է երաշխավորյալի շահերը: Ահա եւ ստացվում է, որ ստատուս քվոն փոխելու ցանկություն չկա:

Վահրամ Աթանեսյանը գտնում է, որ Բաքվում սպասում են, որ Մեդվեդեւը կժամանի եւ չի առարկի, որ Նախիջեւանում թուրքական ռազմաբազա տեղակայվի:

«Թվում է, սակայն, որ Մոսկվան աշխատում է այլ սցենարով: Խոսք կա, որ Ռուսաստանն Ադրբեջանին C-300 կայանքներ վաճառելու հարցում նախապայման ունի` որպեսզի դրանք գտնվեն ռուսաստանցի զինվորականների ենթակայության տակ: Ըստ էության, դա ռազմաբազա ունենալու նախապայման է: Եվ եթե ադրբեջանական ոչ իշխանամետ մամուլի տեղեկությունները թեկուզ եւ մասամբ համապատասխանում են իրականությանը, ապա Մեդվեդեւի այցը շատ հետաքրքրական զարգացումների նախանշան ունի: Բոլորովին էլ պատահական չէ, որ Ադրբեջանում բավական բարձր, նախագահի աշխատակազմի մակարդակով հայտարարվում է, թե իրենք մտադիր չեն անդամակցել ոչ ՆԱՏՕ-ին, ոչ ՀԱՊԿ-ին», եզրակացնում է խորհրդարանի անդամը:

Վ. Աթանեսյանը բացառում է Ադրբեջանի` ՆԱՏՕ-ին անդամակցությունը: Ինչ վերաբերում է ՀԱՊԿ-ին, ապա նրա կարծիքով` այստեղ Ադրբեջանն առեւտրի տեղ կարծես թե ունի, եւ թերեւս այդ համատեքստում էր ՌԴ արտգործնախարար Լավրովը խորհուրդ տալիս, որ «սանկտպետերբուրգյան գաղափարն ընդունվի»:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4